Հայաստանում ֆրանսիական համալսարանում նշվեց ՙՄԱԿ-ում Ֆրանսերենի օրը՚

Օրվա լուր | | March 22, 2012 17:38

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն իմացան ավելին ՄԱԿ-ում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը լինելուց բացի` ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի Քարտուղարության աշխատանքային լեզուներից մեկն է: Ֆրանսերեն խոսում են բոլոր մայրցամաքներում, ինչը կարևոր դեր է խաղում աշխարհում ՄԱԿ-ի հաղորդագրությունը տարածելու գործում:

Միջոցառումը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) ու Հայաստանում ֆրանսիական համալասարանի նախաձեռնությունն էր, որին օժանդակել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Այն կազմակերպվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է ՙՄԱԿ-ում լեզուների օրեր՚. մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես նշում է այս վեց լեզուների օրերը 2011թ. սկսած: Առաջինը ցուցակում ֆրանսերենի օրն է:

Դաֆինա Գեռչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Ժոել լե Մորզելեկը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը, Անրի Ռենոն` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Ջոն Սլոանը` Մոսկվայում Կանադայի դեսպանը, Քրիստիան Տեր-Ստեփանյանը` ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդականը, խոսեցին ՄԱԿ-ի զարգացման գործում ֆրանսերենի կարևորության մասին և կոչ արեցին հայ երիտասարդներին սովորել ֆրանսերեն:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց. ՙԵս իսկապես ուրախ եմ, որ այսօր այսքան պայծառ երիտասարդներ կան այստեղ: Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, ինչը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա՚:

Ժոել լե Մորզելեկը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորն ասաց. ՙՖրանսերեն լեզուն առանձնահատուկ լեզու է. ավանդաբար ընկալված լինելով իբրև դիվանագիտության լեզու, այն նաև մշակույթի լեզու է, իսկ այսօր արդեն, գոբալիզացիայի համատեսքտում, հաղորդակցման լեզու է 75 պետություններ համախմբող ֆրանկոֆոն տնտեսական տարածքի ներսում՚:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները ներկայացրեցին ֆրանսերենի դերը, որպես ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնական վեց և աշխատանքային երկու լեզուներից մեկը, ինչպես նաև իրենց նկարահանած տեսանյութը Ֆրանկոֆոնիայի վերաբերյալ: Այնուհետև ցուցադրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մասին տեսանյութ ֆրանսերեն լեզվով: Միջոցառման ավարտին երաժշտական կատարմամբ հանդես եկան թիվ 78 դպրոցի և Fondation Ecole Francaise-ի աշակերտները:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply