Վարչապետը կարևորեց Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդների համագործակցությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 23, 2012 16:33

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանի հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով գտնվում են Հայաստանում` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Տիգրան Սարգսյանը կարևորեց Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը. «Հանրային խորհուրդը մեր իրականության մեջ նոր ինտիտուտ է և առաջին քայլերն է անում,-ասաց նա,-տեսնում ենք,  որ այն հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է կարևոր դեր ունենալ»:

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ պետություն, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:

Ներկայացնելով իր ղեկավարած կառույցի գործունեությունը` Պոլիզողոպուլոսը կարևորեց երկրի տնտեսական և հասարակական կյանքում դրա ունեցած դերակատարությունը: Նա խոսեց նաև համաշխարհային ճգնաժամի հետևանքով Հունաստանի տնտեսության կրած վնասների և դրա հետևանքների մասին` ընդգծելով, որ տնտեսական և սոցիալական խորհուրդն ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության մթնոլորտ ստեղծի երկրում:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության համաձայնագիր, ինչը նոր խթան կհանդիսանա հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում:

Մանուկյանը ներկայացրեց Հունաստանում տնտեսական և սոցիալական խորհրդի ունեցած մեծ հեղինակությունն ու ազդեցությունը թե´ իշխանությունների և թե´ հասարակության շրջանում` ընդգծելով, որ կառույցի գործունեությունն ամրագրված է Սահմանադրության մեջ:

«Շատ հեշտ է հասարակության շրջանում սեր և հեղինակություն վայելել` շարունակ քննադատելով և փնովելով իշխանություններին,-ասաց Մանուկյանը,-միաժամանակ շատ հեշտ է դառնալ իշխանությունների մտերիմը` ծառայելով միայն նրանց շահերին և ասելով այն, ինչ իրենք են ուզում լսել: Սակայն ամենադժվարը երկու կողմերի միջև երկխոսության ապահովումն է, որպեսզի թե´ հասարակությունը և´ թե իշխանությունները տեսնեն, որ խորհուրդը պաշտպանում է բոլորի շահերը»:

Այս առումով Մանուկյանը կարևորեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի հետ փորձի փոխանակման հնարավորությունները, քանի որ հունական կողմին հաջողվել է ստեղծել այդ երկխոսությունը: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ Հայաստանում ձևավորվելիք նոր խորհրդարանում կընդունվի Հայաստանի հանրային խորհրդի մասին օրենք, որով ավելի հստակ ու իրատեսական կդառնա խորհրդի գործունեությունը:

Վարչապետը հաջողություն մաղթեց երկու խորհուրդների միջև ստեղծվող համագործակցությանը` վստահություն հայտնելով, որ այն առավել կխորացնի Հայաստանի և Հունաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply