Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր հեծանվաարշավ` բնությունը պահպանելու կոչով

Օրվա լուր | | October 5, 2009 10:20

BycicleԿանաչ գոգնոցներով ու պոլիէթիլենային տոպրակների փոխարեն կտորից կարված մեծ պայուսակներ ձեռքներին հանրապետության հրապարակից շաբաթ օրը մեկնարկեց «Հպարտ ենք լինել կանաչ» խորագրով հեծանվաարշավը:

Բրիտանական խորհրդի կազմակերպած միջոցառումը նպատակ ուներ կիսել գրասենյակի մեկ տարվա փորձը գործընկերներ կազմակերպությունների հետ, ինչպես նաև հեծանվարշավի միջոցով օրվա ուղերձը տարածել քաղաքով մեկ:

Արդեն մեկ տարի է գրասենյակը որդեգրել է «կանաչ գրասենյակ» դառնալու քաղաքականություն` ինչպես անել, որ գրասենյակի գործունեության վնասակար ազդեցությունը բնության վրա մինիմումի հասցվի:

Աշխատակազմը, օրինակ, հավաքում է գրասենյակի միակողմանի տպագրված թղթերն ու որպես սևագիր օգտագործում չտպագրված մյուս էջը: Այս կերպ թղթի խնայողությունները կրկնապատկվում են: Հավաքած ողջ թղթե կապոցը հանձնում են զուգարանի թուղթ արտադրող վերամշակող մի ընկերության: Օրվա ավարտին անջատում են բոլոր համակարգիչները, խնայում էլեկտրաէներգիան, հոսանք խնայող հատուկ լամպեր տեղադրում, չեն օգտագործում մեկանագմյա սպասք, հին իրերն ու տեխնիկան դեն չեն նետում, այլ նվիրում են դրանց կարիքն ունեցողներին:

«Երկիր մոլորակի պահպանության գործը յուրաքանչյուր անհատի գործն է և այս գործում յուրաքանչյուր կազմակերպություն ինչ-որ բան փոխելով` կարող է մեծ ներդրում ունենալ բնության և շրջակա միջավայրի պահպանության հարցում»,-ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը  նշեց, որ պետք է ոչ միայն տեսականորեն խոսել բնության պահպանության կարևորության մասին, այլև  կիրառել համապատասխան քայլեր, որ բնությունը, շրջակա միջավայրը քիչ աղտոտվի:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն ամիսներ առաջ միացել է նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի Կանաչ սերնդի քարոզարշավին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տնկել 75 ծառ, որոնք խորհրդանշում են Բրիտանական խորհրդի 75 ամյակը:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply