Կառավարությունը բարձրացնում է բյուջեում վերաբաշխում անելու սահմանաչափը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 18:11

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ներկայացրած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, համաձայն որի՝ բյուջեում փոփոխություններ կատարելու առավելագույն թույլատրելի սահմանաչափը կարող է 3 տոկոսից բարձր լինել:

Ըստ գործող օրենքի` կառավարությունը մինչև 3 տոկոսի սահմաններում էր իրավասու բյուջեում  վերաբաշխում կատարել՝ այս կամ այն ոլորտում նախատեսված ծրագրերն իրականացնելիս:

Իսկ կառավարությունն արդեն հայտարարել է 2009թ. համար հաստատված բյուջեի 945 մլրդ ծախսային մասից 35 մլրդ-ի չափով չիրականացնելու մասին, որը կազմում է բյուջեի մոտ 3.5 տոկոսը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է շեմը բարձրացնելու հարցը և տրվել դրական գնահատական: Ըստ Մինասյանի՝ շեմը կբարձրանա 3.5-5 տոկոսի շրջանակներում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց,  որ սա փաստացի սեկվեստոր է (բյուջեի ծախսային մասի կրճատում): «Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է լինի բարեխիղճ և պարզ ասի, որ գնում է սեկվեստորի, որ չի հաջողել իր ծրագիրը»,- ասաց Մինասյանը:

Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ կառավարությունն այս տարի բյուջեն իրականացնելու համար ներգրավել է մոտ 1.6մլրդ դոլար վարկեր, սակայն բավարար էր 350մլն դոլարը: «Ինձ համար մի փոքր դժվար է որևէ եզրակահանգման գալ այդ օրինագծի շուրջ, որովհետև խիստ կասկածելի է ներգրաված վարկային միջոցների ծախսերի արդյունավետությունը,- ասաց Մինասյանը,- կառավարությունը տարբեր իրավիճակների համար տարբեր պատասխաններ ունի պատրաստած»:

Մարտիրոսյանն էլ նշեց, որ ՌԴ-ի պես հզոր պետությունը, որ օրերս հայտարարել է ՀԲ-ից 3.5-4 մլրդ դոլարի չափերի վարկեր վերցնելու մասին, գնացել է բյուջեի կրճատումների:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply