Վան` կորուսյալ դրախտավայր…
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 26, 2012 14:58
Վանեցիներն ասում են. «Վանն այս աշխարհում է, դրախտը` այն»:
Վանը տարածված է Վանա լճի արևելյան կողմում, գեղեցիկ քաղաք է, ամբողջովին թաղված այգիների մեջ: Քաղաքի վրա իշխող դիրք ունի Վանա բերդը` միջնաբերդը, որ մոտ երեք հազար տարեկան է:
Վանը Հայաստանի առաջին մայրաքաղաքն է և մեծ դեր է ունեցել հայոց ողջ պատմության ընթացքում: Որպես մայրաքաղաք` Վանը հանդես է եկել ստեղծման առաջին իսկ օրից, իսկ Վանի Արարատյան թագավորության կործանումից հետո միջնադարում դարձել նաև Վասպուրականի թագավորության (908-1021) մայրաքաղաքը:
Վանը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարի առաջին կեսին, հիմնադիրը Ուրարտուի հզորագույն արքաներից մեկն է` Սարդուր Առաջինը (մ.թ.ա. 835-824): Քաղաքի անունը եղել է Տուշպա, որից հետագայում առաջացել է Տոսպ ձևը: Սարդուրի Առաջինն այստեղ կառուցեց նաև Շիվինիի` Արև աստծո տաճարը: Շիվինիի կինն էր Տուշպուանեն, որից էլ առաջացել է քաղաքի անունը: Պակաս տարածված չէր նաև Բիայնա անվանումը: Պատմիչների աշխատություններում Վանը կոչվել է նաև Շամիրամակերտ, որ ավելի շատ տուրք է ավանդությանը:
Վանը շատ գրավիչ ռազմավարական դիրք ունի, իսկ հայոց արքաները հոգացել են նրա անառիկությունն էլ ավելի ամրապնդելու մասին: Վանա բերդը դեռևս երեք հազարամյակ առաջ այնպիսի հմտությամբ է կառուցվել և այնպիսի հարմարավետությամբ, որ մինչ օրս ծառայում է իր նպատակին: Այն ամրակուռ ժայռերի վրա է, իր հերթին պաշտպանված նաև պարիսպներով և ամրություններով:
Վանի թագավորները պատահական չեն ընտրել մայրաքաղաքի տեղը: Գտնվելով Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում և Վանա լճի ափին` այն մեղմ, բարենպաստ կլիմա ունի, միաժամանակ բանուկ առևտրային ճանապարհների խաչմերուկում է: Քաղաքը մի կողմից երիզում է հսկա ժայռը, որի վրա կառուցված է միջնաբերդը: Իսկ բուն քաղաքը պարսպապատ էր և ուներ չորս մուտք: Քաղաքը բաժանված էր թաղամասերի` Քաղաքամեջ, Այգեստան, Նորաշեն, Հայկավանք և այլն, որոնք միմյանց հետ կապված էին գեղեցիկ, ուղիղ ճանապարհներով:
Վանի փառքը և բարգավաճումը կապված է Ուրարտուի հզոր տիրակալների անվան հետ: Հայ-ասորական ահեղ բախումների ժամանակ Վանը բազմիցս ենթարկվեց ասպատակությունների, բայց միշտ կանգուն մնաց: Այնքան շքեղ ու ճոխ քաղաք էր, որ Ռուսա Ա կառավարման տարիներին (մ.թ.ա. 735-713), համաձայն վիմագիր արձանագրությունների, նրա պալատում ավելի քան 5500 մարդ էր ապրում, այդ թվում` պալատականներ, պաշտոնյաներ, ծառայողներ, զինվորականներ, գինեգործներ:
Ուրարտուի անկումից հետո Վանը կորցրեց իր երբեմնի նշանակությունն ու փառքը: Արարատյան թագավորական հարստությանը փոխարինելու եկան Երվանդունիները (մ.թ.ա. 612-200), որոնք հայոց մայրաքաղաք հաստատեցին Արմավիրը: Սակայն, որպես քաղաք, Վանը երբեք չխամրեց: Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55) երբեմնի հայոց մայրաքաղաքում ասորի և հրեա վերաբնակներ հաստատեց: Արտաշեսյանների օրոք (մ.թ.ա. 189-մ.թ. 1) քաղաքն ավելի ծաղկեց ու բարգավաճեց: Իսկ Արշակունիների թագավորությունում (53 – 428) Վանը նախ Ռշտունիների, ապա` Արծրունիների հզոր նախարարական տան Ոստանն էր: 368-369 թթ. Վանը գրավեց և ավերեց Սասանյան Պարսկաստանի հզոր տիրակալ Շապուհ Բ Երկարակյացը, սակայն շատ չանցած` քաղաքը կրկին բարգավաճեց:
X դարում սկսվեց Վանի վերելքը: Գագիկ Արծրունին 908 թ. ապստամբեց հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունու (890-914) դեմ, իրեն հռչակեց թագավոր (908-943) և հիմք դրեց Վասպուրականի հայոց թագավորությանը (908-1021): Լինելով Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը` Վանը ավելի զարգացավ ու մեծացավ: Բնակչությունը մոտ 100 հազար էր: Այն գտնվում էր միջազգային առևտրական ուղիների վրա, ծաղկում էին արհեստները, առևտուրը, գիտությունը: Հենց X-XIII դարերը պետք է Վանի համար ոսկեդար համարել:
Վասպուրականի թագավորության անկումից հետո քաղաքն անցավ Բյուզանդիային, շատ չանցած` սելջուկներին: XIII-XIV դարերում այն ավերեցին մոնղոլները, ապա Լենկ-Թեմուրը, որը Վանում մեծ նախճիր կազմակերպեց և հազարավոր հայերի սպանեց` նրանց նետելով Վանա բերդից: Պատմիչների հավաստմամբ` սպանվածներն այնքան շատ էին, որ վերջին նետվողներն արդեն չէին մահանում` ընկնելով դիակների վրա:
Հետագայում Վանը կռվախնձոր դարձավ թուրքերի և պարսիկների ձեռքին: 1555-ից այն վերջնականապես անցավ թուրքերին, և այստեղ ստեղծվեց Վանի փաշայությունը: Այս ժամանակամիջոցին Վանը համարվում էր Արևմտյան Հայաստանի մեծ ու կարևորագույն քաղաքներից մեկը, որտեղ տասնյակհազարավոր մարդիկ էին ապրում, ճնշող մեծամասնությունը` հայեր: Քաղաքում մինչև 1915 թ. գործում էին 12 հայկական եկեղեցիներ, տասնյակ դպրոցներ:
Վանեցի են հայ ժողովրդի մեծ զավակներ Վահրամ Ալազանը, Վրթանես Փափազյանը, Գուրգեն Մահարին, Ազատ Վշտունին, Վարդան Աճեմյանը, Աղասի Խանջյանը, Արշիլ Գորկին, Երեմիա Արծրունին, Մկրտիչ Խրիմյանը, Գարեգին Սրվանձտյանը և այլք:
Վանում արհեստներն այնքան զարգացած էին, որ քաղաքին համաշխարհային հռչակ են բերել: Դեռևս միջնադարում Վանի ոսկերիչները մեծ համբավ էին վայելում, և նրանց գործերը հայ առևտրականները սփռում էին աշխարհով մեկ:
Սակայն Վանը հայտնի է ոչ միայն իր արհեստներով: Այստեղ է գտնվում աշխարհի ամենահին գործող ջրանցքը: Մ.թ.ա. IX դարում Մենուա արքան (մ.թ.ա. 810-786) քաղաքը խմելու և ոռոգման ջրով ապահովելու համար 80 կմ հեռավորությունից` Տավրոսի լեռներից ջրանցք անցկացրեց` Շամիրամի առուն, որ գործում է մինչ օրս. շինարարության վրա ամեն օր 12 հազար մարդ է աշխատել:
Վանը գիտության ու մշակույթի կենտրոն է եղել. նրա շրջակայքում են գտնվում միջնադարյան հայտնի վանական ու գիտական կենտրոններ Աղթամարը, Վարագավանքը, Կտուց անապատը: XIX-XX դարերում Վանում լույս էին տեսնում մեկ տասնյակից ավելի թերթեր: Քաղաքում անգամ թատերախումբ էր գործում:
Թուրքական տիրապետության շրջանում քաղաքի թուրքական թաղամասերում կառուցվել է չորս մզկիթ:
Վանի պատմության սև էջերը սկսվեցին XIX դարի վերջին: Սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի հայաջինջ քաղաքականությանը, ի թիվս այլոց, ըմբոստացան նաև վանեցիք: Սակայն Վանի 1895 թ. ապստամբությունը դաժանորեն ճնշվեց ու արյան մեջ խեղդվեց:
Հաղթական ավարտ ունեցավ 1915 թ. ապստամբությունը: Թուրքական կանոնավոր զորքերը արշավեցին Վան` իրագործելու հայոց ոստանի եղեռնը: Ապրիլի 7-ին սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը: Հայությունը սպասում էր թուրքերի արշավանքին և զինավառ դիմագրավեց նրան: Մայիսի վերջին Վանի ապստամբությունը հաղթանակեց. քաղաք մտան հայ կամավորական խմբավորումներն ու ռուսական բանակը: Վանեցիները, Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, ձեռնամուխ եղան հայկական պետականության ստեղծմանը: Կազմավորվեցին ինքնակառավարման մարմիններ, կյանքն աստիճանաբար մտնում էր բնականոն հունի մեջ: Բայց այս անգամ հարվածը վրա հասավ անսպասելի տեղից. ռուսական նենգ դիվանագիտության պլանների մեջ չէր մտնում հայկական պետականության վերականգնումը Արևմտյան Հայաստանում: Ռուսներին Հայաստանը պետք էր առանց հայերի: Եվ ռուսական հրամանատարությունը կազմակերպեց Վանի նահանջն ու Վասպուրականի հայաթափումը: Տասնյակհազարավոր մարդիկ ստիպված լքեցին հնամենի հայոց ոստանը: Հաղթանակած Վանը դատարկվեց:
Այժմ Վանը փոքրիկ քաղաք է` հիմնականում քուրդ բնակիչներով:
Ստացվեց այնպես, որ Հայաստանի մայրաքաղաքներից միայն Վանը մնաց որպես «հավերժ» քաղաք և կառուցման օրից երբևէ չկորցրեց քաղաքի կարգավիճակն ու նշանակությունը:
Վանա ժայռի վրա է գտնվում Մհերի դուռը: Այնտեղ են Մենուա և Արգիշտի Ա արքաների թողած արձանագրությունները հայոց փառքի մասին: Համաձայն ավանդապատումի` այնտեղ է փակված Մհերը: Ու հուսանք, որ մի օր նա կխորտակի այդ դռներն ու դուրս կգա իր զնդանից: Հուսանք, որ երբևէ Վանը դարձյալ կդառնա հայաքաղաք:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
