Գործունեության ո՞ր տեսակներն են հարկվում հաստատագրված վճարով
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | March 23, 2012 13:08
Հաստատագրված վճարը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար մուծողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
Ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և կամ շահութահարկի գումարին:
Հաստատագրված վճար վճարողներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ), բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողները:
Հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով` բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակի, ինչպես նաև սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 0 տոկոս:
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները.
- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
- հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.
- ավտոտրանսպորտային գործունեությունը.
- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
- ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
- ավտոկանգառների գործունեությունը.
- խաղատների գործունեության կազմակերպումը.
- շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
- վիճակախաղերի կազմակերպումը.
- ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:
ՀՀ հարկային ծառայության կայքէջում ներկայացված է մի օրինակ, որով ավելի դյուրին է պատկերացում կազմել հաստատագրված վճարի վճարման ձևի ու կարգի մասին, այն է` կազմակերպությունը առևտուր է իրականացնում Երևանում գտնվող կրպակի միջոցով: Կրպակի առևտրական տարածքը 7մ2 է: Այդ գործունեությունից կազմակերպությունը պետք է հաշվարկի և վճարի հաստատագրված վճար: Օրենքով այդ գործունեությունից յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների արտադրյալի 22-ապատիկի չափով: Կրպակի միջոցով առևտրի համար ելակետային տվյալներն են առևտրական տարածքը և գործունեության իրականացման օրերի թիվը, իսկ ուղղիչ գործակիցը սահմանված է ըստ կրպակի գտնվելու վայրի: Մինչև առևտուր իրականացնելը կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ): ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ մեջ նշվում են առևտրական տարածքը՝ 7 և գործունեության իրականացման օրերի թիվը՝ 25 (նախատեսվել է, որ կրպակը ամսվա ընթացքում կաշխատի 25 օր), և ուղղիչ գործակիցը` 2.5 (կրպակը գտնվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված 2-րդ գոտում): ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ներկայացվում է երկու օրինակից: Հարկային տեսչությունը կնքում և գրանցում է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, և մեկ օրինակը վերադարձնում վճարողին: Վճարողը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ իր օրինակը պետք է պահի կրպակում: Այդ գործունեության համար հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար կկազմի` 9625 դրամ (9625 = 22 X 7մ2 X 25 օր X 2.5): Գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, բացառությամբ վիճակախաղի, հաստատագրված վճարի չափը կհաշվարկվի հետևյալ բանաձևով`
ՀՎ = ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ X ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ X ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
