Մարտի 23-ը օդերևութաբանության համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2012 11:02

Մարտի 23-ին Հայաստանում նշվում է օդերևութաբանի մասնագիտական տոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունում տոնի առթիվ տեղի ունեցան հանդիսավոր նիստ և ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևատրում։

Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ տարբեր ծառայությունների, ՀՀ մի շարք նախարարությունների, հասարակական կազմակերպությունների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, շնորհավորելով ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց, որ Հիդրոմետ ծառայության զարգացումն Արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա ուղղություններից մեկն է։ – Անցյալ տարի ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը բավական լուրջ առաջընթաց է գրանցել, սակայն այս ոլորտում անելիքներ դեռ շատ կան։ Այս տարի ևս կշարունակենք քայլեր ձեռնարկել` ուղղված Հիդրոմետ կայանների արդիականացմանը, տեխնիկական վերազինմանը և աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանը, – ավելացրեց ԱԻ նախարարը։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Լևոն Վարդանյանը ներկայացրեց իր ղեկավարած ծառայության 2011 թ. կատարած հիմնական աշխատանքները։ – 2011թ. ընթացքում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը մթնոլորտի, մակերևույթային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, ռադիացիոն մոնիտորինգի, օզոնային շերտի և ուլտրամանուշակագույն ճառագայթման ուսումնասիրությունների վերաբերյալ 47 օդերևութաբանական կայաններում և 7 հիդրոլոգիական կայանների 94 դիտակետերում: Միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 ժամը մեկ անգամ կատարվել են օդերևութաբանական դիտարկումներ բոլոր տարրերի նկատմամբ, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, – նշեց պարոն Վարդանյանը։
Սևանա լճի 4 դիտակետերում կատարվել են ջրի մակարդակի, ջերմաստիճանի և սառցային երևույթների դիտարկումներ: Ամիսը մեկ անգամ էքսպեդիցիոն կարգով լճի հայելու ֆիքսված կետերում կատարվել են ստանդարտ խորությունների վրա ջրի ջերմաստիճանի, ալիքի բարձրության ու ջրի թափանցելիության չափման աշխատանքներ: Յուրաքանչյուր ամիս կազմվել է Սևանա լճի ջրի հաշվեկշիռը: Սևանա լճի 4 դիտակետերում տեղադրվել են նոր հենանիշեր և դրանց բարձրունքային նիշերը կապակցվել են ՀՀ նոր գեոդեզական ցանցին: Հաշվի առնելով Արագած բարձր լեռնային դժվարամատչելի կայանի կարևորությունը և, որ այն միակն է Կովկասյան տարածաշրջանում, որն ընդգրկված է ՀՕԿ-ի Գլոբալ Կլիմայական Դիտարկումների համակարգում, կայանում տեղադրվել և շահագործման է հանձնվել ավտոմատ օդերևութաբանական կայան, ՀՕԿ-ի ֆինանսական օժանդակությամբ իրականացվել է կայանի շենքի հիմնանորոգումը, իսկ ԱԻ նախարարի աջակցությամբ, կայանին տրամադրվել է կենցաղային գույք և տեխնիկա, ինչպես նաև վերջին մոդելի ձյունագնաց:

-Ներկայումս օրվա հրամայականն է ծառայության համալիր և լայնածավալ վերազինումը և արդիականացումը, որը հնարավորություն կտա ապահովել որակյալ, հավաստի, մեծ վաղօրոքությամբ և բարձր արդարացվածությամբ հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն, – եզրափակեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավարը։

Օդերևութաբանի մասնագիտական տոնի առթիվ Արտակարգ իրավիճակների նախարարը Հիդրոմետ ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրեց «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով, ԱԻՆ պատվոգրերով և շնորհակալագրերով։

 

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply