Խաչատուր Սուքիասյանն ի սկզբանե գիտակցել է, որ իր թեկնածությունը չի գրանցվելու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 24, 2012 7:14

Երևանի թիվ 10 ընտրատարածքի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցման կամ չգրանցման մասին որոշում չի կայացրել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սուքիասյանի փաստաբան, լիազոր ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը:

«Երկուշաբթի մենք, հավանաբար, դիմում կգրենք հանձնաժողովին, որպեսզի արագացված կարգով որոշումն ընդունի», -փոխանցեց Զոհրաբյանը:

Խաչատուր Սուքիասյանը առաջադրման ժամանակ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բնակության վայրի տեղեկանք էր ներկայացրել թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը գրություն էր ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով անվավեր համարել նախկին տեղեկանքը, քանի որ Սուքիասյանը Հայաստանում չի ապրել 10 ամիս 20 օր: Նրա առաջադրման շուրջ վերջին զարգացումները, սակայն, ստիպեցին, որ այս ընտրատարածքում առաջադրվի նաև նրա եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը նախապես պատրաստել էր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կարելի է ասել, որ Խաչատուր Սուքիասյանն, ի սկզբանե, գիտակցել է, որ իր թեկնածությունը չի գրանցվելու: Ավելին, նրա շրջապատի մարդիկ ասում են, որ Խ. Սուքիասյանն անգամ զարմացել է, երբ սկզբում ոստիկանությունը տվել էր՝ վերջին 5 տարում մշտական բնակության մասին պահանջվող տեղեկանքը, քանզի նա շատ լավ գիտեր, որ իրականում 5 տարի մշտապես չի բնակվել:

Հետագայում ավելի էր զարմացել, երբ ոստիկանությունը հայտարարել էր, թե նա 10 ամիս 20 օր անընդմեջ չի բնակվել Հայաստանում: Իրականում Խ. Սուքիասյանը բազմիցս է մեկնել արտերկիր, սակայն դրանցից երկուսը եղել են երկարաժամկետ: Նախ՝ 2009 թվականի սեպտեմբերի 21-ին մեկնել է և վերադարձել միայն մեկ տարի անց՝ 2010 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ երկարաժամկետ հաջորդ մեկնումը եղել է 2010 թվականի նոյեմբերին: Մեկնել է նոյեմբերի 26-ին և վերադարձել 2011 թվականի հոկտեմբերի 16-ին:

Նշենք, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցման գործընթացը ԿԸՀ-ում և ԸԸՀ-ներում կշարունակվի մինչև ապրիլի 1-ը, 18:00-ն:

Panorama.am

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply