Թող իրենց ցուցակի դարդը լացեն. Գալուստ Սահակյանը պատասխանում է Վահան Հովհաննիսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2012 17:00

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայտարարության, թե իր լացը գալիս է ՀՀԿ ցուցակի վրա, ասաց, որ ավելի լավ է իրենց ցուցակի դարդը լացեն և որ ՀՀԿ շատ լավ ցուցակ ունի։

«Մենք շատ լավ ցուցակ ունենք, և էնպես չի, որ որևէ ցուցակում սրբեր են նստած»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

«Այո՛, մեր ցուցակում մարդիկ են նստած և կարող են տարբեր վերաբերմունք ունենալ մարդկանց կողմից, բայց բոլոր ցուցակներում էլ մարդիկ են, և ոչ մի ցուցկաում էլ հրեշտակ չկա»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև ՀՀԿ նախընտրական կարգախոսի «հավատալ» բառին, և ասաց, որ առաջիկա քարոզարշավին իրենք կտան պարզաբանումներ, որ այլևս այդ բառն այլ իմաստներով չմեկնաբանեն։

«Երբ ասում ենք` հավատալ, չենք ասում` հավատացեք որևէ անձի կամ իշխանությանը, մենք ընդհանրապես ասում ենք` այն գործը, որի հիմքում ընկած է հավատը արդյունքները ավելին են լինում: Եվ կարող ենք դա ապացուցել ամենփոքրիկ և ամենամեծ օրինակներով. եթե մարդիկ չհավատան, չեն ամուսնանա, երեխա չեն ունենա»,– ասաց նա։

«Եթե մարդիկ չհավատան, իրենց երեխայի ճակատագրի մասին չեն մտածի: Այսինքն` յուրաքանչյուր մարդու գործողության տակ հավատն է: Եթե ազգովի չհավատայինք, ապա այսօր պատմական արդարությունը Ղարաբաղի խնդրում վերականգված չէր լինի»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահը լրագրողներին պարզաբանումներ տվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջադրվելու կապակցությամբ, ով քանիցս ասել էր, թե չի պատրաստվում կրկին Ազգային ժողովի պատգամավոր դառնալ:

«Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի կարծիքը մի քանի անգամ փոփոխելուն, ապա ասեմ, որ մեր ցանկացած գործիչ բավականին լուրջ է քննարկում իր հետագա պատգամավորական գործունեությունը: Ես այսօր էլ կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանն ավելի մեծ շահագրգռվածություն ունի, և դա բնական եմ համարում, մեր պետության համար անհրաժեշտ ֆուտբոլի զարգացման հարցերում»,– ասաց Գալուստ Սահակյանը և լրագրողներին հորդորեց այս հարցի վերաբերյալ սենսացիաներ չփնտրել:

Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցին չներկայացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

Tert.am

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply