«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգի փրկությունը »

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 27, 2012 13:00

Փնտրեցինք և XX դարավերջին գտանք նժդեհյան այդ մարգարեության բանալին` թուրքի 70-ամյա լծից ազատագրելով Արցախ աշխարհը: Մնում է` սիրենք,  շահենք ու հավուր պատշաճի գնահատենք մեր առյուծածին մայրերին: Թե որքանով դա մեզ հաջողվեց, թող ամեն մեկը, սկսած երկրի նախագահից մինչև շարքային քաղաքացին, իրեն հարց տա ու գտնի պատասխանը:

Մայր. այս կարճ անունը հիրավի աստվածային է: Այսօր բոլորս գլուխ պետք է խոնարհենք հատկապես մեր այն մայրերի առջև, որոնց որդիները, դուստրերն իրենց աչքի լույսը, կյանքը տվեցին Հայրենիքի փրկությանը: Մայրեր, որոնք իրենց որդիներին դեռ օրորոցից փաղաքշանքից զատ առ Հայրենիք սեր տվեցին: Եվ այդ սիրո վկայությունն աշխարհացունց է: Նրանք այսօր իրենց որդիների չափ սիրում են ամենքիս, որովհետև նրանց որդիների փրկած Հայրենիքը մենք ենք:

Գաղտնիք չէ, որ մեր շատ սրտացավ կանայք ու աղջիկները, որպես զինվոր, գթության քույր, նույնպես մասնակցեցին արցախյան գոյամարտին: Ըստ 1998 թ. ստեղծված Արցախյան պատերազմի մասնակից կանանց հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանի` 200 կին ազատամարտիկ ունեինք, որոնցից 42-ը, ցավոք, այդ պատերազմից տուն չվերադարձան, թեև տիկին Աիդան չբացառեց, որ գուցե հեռավոր շրջաններում կլինեն կանայք, որոնք մինչ օրս չեն անդամագրվել իրենց կառույցին, հետևաբար այդ թիվը գուցե մի փոքր ավելի  լինի:

Շատերն  ամուսնացած էին: «Օրինակ` երևանաբնակՆաիրա Սահակյանը երկու փոքրիկ ուներ: Աղջիկը 4, տղան` 3 տարեկան: Նա զոհվեց 1993 թ. փետրվարին  Սարսանգի ջրամբարի ազատագրման մարտերում: Ինքս մասնակել եմ այդ գործողությանը: 22 մարտիկները, այդ թվում նաև Նաիրան, շրջափակման մեջ ընկան և դաժան հաշվեհարդարի զոհ դարձան: Երբ 7-8 ամիս նահանջած Կիչանում մնալուց հետո առաջին անգամ առաջ շարժվեցինք և ազատագրելով Չլդրանը,Դրմբոնը, Զարդախաչը, Հաթերքը` հասանք մինչև ջրամբար և այդ դաժան իրականության ականատեսը եղանք: Մինչ օրս Նաիրայի տանջահար ձայնը դեռ ականջներումս է: Թաղված է Եռաբլուրում»,- խոստովանում է Աիդան ու սահուն անցնում «Նաիրիտ» գործարանում աշխատած, շարժման ակունքներում եղած, իսկ արդեն 1992 թ. Արցախ մեկնած Կարինե Գևորգյանին, որը Ժորա Գասպարյանի  («Գրադ» Ժորա) ականանետային ջոկատի բուժքույրն էր: Բազմաթիվ մարտերի է մասնակցել. Մարտակերտ, Օմարի լեռնանցք, Քարվաճառի ազատագրում: Աիդան հաճախ է հանդիպել նրան տարբեր դիրքերում: Ցավոք,1993 թ. հունիսին  Մաղավուզ գյուղի ազատագրման մարտը վերջինը եղավ Կարինեի համար, որտեղ իրավիճակն անչափ օրհասական էր: Ցավում է, որ Կարինեի հուղարկավորությանը մասնակցել չկարողացավ, որովհետև «Արցախ» փրկարար ծառայության բուժակն էր  և անհապաղ պիտի Մաղավուզ մեկներ, որտեղ մեծամասշտաբ մարտեր էին ընթանում:

«Իսկ մենք արդեն կռվողներ չունեինք, շատերը` վիավոր, հոսպիտալներում էին, մի մասն էլ զոհվել էր: Հուսալքվածներն էլ քիչ չէին, բայց դե կռվում էինք,դիմանում էինք»: Բուժաշխատողը երբեք չի նստել ու սպասել, թե երբ է զինվորը վիրավորվում, որ առաջին բուժօգնություն ցույց տա:

Աիդան մի կարևոր բան էլ հիշեցրեց. անհրաժեշտության դեպքում բոլոր կանայք զինված մարտի մեջ են մտել, իսկ երբ վիրավոր է եղել, ավտոմատը վայր են դրել, օգնություն ցույց տվել, իսկ ծանր վիրավորներին արդեն դաշտային հոսպիտալ տեղափոխել: «Ասում են, թե կինը ծնվել է մայրանալու, օջախը վառ պահելու համար, բայց երբ հայրենիքը վտանգի մեջ է, պարտադիր չէ, որ միայն տղամարդը ոտքի ելնի: Կանայք մարտի դաշտում այնպիսի խիզախություններ են արել` երբեք չզիջելով տղամարդուն:

Ասեմ, որ կնոջ ներկայությունը ոչ միայն պատերազմում, այլև բանակում է պարտադիր»,- ասում է բուժքույր ազատամարտիկն ու հավատացնում, որ պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն անգամ առյուծ էր կտրում, երբ ավտոմատավոր կին էր տեսնում:  Եվ «Պուշկին յալի» մարտական գործողություններից մի դեպք է հիշում. «Երբ շատ տղաներ զենքերը հավաքած ուզում էին նահանջել, Կարինե Գևորգյանը վազելով մոտենում է  գնդացրին և սկսում կրակել»: Կարինեի այս պահվածքը շատերին կրկին դիրքեր վերադարձրեց: Խիզախ, հայրենասեր աղջիկը Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղից էր: Գյուղի դպրոցն այսօր նրա անունն է կրում: Գյուղում են ապրում նրա ծեր ծնողները: Դպրոցի բակը նրա կիսանդրին է զարդարում: Կարինեն չհասցրեց ամուսնանալ, ընտանիք ու զավակ ունենալ, բայց այսօր ոչ միայն  դպրոցում, այլև ողջ Խաչաղբյուրում նա ասես կենդանի սրբապատկեր է:

Հատկանշականն այն  է, որ մեր բոլոր ազատամարտիկ կանայք, այդ թվում նաև նետաձիգ, Հայաստանի և Եվրոպայի չեմպիոնուհի Նունե Աբրահամյանը, կամավորներ  են եղել: Նունեն ավարտել էր մայրաքաղաքի թիվ 150 դպրոցը, այնուհետև` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Ինչպես մարզական ասպարեզում, այնպես էլ մարտի դաշտում բացահայտվեցին ոչ միայն Նունեի կամային հատկությունները, այլև դիպուկ կրակը: Նա զոհվեց 1994 թ. փետրվարի վերջին Օմարի լեռնանցքի տակ գտնվող Յանշաղ գյուղում, երբ պատերազմի ավարտին քիչ էր մնացել: Հանրապետության նետաձգության դպրոցն այսօր նրա անունն է կրում:

Հիրավի, դժվար է 42 զոհերից որևէ մեկին առանձնացնել, կամ էլ բոլորին անդրադառնալ: Այնուամենայնիվ, Աիդան հիշեց վեդիեցի Լոլիտա Վարդանովային, որը կամավոր  Արցախ մեկնեց` մոր խնամքին թողնելով միակ որդուն` Լևոնին: Կարինե Հովսեփյանին, ստեփանակերտցի Ստալինային, Ֆիզուլիում զոհված նշանառու Մագարիտային…

Ես էլ իմ պարտքը համարեցի իմ ճանաչած երկու կնոջ հիշել:

1993 թ. փետրվարի 8-ին Վաղուհասի ազատագրման մարտերում զոհվեց  բուժքույր-մարտիկ, ստեփանակերտցի Անուշ Ավագյանը, որը մարտի դաշտում և՛ հիվանդապահ էր, և՛ զինվոր, հարկ եղած դեպքում էլ մարտական ընկերներին ոգեշնչող: Երկու զավակների մայր էր, որոնց խնամքը թողել էր ծեր ու հիվանդ մոր ուսերին: Այդ խառնակ օրերին նա չգերադասեց ստեփանակերտյան ապահով նկուղը, այլ մեկնեց Մարտակերտի ճակատ, որ իր հայրենի Հակոբ-Կամարի (Լուլասազ) գյուղի ազատագրման օրն էլ չուշանա…

Նորխարբերդցի Մարիետա Սարգսյանը զրկանքներով է մեծացել, 16 տարեկանում մայր դարձել: Երեխաներին թողել է ծեր մոր և Աստծո հույսին և պատերազմ գնացել, իսկ տարիներ անց նրա անկենդան մարմինն է գյուղ վերադարձել: Այնուամենայնիվ, չես կարող չհարցնել, թե 24-ամյա ջահել աղջիկն ու երկու երեխաների մայրն ինչո՞ւ է պատերազմ գնացել, երբ առանց ամուսին, սոցիալական ծանր պայմաններում երկու փոքրիկ մեծացնելն այն տարիներին արդեն իսկ կռիվ ու հերոսություն էր… 1993 թ. հունվարին «Կոբրա» դիրքերում վիրավոր ազատամարտիկին օգնելու, վերքը կապելու պահին մի արկ է պայթում. շատ մոտ: Մայրական բնազդն է գործում, կռանում և կրծքով պաշտպանում է զինվորին: Արկի բեկորից խոցված ընկնում է Մարիետան, իսկ զինվորը փրկվում է…

Հազարավոր զոհերի գնով փրկվեց մեր հայրենիքի մի բեկորը` Արցախ աշխարհը: Մի խոնարհվեք, մեր հայրենիքի հիմնասյուները համարվող  սիրասուն մայրեր: Ձեր որդիներն արժանապատվորեն կատարեցին իրենց պարտքը: Նրանց շնորհիվ այսօր ապրում ենք հպարտ ու գլուխներս բարձր: Ձեր զավակների սխրանքներով մի սերունդ է դաստիարակվում, հզորանում, որ պահի ու պահպանի Ձեր զավակների արյան գնով ձեռք բերված Հայրենիքը, այնպես որ  մի՛ խոնարհվեք…

Շնորհավո՛ր տոնդ, առյուծածին մայր…

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 3319 անգամ:
Print Friendly

Leave a Reply