Րաֆֆի՞, թե՞ Նիկոլ` սա է միակ խնդիրը…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2012 16:10

Թիվ 7 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրելու պահին Րաֆֆի Հովհաննիսյանը չի իմացել, որ այդ ընտրատարածքում կլինի ընդդիմադիր այլ թեկնածու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ պարզաբանեց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ժառանգություն” կուսակցության առաջնորդը նշեց. Որ ինքն անձամբ, անցյալ կիրակի, երբ “ժառանգությունը” որոշեց իր մեծամասնական և համամասնական թեկնածուներին, սպասում էր մինչև վերջին օրը, հասկանալու համար, թե որ ընտրատարածքն է, որը պետք է մնա անայլընտրանք, որպեսզի ինքն այդտեղ առաջադրվի:
“Որովհետև մեր կյանքում և մեր երկրում ամեն ինչը պետք է ունենա իր այլընտրանքը: Ես ինձ վրա վերցրեցի այդ այլընտրանքի պարտականությունը` չիմանալով, թե էլ ով է լինելու այդ ընտրատարածքում, Արմենուհու տատիկի և պապիկի թաղում` Մալաթիայում: Ներկա դրությամբ, կարծում եմ, որ ժամը հնչել է, որ նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր կուսակցություններ, դաշինք, ինքնառաջադրված թեկնածուներ, նստեն մեկ սեղանի շուրջ, քանի ուշ չէ, ողջամիտ, շրջահայաց եղանակով այնպիսի համալիր մեթոդաբանությամբ առաջ գնանք, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա ընդդիմադիր մեկ միասնական թեկնածու: Եվ սա պետք է լինի հետևողական, համապարփակ և կոշտ քննադատական քննարկման միջոցով: Եթե մենք թույլ տանք, որ դեռ ոչինչ չմեկնարկած, այսօր արդեն վերադառնալ անցյալ տարվա մարտի հրապարակային մենամարտերի, հռետորաբանության, ինքնահավան հատվածապաշտության, որի միջոցով բաժան-բաժան է լինում ժողովուրդը, ուրեմն շատ վատ օրեր են սպասում մեզ բոլորիս”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը հավատում է, որ մայիսի 7-ին բոլորս, այսպես թե այնպես, զարթնելու ենք որակապես նոր Հայաստանում:
Հանուն իր առաջարկի` յուրաքանչյուր ընտրատարածքում պաշտպանել ընդդիմադիր մեկ միասնական թեկնածուի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է թիվ 7 ընտրատարածքում հրաժարվել հետագա պայքարից` հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Իսկ թե ինչո՞ւ կուսակցությունը չի առաջադրել իրեն, այլ “Ժառանգության” առաջնորդը ինքնառաջադրվել է հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց` “Ես ինքնառաջադրվեցի, որովհետև, ինչպես դուք գիտեք, զուտ կազմակերպչական պատճառով, այն է, որ մարտի 2-ի մեր համագումարը պատվիրակեց խորհրդին, որ խորհուրդը որոշի ընտրությունների հետ կապված մեր բոլոր կուսակցական հարցերը: Խորհուրդն իր լիագումար նիստը գումարեց անցյալ կիրակի, իսկ իմ որոշումն էր, որպես քաղաքացի` սպասել մինչև վերջին օրը, տեսնել, թե որտեղ չկա այլընտրանք և այնտեղ ներկայանալ: Այլևս իրատեսական չէր խորհրդի նոր նիստի գումարումը և մնաց միայն ինքառաջադրման տարբերակը”:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply