«Երկներ երկիր, երկներ երկինք, երկներ և «Ժառանգությունն» այս ընթացքում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2012 13:49

“Երկարատև և որակյալ, աննախադեպ երկունքից հետո ձևավորվել է “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակը, որն այս տարի և առաջիկա տարիների համար առաջարկում է միացյալ, հավաքական այլընտրանք”,- այսօր` մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենց ցուցակում ապահովվում է հայ մարդու` Հայաստանի քաղաքացու ազատությունը, ամենատարբեր հասարակական շերտերի ներկայացվածությունը, գաղափարների, մտքերի, այլընտրանքերի ազատ մրցակցությունը` որոշակի ուղենիշների շրջանակներում:

“Ոչ ոք թող չդիտարկի’ Ժառանգության ցուցակը` համարներով կամ առաջին տասնյակով, այլ թող ընկալի, որքան էլ դժվար է և աննախադեպ, իրավիճակ արտացոլող իր ամբողջության մեջ: Մեր պատգամավորները, ովքեր այս 5 տարիների ընթացքում լինելով հասարակական կիզակետում, մարտի 1-ից մինչև բերդեր ու բանտեր, մարդու իրավունքի պաշտպանության ցանկացած ասպարեզում, Արցախի ամբողջականության և ճանաչման, մեծ հայրենազրկման ճանաչման և դատապարտման առաջագծերում, ոչ բոլորն են հայտնվել առաջին տասնյակում: Ես ուզում եմ ասել ամենայն պատասխանատվությամբ, որ մեր պատգամավորները լինելու են  հաջորդ գումարման ԱԺ-ի երեսփոխաններ: Եվ այն , որ իրենք գտնվում են այդ համարների տակ, արտացոլում է հաղթանակի նկատմամբ մեր ինքնավստահությունը և մեր պատգամավորների բացառիկ պարկեշտությունը, երբ իրենք գիտեն, որ լոկոմոտիվը պիտի լինի միջնամասից և, ինչու չէ, նաև հետևից”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բանախոսը նշեց նաև, որ իրենց պատգամավորները պատրաստ են, որ յուրաքանչյուրը վերցնի այդ լուծը` այս քաղաքացիական, քաղաքական միավորը, որտեղ այլևս չկան “Ժառանգություն”, “Ազատ դեմոկրատներ” կամ հասարակական սեկտոր, այլ կա հավաքական` միավորված թիմ  այս միավորը դեպի հաղթանակ տանելու:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply