Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդները սերտորեն կհամագործակցեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 18:18

Մարտի 23-ին Հայաստանի հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը բարձր գնահատեց Հայաստանի հանրային խորհրդի հետ համագործակցելու հեռանկարները` նշելով, որ իրենք կաջակցեն Հայաստանին Եվրոպական ամենատարբեր կառույցներում ինտեգրվելու գործում, ինչպես նաև կնպաստեն Հայաստանի հետ առկա հարաբերությունների խորացմանը:

Երկուստեք կարևորվեց առավել սերտ կապերի հաստատումը հատկապես երկու երկրների հասարակությունների միջև: Շոշափվեցին Հայաստանի և Հունաստանի համար ընդհանուր սոցիալական, տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր: Ընդգծվեց հանրային խորհուրդների դերը` որպես երկրի իշխանությունների և հասարակության միջև երկխոսություն, ինչպես նաև հասարակական ներդաշնակության ապահովման կարևորագույն միջոց:

«Սա երկու խորհուրդների միջև համագործակցության առաջին քայլն է,-նշեց Վազգեն Մանուկյանը,-սակայն հետագայում կհստակեցվեն և համատեղ կմշակվեն համագործակցության հստակ ոլորտներն ու եղանակները»:

Նշենք, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին և բավականին մեծ հեղինակություն և ազդեցություն ունի թե´ իշխանությունների և թե´ հասարակության շրջանում: Կառույցի գործունեության ակտիվությունն ու արդյունավետությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն ամրագրված է երկրի սահմանադրության մեջ:

Հայաստանի Հանրային խորհուրդը, ուսումնասիրելով Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի գործունեությունն ու փորձը, խորհրդի պատվիրակությանը հրավիրել է Հայաստան` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply