Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 23, 2012 16:49Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին: Շնորհավորելով դիվանագիտական պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և մատնանշելով հայ–եթովպիական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ:
«Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջև։ Պատրաստ ենք աջակցել մշակութային և գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջև, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր նախաձեռնությունները» ,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Կասահուն Դենդեր Մելեսը` ընդգծելով դեռևս 17-րդ դարից ձևավորված հայ-եթովպիական կրոնական ու մշակութային սերտ կապերը, հույս է հայտնել, որ հայ-եթովպիական հարաբերությունները կզարգանան այլ ուղղություններով ևս, հատկապես հաշվի առնելով առկա գործնական կապերը: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում են Հայաստանում կազմակերպել եթովպիական մշակույթի օրեր և ուրախ կլինի այդ համատեքստում քննարկել քույր քաղաքների ձևավորման և համագործակցության հեռանկարը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է փաստաթղթային ձևակերպում տալ հարաբերություններին և համագործակցության եզրեր գտնել նաև երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև` կարևորելով համատեղ փորձի փոխանակումը :
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն