“Ժառանգություն”- “Ազատ դեմոկրատներ” դաշինքը փոխշահավետ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 22, 2012 17:28


Այսօր` մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ “Ժառանգություն” և նորաստեղծ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների կազմած դաշինքին: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ միասին այս երկու կուսակցուոթյուններն ավելի մեծ շանսեր ունեն Ազգային Ժողով մտնելու, քան առանձին-առանձին:
“Ազատ դեմոկրատների տրամաբանությունը հասկանալի է. Այս կուսակցությունը բավականին երիտասարդ է, այս կուսակցությունը դեռևս չի հաստատվել քաղաքական դաշտում: Անհատական և փորձագիտական կապիտալ նրանք ունեն, իսկ իմիջի կապիտալ, որ կուսակցությունները ձեռք են բերում երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, նրանք դեռևս չունեն: իսկ ընտրությունները հենց հիմա են, այլ ոչ մեկ կամ հինգ տարի հետո: Եվ այս իմաստով` դաշինքի մեջ մտնել մի կուսակցության հետ, որն ունի այդ իմիջային կապիտալը, բավականին ռացիոնալ է, և հույս է տալիս` խորհրդարան մուտք գործելու: Ես կարծում եմ, որ այդպիսի հույսեր, առանց “Ժառանգության” հետ դաշինքի, “Ազատ դեմոկրատները” չէին կարող ունենալ”,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մյուս կողմից, խոսելով “Ժառանգության” մասին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս կուսակցությունն ունի իմիջային կապիտալ, և ունի իր ընտրազանգվածը: Այն ընտրազանգվածը, ում դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի անձը և այդ կուսակցության իմիջը: Այլ հարց է, որ դա նույնպես բավարար չէ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար:
“Իսկ “Ազատ դեմոկրատներն” ունեն որոշակի պոտենցիալ: Այդ պոտենցիալն այն մարդիկ են, ովքեր բավականին ծայրահեղ ընդդիմադիր են տրամադրված, բայց արդեն պատրաստ չեն ՀԱԿ-ի օգտին քվեարկել: Այսինքն` սրանք այն մարդիկ են, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներն էին, 2008 թվականի ընտրություններում` այդ մարդիկ քիչ չեն, բայց որոնք այս կամ այն պատճառով հիասթափված են այս երկու գործիչներից”,- պարզաբանեց “Կովկաս” ինստիտուտի ընօրենը:
Իսկ թե որքան է այդ մարդկան թիվը, քաղաքագետն ասաց, որ ընտրությունները ցույց կտան:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply