Ա.Հովսեփյան. «Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2012 15:44

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով ազատ և արդարացի ընտրություններին առնչվող հարցերի շուրջ: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:
Համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին: Համաժողովում բացման խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանը, Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
«Ընտրությունների օրինականության ապահովման գործում իր առանցքային դերն ունի իրավապահ համակարգը՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի օրենսդրական երաշխիքների կիրառմամբ, ընտրախախտումների բացահայտմամբ եւ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելով: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության գրավականը նախեւառաջ կանխարգելիչ միջոցառումներն են եւ այս կոնֆերանսը կարեւորում ենք հենց այդ համատեքստում, որը կոչված է տեղեկացնելու հանրությանը ընտրախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և պատժամիջոցների մասին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նրա ներկայացմամբ՝ իրավապահ մարմինների խնդիրն է նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում` հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում: «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը, պատշաճ քննության առարկա կդառնա»: Արձանագրելով, որ նախորդ տարիներին ձեւավորվել է դրական փորձ՝ ընտրախախտումերի վերաբերյալ հաղորդումների օպերատիվ արձագանքման՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ, այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով ընտրախախտումների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ պարունակող մամուլի հրապարակումները:
Իր խոսքում դեսպան Հեֆերնը կոչ արեց հետաքննել ընտրախախտումների բոլոր դեպքերը. «Մենք ողջունում ենք իշխանությունների հայտարարություններն ազատ, արդարացի և արժանահավատ ընտրությունների կարևորության վերաբերյալ և նրանց խոստումները ընտրախախտումները հետաքննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ: Կարևորն իրականացումն է և այստեղ իրավապահ մարմինները շատ կարևոր դերակատարում ունեն»:
Դեսպան Հեֆերնը նաև շեշտադրեց ընտրությունների դիտարկման հարցերում քաղաքացիական հասարակության ջանքերի կարևորությունը և կոչ արեց տեղական կազմակերպություններին աշխատել միասին` ապահովելու իշխանությունների հաշվետվողականությունը:
Համաժողովի ընթացքում նաև անցկացվեցին քննարկումներ իրավապահ կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Առաջին քննարկումը վարում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆսթրան և անդրադարձ կատարվեց ընտրախախտումներին առնչվող հարցերում պետական կառույցների ունեցած դերակատարմանն ու պարտավորություններին: Երկրորդ քննարկումը վարում էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ներկայացուցիչը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ իրավապահ կառույցներից, քաղաքացիական հասարակությունից, լրատվամիջոցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Երկու քննարկումներն էլ ավարտվեցին հարց ու պատասխանով:
Դեսպանը նաև նշեց, որ դեսպանատունը աջակցում է այս համաժողովի անցկացմանը, քանի որ այս միջոցառումն իրազեկում է հասարակությանը իրավապահ մարմինների պարտավորությունների մասին ըստ նոր ընտրական օրենսգրքի և քանի որ սա բաց և թափանցիկ երկխոսության հնարավորություն էր քաղաքացիական հասարակության ու իրավապահ կառույցների ներկայացուցիչների համար: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ոչ միայն պատշաճ գրանցումն ու քննարկումը, այլ նաեւ այդ գործընթացի հրապարակայնությունը եւ վստահեցրեց, որ հանրությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ ոչ միայն ահազանգերի բովանդակության, այլ նաեւ դրանք ստուգելու ընթացքի, արդյունքների եւ տրված իրավական գնահատականի մասին:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply