Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն արտաքին գործերի նախարարությունում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 22, 2012 21:06

Մարտի 22-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ասաց՝ «Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը՝ Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ:

Տարիներ շարունակ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցություն, տարեց տարի առավել ամրապնդելով իր դիրքերը Ֆրանկոֆոն աշխարհում, իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին: Ամենաթարմ օրինակներից է 2011թ. հոկտեմբերին Երեւանում կայացած ֆրանսախոս քաղաքապետերի համաժողովը, երբ Երեւանի քաղաքապետի հրավերով ամբողջ աշխարհից ավելի քան 150 ֆրանսախոս քաղաքապետեր հավաքվեցին Երեւանում: Այն ցույց տվեց ֆրանսախոս ապակենտրոնացված համագործակցության ուժը եւ հայկական քաղաքներին նոր հնարավորություններ տվեց համագործակցելու իրենց ֆրանսախոս գործընկերների հետ:

Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ՝ ավելի քան 250 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ»:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply