Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ նախկինում էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 22, 2012 17:32


Ներկայումս Ադրբեջանում շատ հետաքրքիր իրավիճակ է զարգանում: Այդ երկրում հասունանում է սոցիալ-քաղաքական դժգոհություն, որը դրսևորվում է սոցիալական բունտերով, ինչպիսին ադրբեջանական Կուբա քաղաքում եղավ վերջերս: Այսօր` մարտի 22-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանում տեղի ունեցած այդ բունտերը ձևակերպվեցին, որպես լեզգիական բունտ, բայց դա այդպես չէ:
“Իրականում` այդ բունտն էթնիկ բաղադրիչ չունի, և այն տիպիկ սոցիալական բունտ էր: Դա աղքատ ու թալանված ժողովրդի բունտն էր քաղաքի քաղաքապետի, քաղաքային էլիտայի դեմ, որ նշանակված են դրսից: Ադրբեջանի ծայրամասային գավառներում սոցիալական վիճակը անտանելի է և այդ բունտը առաջինը չէր` նախորդը Կուր-Արաքսյան միջագետքում էր, երբ այնտեղ հեղեղումներ էին, և այնտեղ նույնպես սոցիալական բունտ եղավ:
Այնտեղ տեղի են ունենում տնտեսական շատ լուրջ փոփոխություններ: Սկսած` ոչ պաշտոնապես 2008, իսկ պաշտոնապես` 2009 թվականից` այնտեղ դիտվում է նավթի արդյունահանման ծավալների անկում: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ այդ անկումը կշարունակի հետագայում ևս: Նավթի արդյունահանման գագաթնակետը եղավ 2010 թվականին, իսկ դրանից հետո անկում է արձանագրվում: Անցյալ տարվա համար Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմել է 0.1 տոկոս: Սա ռեալ անկում է: Նույնիսկ, եթե իրականում այսպես լիներ, սա էլի կլիներ անկում: Բայց քանի որ մենք գիտենք, թե ինչպես է Ադրբեջանում վիճակագրությունն անցկացվում, այդ անկումն ակներև է: Երբ սկսվում է ծախսվել կայունացման հիմնադրամը և տնտեսական վիճակը սկսում է փոփոխվել առանցքային կերպով, և եթե չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նավթի գները միանգամից սկսեն աճել, իսկ ես այդպիսի իրադարձության նախադրյալ չեմ տեսնում, ապա այդ իրավիճակը բավականին բարդ է: Ադրբեջանում կա բավականաչափ խուլ դժգոհություն, գրեթե բոլոր ուղղություններով”,- նշեց քաղաքագետը:
Նա ասաց, որ սրանք քաղաքական և սոցիալական կյանքի այն ցուցիչներն են, որոնք 3-4 տարի հետո մեզ կցուցադրեն բոլորովին այլ Ադրբեջան: Այդ այլ Ադրբեջանը, իրականում, արդեն իսկ կա, բայց մամուլն այդ դեռևս չի հասկացել:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply