Հայաստանը մասնակցել է Փարիզի գրքի միջազգային 32-րդ սալոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 24, 2012 12:04

Հայաստանը ս.թ. մարտի 16-19-ը մասնակցել է Փարիզի գրքի միջազգային 32-րդ ամենամյա ցուցահանդես -տոնավաճառին: Մեր հանրապետությունը հեղինակավոր այդ տոնավաճառին մասնակցել է 4-րդ անգամ և Փարիզ էր մեկնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած ներկայացուցչական կազմով:  Հայկական տաղավարում, ինչպես և նախորդ տարի,   ներկայացվել է հայերեն և ֆրանսերեն բազմաբնույթ գրականություն` 400 անուն գիրք, ալբոմներ, կատալոգներ: Տոնավաճառի ընթացքում տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ, գրական քննարկումներ, կայքերի ու ֆիլմերի ցուցադրություններ: Հայաստանի տաղավար են այցելել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, «Նոր հառաջ» թերթի աշխատակազմը,  գրողներ, հրատարակիչներ, և իհարկե հայ համայնքի տարեց ու  երիտասարդ  ներկայացուցիչները:

Տոնավաճառի առաջին օրը` մարտի 16-ին, տեղի է ունեցել ֆրանսերեն «Արարատ» ալբոմի շնորհանդեսը: Այնուհետև հայկական տաղավար է այցելել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Հերման Լոմբարդին, ում հետ քննարկվել է մշակութային համատեղ ծրագրերի մի շարք գործնական հարցեր: Հայկական կողմը հյուրին նվիրել է արգենտինացի հանրահայտ գրողների գրքերի հայերեն թարգմանություններից` Կորտասարի և Բորխեսի ժողովածուները, Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ը:

Տոնավաճառի օրերին անցկացվել է թումանյանական երկու գրքի շնորհանդես. թարգմանիչ Վարուժան Սիրափյանը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի գործերի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ Ռիչարդ Գիդաչյանը` Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն թարգմանությունը:

Թարգմանչուհի Հասմիկ Ստեփանյանը տոնավաճառին ներկայացել է ֆրանսերեն 2 գրքի շնորհանդեսով`

 

•  “L’investement armenien dans l”empire Ottoman”

•  “la literature armenienne en langue turque ecrites en caractere armenienne ”

 

Անցկացվել է «Գրական տապանի ուղևորները» թեմայով քննարկում-խորհրդակցություն` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում նախորդ տարի անցկացված «Գրական տապան» ծրագրի հյուրերը` ֆրանսիացի գրող Սերժ Վենտուրինին, թարգմանչուհի Էլեոնորա Մուրադյանը, Կլաուդիո Պոցանին, գրող Սերժ Վան Դայնհովենը և Առլետ Վան Լաարը, Կլոդ Մութաֆյանը, Ռեյմոն Գևորգյանը, Ալեքսանդր Թոփչյանը, հրապարակախոս Լիլիթ Գրիգորյանը, հրատարակիչ Հրաչ Պետրոսյանը և այլք:

Տոնավաճառի օրերին ներկայացվել է Մուրադ Հասրաթյանի «Հայկական ճարտարապետության պատմություն» ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը,   տաղավարում տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրվել են «Երևանը` գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» և «Հայ գրատապության 500-ամյակ» ծրագրերի կայքերը, ներկայացվել է հայ գրատպության պատմության և ավանդույթների մասին տեսաֆիլմ:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply