Արամազդ Պետրոսյան. «Բնությունն ու կնոջ գեղեցկությունը եղել են ներշնչանքիս աղբյուրները»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 28, 2012 7:00

Վրձնի մեկ հարվածը կարող էր փոխել մարդու զգացողություններն ու նրան երկար ժամանակ պահել նկարի մոտ: Ասում են` հաջողակ են այն նկարները, որոնք խորությամբ չեն կարող ընկալվել, բայց խորն են:

Նկարչական խորության վառ օրինակներից են Արամազդ Պետրոսյանի աշխատանքները: Նկարում է դեռ իր համար անհիշելի ժամանակներից` շատ փոքրուց: Հիմա արդեն իր աշխատանքներով հիանում են ոչ միայն հայ արվեստասեր հասարակայնությունը, այլև արտասահմանցիները: Մենք զրուցեցինք նրա հետ երրորդի համար

Ի՞նչից սկսվեց այս ամենը

– Կարծում եմ` մեծ է գենետիկայի դերն ու այն միջավայրը, որով շրջապատված էի դեռ մանկուց: Իմ ծնողները, լինելով բազմաշնորհ արվեստագետներ կերպարվեստի և երաժշտության ասպարեզներում, ստեղծել էին այնպիսի կախարդական մթնոլորտ, որտեղ դժվար էր չգերվել արվեստի ճյուղերից որևէ մեկով: Միաժամանակ այցելում էի և՛ երաժշտական, և՛ նկարչական դպրոց, բայց ավելի մեծ խանդավառությամբ զբաղվում էի, իհարկե, նկարչությամբ:

Հետաքրքիր է իմանալ մանկության գունապնակը

– Գիտես, հիշում եմ` սիրում էի նկարել թեմատիկ աշխատանքներ: Ավելի շատ երևի նախընտրում էի մեղմ գունային կոլորիտը, բայց այն հագեցած էր դրամատիզմով ու դինամիկայով: Իմ սիրելի նկարիչներն էին Էլ Գրեկոն և Պիտեր Բրեգելը, որոնց նկարներով հիանում էի և ուղղակի կարող էի ժամեր անցկացնե`լ թերթելով նրանց աշխատանքների վերատպությունները: Մոտավորապես 8-9 տարեկանից գերվեցի հայկական մանրանկարներով: Շատ էի սիրում Կիլիկյան և Վասպուրական մանրանկարչական դպրոցների վառ ներկայացուցիչների աշխատանքները և հաճախ արտանկարներ էի անում:

–  Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ հենց այս ճանապարհով:

– Կարծում եմ, որ գաղտնիք չկա: Պարզապես չէի կարողանում չնկարել. դա բնական վիճակ էր ինձ համար, որը մի քիչ դժվարանում եմ բառերով նշել, անբացատրելի զգացողություն էր, բայց գուցե յուրօրինակ էր հենց շրջապատի համար:

Ո՞ր ժամանակաշրջանի նկարներով եք հիանում:

– Արվեստի գլուխգործոցները, որոնք ոչ միայն հիացմունք, այլև զարմանք են առաջացնում, իրոք, շատ են, շատ-շատ: Կոնկրետ մի ժամանակաշրջան չէի ցանկանա առանձնացնել: Քանզի դրանք ոչ միայն նկարներ են, այլև քանդակներ, ճարտարապետական գլուխգործոցներ` սկսած հին քաղաքակրթությունների փայլուն օրինակներից, ընդգրկելով համաշխարհային արվեստի մեծ դպրոցների ներկայացուցիչների աշխատանքները:

 Ո՞ւմ նկարներն են Ձեզ հիացմունք պատճառում:

– Գուցե տարօրինակ թվա, բայց կարող եմ հիանալ, օրինակ, Վեր-Մերի, Վելասկեսի, Տիցիանի աշխատանքներով և միաժամանակ` Մոնեի, Գոգենի կտավներով:

Մի  քիչ խոսենք Ձեր մասնագիտությունից, կարծեմ ավարտել եք Գեղարվեստի ակադեմիան

– Այո, ես ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը: Թեև, անկեղծ ասած, ավելի հակված էի գեղանկարչությամբ զբաղվելու, բայց, չգիտես ինչու, նախընտրեցի գրաֆիկայի բաժինը: Պատճառներից մեկը երևի այն էր, որ առանց գծանկարչական լավ բազայի գեղանկարչությունը կարող է տուժել: Իսկ գրաֆիկայում, ինչպես հայտնի է, շեշտը հատկապես դրված է գծանկարչական արտահայտչականության վրա: Բացի այդ, հետաքրքիր էր ուսումնասիրել գրաֆիկայի տեխնիկաները: Ուսանողական տարիների ընթացքում ուսումնասիրեցի գրաֆիկայի հիմնական նյութերն ու տեխնիկաները (օֆորտ, չոր ասեղ, լինո- և լիտոփորագրություններ), հիմա նախընտրում եմ աշխատել պաստելով, ժամանակ առ ժամանակ խառը տեխնիկաներով, որը գեղանկարչությանը զուգահեռ է: Հավանում եմ պաստել նյութը, քանի որ այն, ի տարբերություն յուղաներկերի, չորանալու խնդիր չունի. հաճախ ուզում ես ավելի սեղմ ժամկետներում իրագործել մտահղացումդ: Սիրում եմ պաստելը նաև նրա համար, որ կարող ես աշխատել շատ թեթև եղանակով և հասցնել մինչև գույնի յուղաներկային հագեցածության ու «պնդության»` միաժամանակ պահպանելով պաստելին հատուկ օդայնությունն ու թեթևությունը:

Ձեր նկարներների ուղղվածությունն է հետաքրքիր

– Իմ նկարներում աշխատում եմ մեկտեղել հին վարպետների գեղանկարչական տեխնիկաները` կապելով իմ ժամանակակից գեղանկարչական ըմբռնումների հետ: Կոմպոզիցիոն աշխատանքներս հիմնականում ֆիգուրատիվ են, որտեղ մեծ է կանանց առկայությունը:

Թեև նկարչական մոտիվը բազմազան է, բայց ունեմ նախընտրելի թեմաներ, որոնց հաճախ եմ անդրադառնում: Դրանք երաժշտական թեմաներն են` արվեստանոցային, պարուհիների և այլն: Հաճախ լինում եմ բնության գրկում և բնանկարներ անում: Բոլոր ժամանակների նկարիչների համար թե՛ բնությունը, թե՛ կանացի գեղեցկությունը եղել են ներշնչանքի աղբյուր, ես էլ այդ հարցում բացառություն չեմ:

 Նկարիչների համար, ըստ Ձեզ, մուսա ասվածը գոյություն ունի՞:

– Կարծում եմ` յուրաքանչյուր նկարիչ իր ներշնչանքի աղբյուրն ունի, և դա շատ ինդիվիդուալ է:

 Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր ուղևորություններից, ցուցադրություններից

– Լինի Հայաստանում թե նրա սահմաններից շատ հեռու, նկարչի համար շատ կարևոր է շրջագայել և հարստացնել տպավորությունների շտեմարանը: Ծանոթանալ տարբեր մշակույթների հետ և այդ ամենի արդյունքում դառնալ ինքնուրույն ստեղծագործող արվեստագետ: Իսկ ցուցահանդեսները, փոքր թե մեծ, հնարավորություն են տալիս մի պահ ինքդ քեզ կողքից  տեսնել և հնարավորինս օբյեկտիվ գնահատել ուժեղ և թույլ կողմերդ: Ես ինքս մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների հայրենիքում, ԱՊՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում:

Ձեր ո՞ր նկարով կարող եք հպարտություն ապրել:

– Անշուշտ, ունեմ աշխատանքներ, որոնք առավել հաջողված եմ համարում: Բայց միշտ փորձում եմ նկարել այնպես, որ ոչ մի դեպքում առիթ չունենամ ամաչելու այն աշխատանքի համար, որի տակ ստորագրել եմ:

Պատմեք խնդրեմ Ձեր ընտանիքից` կին, երեխա, ծնողներ

– Ինչպես նշեցի, արվեստագետի ընտանիքից եմ: Հայրս ճանաչված նկարիչ է գորգի և գոբելենի բնագավառում, իսկ մայրս դաշնակահարուհի է, ծագումով գերմանուհի, Ռեյշերի տոհմից, որոնք եղել են ազնվական մարդիկ: Կինս, որ նույնպես երաժշտական կրթություն ունի, ինձ հաճախ է ոգևորում իր կերպարով: Իսկ մեր զավակն արդեն դպրոցական է, սովորում է առաջին դասարանում:

Դուք, ինչպես Ստեփանոսը, կարծում եք` նկարիչը էականորեն  մեկուսացա՞ծ է հասարակությունից:

– Հնարավոր է` շատ նկարիչներ վարում են մեկուսի կյանք, բայց դա չի նշանակում, որ նրանք հասարակությունից անջատ են: Նկարիչները հիմնականում գերզգայուն մարդիկ են և տեսնում են այն, ինչ չեն նկատում ուրիշները:

Կապեր ունե՞ք Նկարիչների միության հետ:

– Ես ինքս նկարիչների միության անդամ եմ և պարբերաբար մասնակցում եմ տարբեր ցուցահանդեսների, որոնք կազմակերպվում են ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում:

Բացի նկարչությունից արվեստի ո՞ր ուղղություններն են Ձեզ հարազատ:

– Կարծում եմ` զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ արվեստի բոլոր ճյուղերը փոխկապակցված են: Իսկ երաժշտությունը, գրականությունը, թատրոնն ու կինոն եղել  և մնում են ինձ համար սնուցող և ոգեշնչող բնագավառներ:

Հետաքրքիր է նաև, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:

– Ներկա պահին ունեմ երեք հրավեր` մասնակցելու խմբակային ցուցահանդեսների Եվրոպայում, որոնք կազմապերպվելու են տարբեր հեղինակավոր պատկերասրահների  կողմից: Իսկ Ռիգայում աշնանը կունենամ գրաֆիկայի անհատական ցուցահանդես` բաղկացած  մոտ 35 աշխատանքից:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply