Ջրաշենում կնոջն ամենեւին էլ որդու պարտքերի պատճառով չեն սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 16:43

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում, մարտի 21-ին, դաժանորեն սպանված Չինար Ուդոյանինն ամենեւին էլ որդու պարտքերի պատճառով չեն դաժանորեն սպանել, այլ ավազակային հարձակման նպատակով: Իսկ դիակի վրա թողած գրությունը, թե` «Էս քո տղու համար, ինքը տարավ մեր փողերը, ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա» մարդասպանի կողմից արվել է գործի ընթացքը շեղելու համար: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության Արտաշատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ում գլխավորությամբ 1 օրում օպերատիվ կերպով բացահայտվեց սպանությունը: Վերջինս NEWS.am-ի թղթակցին փոխանցեց, որ սպանություն կատարած անձը կալանավորված է: Նա նույն գյուղի բնակիչ 23-ամյա Գեւորգ Անդրանիկի Սարգսյանն է: Ավելին` վերջինս ապրում է սպանված կնոջ հարեւանությամբ:

«Նա այդ գրությունը տանն էր նախապատրաստել, քանի որ տեղյակ էր, որ սպանվածի որդու հետ կապված ոստիկանությունում գումարային խնդիրների շուրջ գործ է քննվում, հետեւաբար այդ գրությունը դրել էր, որպեսզի քննության ուղղությունը շեղեր, ինչը նշանակում է, որ սպանության պատճառը ամենեւին էլ պարտքերը չեն եղել: Շահադիտական նպատակներով մասնավորապես ավազակային հարձակման նպատակով է մտել նրանց տուն»,-նշեց Ա. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սպանված կնոջ գողացված հեռախոսը հայտնաբերվել է Գեւորգ Սարգսյանի մոտ: Ներկա պահին աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե էլ ինչ է տարել այնտեղից: Ըստ ձերբակալվածի խոստովանության, սպանության ժամանակ կինը ճանաչել է Գեւորգին եւ խնդրել, որ այդ բանը չանի, սակայն Գեւորգը դանակահարելուց հետո, վստահ լինելու համար նաեւ դանակով կտրել է նրա վիզը:

Ավելի վաղ NEWS.am-ին հաջողվել էր պարզել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մարտի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում հայտնաբերված կնոջ դիակը` Չինար Ուդոյանինն է. վերջինս ազգությամբ եզդի է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել էր Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը, հավելելով, որ դիակի վրա եղել է գրություն, որտեղ ասվում է, որ դա վրեժխնդրություն է:

Գյուղապետը, նշել էր, որ մանրամասների չի տիրապետում, քանի որ ոստիկանները դեռ աշխատում են, սակայն պատմեց, որ սպանվածն ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի, որոնք ապրում են Ռուսաստանի դաշնությունում եւ Գերմանիայում: Նա Ջրաշենում ապրել է իր ամուսնու հետ, որտեղ զբաղվել են անասնապահությամբ: Գյուղապետի խոսքով, նրա ամուսինը կրթված մարդ է եւ եզդի համայնքի անդամ ու պարբերաբար գալիս է Երեւան աշխատանքի: Գյուղապետի փոխանցմամբ, նրանք անապահով ընտանիք չեն եղել եւ նրանց ունեցած պարտքերի մասին էլ գյուղում տեղեկություններ չեն եղել:

Իսկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի սպանության` 104 հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (սպանություն առանձնակի դաժանությամբ):

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply