Ամբողջ ճշմարտությունը Փարաջանովի դատվածությունների մասին. ՄԱՍ 2

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:35

123Անկախը շարունակում է հրապարակել Ուկրաինական «Սեվոդնյա» թերթում հրապարակված Փարաջանովի դատավարության ուսումնասիրությունը, որ արել է լրագրող Ալեքսանդր Կորչինսկին: Հոդվածի առաջին մասը նայել այստեղ :

Նախորդ հրապարակման մեջ մենք պատմեցինք, թե ինչպես անհայտ մի մարդու` ամենայն հավանականությամբ` իշխանությունների պատվերով թխված` ամբաստանությունը սկիզբ դրեց նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի բանտային թափառումներին:

Մեր լրագրողական հետաքննության առաջին մասում մենք հիշատակեցինք ճարտարապետ Միխայիլ Ս.-ի հարցաքննության մասին, որը խոստովանել էր սեփական արվամոլությունը, ու նրա ողբերգական ճակատագրի մասին: Ս.-ի հարցաքննությունից երկու օր անց նրան գտել էին լոգարանում մեռած: Պաշտոնական վարկածը` ինքնասպանություն իբր` ամոթից: Ահա թե ինչ է պարզել քննիչը:


Մահ լոգարանում. «1973 թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20-ին, լոգարանում հայտնաբերվել է քաղաքացի Ս.Մ.Ի.-ի դիակը, ԽՄԿԿ անդամ… Ս.-ի բնակարանում հայտնաբերվել են մահից առաջ գրված մի քանի թղթեր… Դրանց բովանդակությունից ու իմաստից երեւում է, որ Ս.-ն որոշել էր կյանքին ինքնասպանությամբ վերջ տալ… Դեկտեմբերի 14-ին Ս.-ին հարցաքննել էին որպես վկա Փարաջանովի դեմ մեղադրանքի քրեական գործով, որին ՈՒԽՍՀ դատախազությունը քրեական պատասխանատվության է ենթարկում արվամոլության համար: Հարցաքննության արձանագրությունից երեւում է, որ Ս.-ն նույնպես զբաղվել է արվամոլությամբ… Ս.-ի ինքնասպանության միակ շարժառիթ կարող էր լինել իր իսկ կողմից անբարոյական վարքագծի գիտակցումը, ինչպես նաեւ արվամոլության համար պատասխանատվությունից վախը… Որոշեց… Ս. Մ.Ի.-ի մահվան փաստի առիթով քրեական գործը կարճել»:

Խոստովանանք:

Իսկ Սերգեյ Փարաջանովին քննիչը բազմիցս հարցաքննել է: Հարցաքննություններից մեկը տեւել է երկու օր (1974 թվականի հունվարի 21-22-ը): Ու այն, ինչ խոսել է ռեժիսորը (համենայն դեպս՝ արձանագրությամբ ամրագրված ու նրա ստորագրությամբ հաստատված), նման է հոգու ճիչի:

«Ես հրաշալի հասկացել ու հասկանում եմ տղամարդկանց հետ կենակցելով սեռական կրքի բավարարման հասնելու իմ վարքագծի ողջ նողկալիությունն ու սխալը: Որքան կարողացել՝ պայքարել եմ այս անբնականոն ցանկության դեմ, ամուսնացել եմ… Սակայն ինձ գրգռող որոշ տղամարդկանց նկատմամբ այս ամոթալի կիրքը երբեմն ինձնից ուժեղ էր լինում, այդժամ ես չէի կարողանում ինձ զսպել… Ես կարծում եմ, որ այս արատը ծննդյանս պահից կա իմ գեների մեջ… Ես եղբայր չեմ ունեցել, մեծացել եմ ու դաստիարակվել եմ քույրերիս հետ՝ ակամա կիսելով նրանց խաղերն ու հետաքրքրությունները… 20 տարիս արդեն լրացել էր, երբ ճակատագիրն ինձ հանդիպեցրեց փորձառու, պրոֆեսիոնալ արվամոլ Միկավայի հետ: Նա բարձր պաշտոն էր զբաղեցնում, ինձնից մեծ էր, օգտվեց կոնսերվատորիայում ուսման տեղավորելու օգնության համար իմ երախտագիտության զգացումից ու շեղեց ինձ:

Նրա առաջարկությամբ ես մի քանի անգամ նրա հետ մտել եմ սեռական հարաբերությունների մեջ որպես ակտիվ կողմ: Ապա ես իմ մեջ ուժ գտա Միկավայի հետ հարաբերություններս խզելու, թողեցի կոնսերվատորիան եւ մեկնեցի Մոսկվա: Ընդունվեցի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ եւ մտածում էի, որ իմ արատն այլեւս երբեք չի արտահայտվի…

Ամուսնացա, ցանկանում էի երեխա ունենալ: Ընտանեկան երջանկությունս կարճ տեւեց, իմ թաթարուհի կնոջը թաթարները սպանեցին այն բանի համար, որ նա համարձակվել էր ամուսնանալ ոչ թաթարի հետ… Թբիլիսիում 1948 թ. ինձ ձերբակալեցին Միկավայի հետ կապի համար… Հետո՝ դատ ու ներում… Եկա Կիեւ աշխատելու, կենակցում էի կանանց հետ առանց որեւէ այլասեռման: Վերջապես ամուսնացա Սվետլանա Շչերբատյուկի հետ, սպասում էի սիրած որդուս ծննդին… Հետո բաժանվեցի Սվետլանայից, ավելի ճիշտ՝ նա ինձ թողեց… 1964 թ. Լվովում պատահական կապից հիվանդացա սիֆիլիսով: Հիվանդությունս չթաքցրի, այդ մասին հայտնեցի ստուդիայի տնօրենին: Բուժվեցի, վերջ տվեցի սեռական կյանքիս: Միայն այն ժամանակ, երբ բժիշկն ինձ պաշտոնապես թույլատրեց սեռական կյանքով ապրել, ես վերականգնեցի հարաբերություններս Մ.-ի հետ, մտերիմ էի նաեւ այլ կանանց հետ: Ու ինձ նորից սկսեց անհանգստացնել տղամարդկանց նկատմամբ ուժեղ հակումը:Parajanov

Իհարկե, ոչ բոլորի, այլ միայն որոշ տղամարդկանց նկատմամբ, ովքեր ինձ դուր էին գալիս եւ կիրք առաջացնում… Ես զսպում էի ինձ, սակայն այն դեպքերում, որոնք հայտնի են քննությանը, չէի կարողանում ինձ զսպել եւ հասնում էի սեռական հարաբերությունների: Տղամարդկանց հետ սեռական հարաբերություններն ինձ համար ավելի հաճելի էին, քան կանանց հետ կենակցումը: Եթե կանանց հետ հարաբերություններից ես կարող էի առանց ափսոսանքի ձեռնպահ մնալ, ապա տղամարդկանց նկատմամբ կրքի բռնկումներն ինձ բառացիորեն այրում էին:

Ես հասկանում էի, որ տղամարդկանց նկատմամբ հակումը կործանարար է, եւ ասում էի այդ մասին իմ ընկերներին: Շատերին ասում էի, որ արվամոլ եմ, սակայն ընկերներս չէին հավատում, վիրավորում էին ինձ, որ ես հիմարություններ դուրս չտամ: Մյուսները գիտեին, որ ես ճշմարտություն եմ ասում, ու լռում էին: Իմ իսկական ու ամենանվիրված ընկերոջը՝ Սուրեն Շահբազյանին, մի առիթով ասացի, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ, քանի որ չեմ կարողանում հաղթահարել տղամարդկանց նկատմամբ կիրքը… Վերջին շրջանում ես այլեւս անկարող էի ինձ զսպել տղամարդկանց նկատմամբ սեռական կիրքը բավարարելուց, այդ կիրքն ինձնից ուժեղ գտնվեց:

Այս հիվանդության պատճառով բժիշկների չեմ դիմել… Երբ 1948 թ. ձերբակալվեցի ու պատասխանատվության ենթարկվեցի Միկավայի գործի առնչությամբ, ես ազնվորեն ու անկեղծ խոստովանեցի Միկավայի հանցավոր գործունեությանն իմ մեղսակցության մասին: Նա այդ ժամանակ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի Վրաստանի ընկերության նախագահն էր, իսկ նախկինում աշխատել էր Վրաստանի պետանվտանգության մարմինների համակարգում… Իմ ու Միկավայի գործած արվամոլության մի քանի ակտերի նախաձեռնողը վերջինս էր, որը, ըստ էության, շեղեց ինձ… Ես մնացի կալանքի տակ 1948 թ. օգոստոսի 14-ից մինչեւ 1948-ի դեկտեմբեր…»:

Քննության ավարտը: 1974 թ. մարտի վերջին քննությունն արդեն ավարտին էր մոտենում, Փարաջանովին` որպես մեղադրյալի ենթարկեցին պատասխանատվության: Նրան մեղսագրում էին Վլադիմիր Կ.-ի, Իվան Պ.-ի, Ֆելիքս Դ.-ի հետ արվամոլության ակտեր, ինչն ընկնում էր ՈՒԽՍՀ ՔՕ 122 հոդվածի 1-ին մասի տակ: Բացի այդ, մեղսագրեցին նույն հոդվածի 2-րդ մասով Ալեքսանդր Վ.-ի հետ գործած արվամոլության ակտի համար, երբ վերջինս գտնվել էր անօգնական վիճակում (ուժեղ հարբած, կնշանակի՝ նրա նկատմամբ եղել է բռնության փաստ): Բացի այդ, իբր տարածել է պոռնոգրաֆիա, որն արտահայտվել է նրանում, որ ծանոթներին է ցույց տվել այդ կարգի լուսանկարներ, ինչով խախտել է ՔՕ 211 հոդվածը:

Միխայիլ Ս.-ի (նրա մահվան առնչությամբ), Ալեքսանդր Վ.-ի, Վալենտին Պ.-ի եւ Ֆելիքս Դ.-ի առնչությամբ քննիչ Մակաշովը գործը կարճեց: Ի վերջո դատվեցին միայն երեքը՝ Սերգեյ Փարաջանովն ու Վլադիմիր Կ-ն՝ երկու հոդվածներով (արվամոլություն ու պոռնոգրաֆիա, ընդ որում՝ Փարաջանովը 122 հոդվածի երկու մասերով), Իվան Պ.-ն՝ միայն 122 հոդվածի 1-ին մասով: Ապրիլի 9-ին ՈՒԽՍՀ դատախազ Ֆեոդոր Գլուխը հաստատեց մեղադրական եզրակացությունը եւ ուղարկեց Կիեւի մարզային դատարան: Առաջին դատական նիստը (փակ) նշանակված էր ապրիլի 23-ին՝ առավոտյան ժամը 11-ին՝ դատավոր Միշչենկոյի նախագահությամբ: Փարաջանովի հարազատները խնդրել էին դատը հետաձգել գոնե մինչեւ մայիսի 10-ը, որ կարողանային մոսկվացի փաստաբանների գործին ներգրավել, սակայն նրանց մերժեցին:

«Դատախազը դաժան էր, բայց արդարամիտ»

Դատն արագ ընթացավ, ընդամենը երկու նիստ՝ 1974 թ. ապրիլի 23-ին ու 24-ին: Իր վերջին խոսքում ամբաստանյալ Փարաջանովն ասաց. «Ես իմ հոմոսեքսուալությունը չեմ թաքցրել ու չեմ թաքցնում, սա իմ հիվանդությունն է, ես հիվանդ եմ մանկության տարիներից… Ես չեմ կարող շնորհակալ լինել դատախազին, նա դաժան էր: Դաժան, բայց արդարամիտ եւ օրենքի տառից բացարձակ չշեղվեց: Ես ներողություն եմ խնդրում պահակախմբից՝ այս հրաշալի տղաներից, որոնք լսեցին այս ամբողջ կեղտը: Խնդրում եմ դատարանին արդար դատավճիռ կայացնել»:

Այդ դատավճիռը հնչեց հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին: Դա ճիշտ այն էր, ինչ խնդրել էր դատախազը՝ մեկ տարի՝ 122 հոդվածի 1-ին մասով, մեկ տարի՝ 211 հոդվածով, 5 տարի՝ 122 հոդվածի 2-րդ մասով: Վերջնարդյունքում՝ Փարաջանովի համար հինգ տարի խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութ: Կ.-ն ու Պ-ն ստացան մեկական տարի պայմանական՝ 3 տարի փորձնական շրջանով: Բողոքարկումը Փարաջանովին չօգնեց, ԽՍՀՄ Գերագույն դատարանը դատավճիռն անփոփոխ թողեց: Սկսվեցին նշանավոր ռեժիսորի կյանքի ամենաահավոր տարիները….
Յուրի Իլյենկո. «Նրա մոտ սկսեցին հավաքվել միասեռականներ ու ԿԲԳ գործակալներ…»

Ծնվել է 1936 թ. մայիսի 9-ին՝ ինժեների ու բուժաշխատողի ընտանիքում: 1960-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: Ստեղծագործության (որպես ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ) հիմնական հանգրվանները՝ «Մոռացված նախնիների ստվերները» (ֆիլմն արժանացել է 165 միջազգային պարգեւների), «Սեւ նշանով ճերմակ թռչունը» (արժանացել է Մոսկվայի կինոփառատոնի ոսկե մրցանակի), «Լեգենդ իշխանուհի Օլգայի մասին» (ֆիլմը դիտել է 70 մլն մարդ), «Աղոթք հետման Մազեպայի համար» (ցուցադրություն Բեռլինի կինոփառատոնում Արտամրցութային անվանակարգի գլխավոր ծրագրում):

Ակադեմիկոս, պրոֆեսոր, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: 15 տարի դասավանդել է Կարպենկո-Կարիի անվան ինստիտուտի (որն ինքն էլ ստեղծել է) կինոռեժիսուրայի ու կինոդրամատուրգիայի ամբիոնում: Այսօր թոշակառու է, 2-րդ կարգի չեռնոբիլցի: Հրատարակության է պատրաստում «Զեկուցագիր Պետրոս առաքյալին» եռահատորը՝ կինոյի մասին ու ոչ միայն…

Ռեժիսոր Յուրի Իլենկոն «Աղոթք» ֆիլմի նկարահանման ժամանակ:

– Հիշո՞ւմ եք Փարաջանովի դատավարության մանրամասները, որում հանդես եք եկել որպես վկա:
– Հիշում եմ, վերեւում՝ վերնասրահի նման մի տեղում, նստած էր երկու մարդ, որոնց ներկայացրին որպես լրագրողի: Կռահում եմ, թե նրանք ո՛ր «գրասենյակից» էին գործում… Չգիտեմ, թե որքանն է ընդգրկվել արձանագրությունների մեջ, բայց ես խոսեցի 40 րոպե, բնականաբար՝ հօգուտ Փարաջանովի: Իմ խոսքի իմաստն այն էր, որ իշխանությունն ըստ էության իրավունք չունի Փարաջանովին դատելու, քանի որ նրա վաստակն արվեստում անչափ մեծ է:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ց սկսվեցին Փարաջանովի անախորժությունները:
– Դժբախտություն տեղի ունեցավ. ինքնասպան եղավ ճարտարապետ Միշա Ս.-ն: Ընդ որում, իբր մահվանից առաջ ինչ-որ նամակ էր գրել, որում հիշատակվում էր Փարաջանովը, սակայն դա ոչ ոք չի տեսել, անհետացել է խորհրդավոր հանգամանքներում: Մնացել են միայն ասեկոսեներ, որոնք չեմ ցանկանում մեկնաբանել: Այդ Միշան այն իսպանացի երեխաներից էր, որոնց Իսպանիայում հեղափոխության պարտությունից հետո տեղափոխել էին ԽՍՀՄ: Մեկը մանկատուն էր ընկել, մյուսին որդեգրել էին: Միշայի բախտը բերել էր, նա ընկավ ուկրաինացի բարձրաստիճան ֆունկցիոներ Ս.-ի ընտանիքը, որտեղ էլ մեծացավ: Ու երբ ինքնասպան եղավ, մոլեգնած հայրը համարեց, որ ամեն ինչում մեղավորը Փարաջանովն է ու այս մտադրությամբ ընդունելության գնաց իբր հենց Վլադիմիր

Շչերբիցկու մոտ: Ուկրաինայի կոմկուսի հզոր ղեկավարն արդարացի համարեց նրա զայրույթը ու իբր ուղղակի հրաման արձակեց. ինչ գնով էլ լինի գտնել Փարաջանովին վարկաբեկող նյութեր, ձերբակալել անառակին ու մեկընդմիշտ փակել այդ թեման: (Այս վարկածն այնքան էլ չի համապատասխանում քրեական գործի ամսաթվերին: Գործն արդեն հարուցված էր, իսկ Միխայիլ Ս.-ն դեռ ողջ էր, նույնիսկ հարցաքննվել էր, ու հետո միայն ինքնասպան եղել.- հեղ.):

Սակայն այդ ընթացքում ես արդեն Սերգեյի հետ չէի շփվում, մենք շատ ավելի վաղ էինք մեր կապերը խզել: Պատճառն այն է, որ Հաղթանակի հրապարակի նրա բնակարանում սկսեց հավաքվել ոչ այն ընկերախումբը, ինչ առաջ: Արվեստի մարդկանց փոխարեն՝ միայն արվամոլներ ու ԿԳԲ գործակալներ: Իսկ ես չեմ սիրել ու չեմ սիրում ոչ առաջիններին, ոչ երկրորդներին:

– Դատից հետո հանդիպե՞լ եք Փարաջանովի հետ:
– Զոնայից դուրս գալուց հետո Սերգեյը մի քանի անգամ անլեգալ (պաշտոնապես դա նրան արգելվում էր) եկավ Կիեւ: Մենք հանդիպեցինք ու հենց այդ ժամանակ էլ նա ինձ թելադրեց ձայնագրիչի վրա իր բանտարկյալների մասին պատմվածքները: Ու ասաց. «Ես դրանք քեզ եմ նվիրում»: Ես օգտագործեցի 12 սյուժե (դրանք ավելի շատ էին), մեկում ներկայացրի եւ Փարաջանովի ազգանունը գրեցի որպես սցենարի համահեղինակի: Այսպես ստեղծվեց «Կարապի լիճ: Զոնա» ֆիլմը, որը, ինչպես գիտեք, Կաննի փառատոնում արժանացավ երկու մրցանակի:

Մոտս եղած որոշ ձայներիզներ ես երբեք չեմ հրապարակի, որովհետեւ դրանց բովանդակությունը պարզապես սարսափելի է: Այնտեղ՝ զոնայում նրա կյանքի մասին… Մարդուն «իջեցնելու» համակարգի մասին, որը նրան բարոյապես լրիվ ոչնչացնում է…

– Իսկ նրա՞ն էլ էին այնտեղ «իջեցնում»:
– Սերգեյը ոչ միայն ինքն է այդ ամենի միջով անցել, այլեւ եղել է կատարող, նրան ստիպել են: Փարաջանովին մի քանի անգամ տեղափոխել են մի զոնայից մյուսը: Նա պատմում էր, որ դա ամենասարսափելին էր, երբ գիշերը պահակները ոտքիցդ քաշում են թե՝ վե՛ր կաց, քեզ տեղափոխում են… Իսկ նոր զոնայում՝ նորից «իջեցնելու» պրոցեդուրան, նորից բոլոր տառապանքներն ու նվաստացումները… Այդ զոնաները շատ էին, թե ստույգ որքան՝ չեմ ասի, սակայն երբ ես նկարահանում էի «Կարապի լիճ: Զոնա» ֆիլմը, շրջել եմ 42 զոնայով: Ու շատերում եղել են Սերգեյ Փարաջանովի մնալու հետքերը:

Զոնայում մի անգամ նա սրտի նոպա է ունենում: Ընկնում է հիվանդանոց, ու այնտեղ նրան ճանաչում է մի բժիշկ, որը տեսել էր «Ստվերները…», հիացած էր ֆիլմով: Ու այդ բժիշկն ասում է. «Սերգեյ Իոսիֆովիչ, երբեք չհամաձայնեք զոնայում ոչ մի ներարկման: Քանի որ հրաման կա ձեզ ներարկել գիպսի լուծույթ: Իսկ դա թրոմբ է ու սրտի կանգ…»: Սերգեյը դա մտապահեց ու իր ներարկումները, նույնիսկ զոնայից դուրս գալուց հետո, միշտ ինքն էր անում: Նա դիաբետ ուներ, նրան ինսուլին էր անհրաժեշտ, ու ես տեսել եմ, թե նա ինչպես էր հենց վերնաշապիկի վրայից որովայնից ծակում… Նրա խոսքով՝ սա բանտարկյալների եղանակն էր. համարվում է, որ եթե վերնաշապիկի վրայով ես ծակում, այն դառնում է ինֆեկցիայի դեմ մի ֆիլտր: Սպիրտով տրորելու փոխարեն…

Երբ Լուի Արագոնն ու արվեստի այլ գործիչներ դիմեցին խորհրդային ղեկավարությանը՝ Փարաջանովին ազատ արձակելու խնդրանքով, Բրեժնեւը նրանց կարծիքին անսաց ու այդ հրամանը տվեց: Բայց … Սերգեյին չկարողացան գտնել զոնայում. պարզվեց, որ նա առանց համարի բանտարկյալ էր: Ոչնչացրել էին զոնաներում գտնվելու մասին նրա բոլոր փաստաթղթերը, քանի որ մի գաղտնի հրաման կար. նա երբեք չպետք է ազատություն դուրս գար…

– Ակնհայտ է, որ Փարաջանովին նստեցրել էին ինչ-որ մեկի «բարձր» հրամանով: Արդյո՞ք պատճառը միայն Միխայիլ Ս.-ի հետ պատմության մեջ է:
– Նրան հասարակությունից մեկուսացնելու փորձեր եղել են շատ ավելի վաղ: Եղել է այսպես կոչված «Ձյուբայի նամակը» ստորագրելու հետ կապված մի դրվագ: Պետք է ասել, որ Ուկրաինայում այն ժամանակվա այլախոհության մասին առասպելները այն նույն առասպելներն են, ինչ եւ մյուս առասպելները… Ճշմարտությունն այն էր, որ Ձյուբան ԽՄԿԿ Կենտկոմ նամակ էր գրել եւ փնտրում-գտնում էր նրանց, ովքեր կստորագրեին այն:

Ի՞նչ էր նշանակում ստորագրելը: Նշանակում էր, որ քեզ կզրկեն աշխատանքից, վերահսկողության տակ կպահեն եւ, ընդհանրապես, կդատեն: Ի՞նչ է, Ձյուբան դա չէ՞ր հասկանում: Այդ դեպքում նա հիմար կլիներ, սակայն դա այդպես չէ… Մի խոսքով: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Ձյուբան եկել Փարաջանովի մոտ` նամակն ստորագրելու առաջարկությամբ: Սերգեյն այն ստորագրեց: Ըստ էության, հենց սա էլ, իշխանությունների համար այսպես կոչված, առաջին «նավոդկան» էր Փարաջանովի վրա: Ի դեպ, երբ Սերգեյը ստորագրում էր այդ նամակը, ու ես գրիչը ձեռքիս պարզեցի, որ այն ստորագրեմ, Փարաջանովը ձեռքս բռնեց ու բղավեց Ձյուբայի վրա. «Միայն թե Յուրային մի՛ խառնիր այս գործին»:

Բայց կար նաեւ մեկ այլ ֆանտաստիկ շարժառիթ, թե ինչու Սերգեյը գնաց զոնա: Բանն այն է, որ Փարաջանովը սկզբում նկարահանել էր 4 թե 5 վատ ֆիլմեր: Ու հանկարծ՝ «Ստվերները…», որը պարզապես ցնցեց համաշխարհային կինոն: Սերգեյի առջեւ կանգնած էր լուրջ խնդիր՝ հաջորդ ֆիլմի ստեղծումը:

Իր աներեւակայելի հավակնություններով հանդերձ ու, բացի այդ, իսկական հանճարեղությամբ վավերացված՝ նա պետք է նկարահաներ «Ստվերներից…» շատ ավելի ուժեղ ֆիլմ: Սակայն այդ իրավիճակում Սերգեյը դա չէր կարող: Ինչե՜ր ասես որ չէր փորձում, բայց ոչ մի նման բան չէր ստացվում: Ու նա սկսեց ամեն ինչ անել, որպեսզի իրեն… նստեցնեն: Նա Տարկովսկուն էլ է ասել. «Անդրեյ, հանճարեղ ռուս ռեժիսոր դառնալու համար դու պետք է երկու-երեք տարի բանտում նստես»: Փարաջանովը գիտակցաբար գնում էր այն բանին, որ իր ձերբակալության ու բանտում նստելու փաստով անասելի բարձունքի հասցներ իր առասպելը, իր հեղինակությունը:

– Դուք համաձա՞յն եք, որ Սերգեյը հանճար է:
– Փարաջանովի մասին բազմաթիվ առասպելներ են հյուսվել, ընդ որում՝ ոչ առանց նրա օգնության, քանի որ ինքը՝ Սերգեյ Իոսիֆովիչը, մեծ առասպելաստեղծ էր: Ես այսօր չեմ ցանկանում մասնակցել այդ առասպելաստեղծմանը, ասեմ միայն, որ Փարաջանովն շատ ավելի ողբերգական, շատ ավելի հակասական, շատ ավելի հանճարեղ անհատականություն էր, քան հաճախ թվում է… Սակայն սրանք Սերգեյի մասին իմ կարծիքն է: Իսկ ես նրան շատ ավելի մոտիկից էի ճանաչում, քան այսօրվա առասպելներ ստեղծողներից շատերը…

Ալեքսանդր Կոչինսկի

Առաջին մասը  http://ankakh.com/?p=17019

Դիտվել է 4078 անգամ:
Print Friendly

Leave a Reply