Ի՞նչ է ներկայացուցչությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 25, 2012 18:14

Քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտները, որպես կանոն, անձամբ են մտնում քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ, իրենց գործողություններով ձեռք բերում իրավունքներ և ստանձնում պարտականություններ: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ իրավունքի սուբյեկտն ի վիճակի չէ անձամբ մասնակցելու քաղաքացիական իրավահարաբերություններին, օրինակ` հիվանդության, զբաղվածության, գործուղման մեջ գտնվելու, մասնագիտական գիտելիքների պակասության և բազմաթիվ այլ պատճառներով:

Որպեսզի չտուժեն իրավահարաբերության մասնակցի շահերը, օրենսդիրը քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների համար հնարավորություն է ստեղծում այդ իրավահարաբերություններին մասնակցելու այլ անձանց միջոցով, որոնք կոչվում են ներկայացուցիչներ: Ներկայացուցչությանը նվիրված իրավահարաբերություններն առավելապես կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, մասնավորապես` 318-320-րդ հոդվածներով: 318-րդ հոդվածի համաձայն` «Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար»:

Լիազորությունը կարող է ակնհայտորեն բխել նաև այն իրավիճակից, որում գործում է ներկայացուցիչը (մանրածախ առևտրում` վաճառողը, գանձապահը և այլն):

Ներկայացուցիչներ չեն կարող լինել այն անձինք, ովքեր թեև գործում են ի շահ ուրիշի, սակայն իրենց անունից (առևտրային միջնորդները, սնանկության ժամանակ` մրցութային կառավարիչները, ժառանգության ժամանակ` կտակակատարները և այլն), ինչպես նաև ապագայում հնարավոր գործարքների վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորությամբ օժտված անձինք:

Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի:

Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև` օրենքում նշված այլ գործարքներ:

Այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում այն կնքելու պահից:

Ըստ առաջացման հիմքերի ներկայացուցչությունը կարող է լինել պարտադիր և կամավոր: Պարտադիր ներկայացուցչությունը սահմանվում է օրենքի ուղղակի ցուցումով կամ էլ օրենքին համապատասխան հրատարակված վարչական ակտի ուժով: Այն սահմանվում է անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց նկատմամբ: Կամավոր ներկայացուցչության դեպքում ներկայացվողն ինքն է ընտրում ներկայացուցչին և իր կամքով որոշում վերջինիս լիազորությունների շրջանակը:

Տարբերում են նաև առևտրային ներկայացուցչությունը: Առևտրային ներկայացուցիչ է համարվում ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ձեռնարկատերերի անունից պայմանագրեր կնքելիս նրանց մշտապես և ինքնուրույն ներկայացնող անձը:

Գործարքի տարբեր կողմերի միաժամանակյա առևտրային ներկայացուցչություն թույլատրվում է այդ կողմերի համաձայնությամբ և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Առևտրային ներկայացուցիչն իրավունք ունի պայմանագրի կողմերից հավասար չափերով պահանջել վճարելու պայմանավորված վարձատրությունը և հատուցելու հանձնարարության կատարման ընթացքում իր արած ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Առևտրային ներկայացուցչությունն իրականացվում է գրավոր կնքված և ներկայացուցչի լիազորությունների մասին ցուցում պարունակող պայմանագրի, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում` լիազորագրի հիման վրա:

Առևտրային ներկայացուցիչը պարտավոր է առևտրային գործարքների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները գաղտնի պահել նաև իրեն տրված հանձնարարությունը կատարելուց հետո:

Ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում առևտրային ներկայացուցչության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2540 անգամ:
Print Friendly

Leave a Reply