Հուշ-ցերեկույթ` նվիրված Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 90 ամյակին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 22, 2012 16:10

Այսօր Ազգային գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված լեզվաբան, գրականագետ, մատենագետ  Ռաֆայել Իշխանյանի հիշատակին. նա այս տարի կդառնար 90 տարեկան:  Ազգային գրադարանի նիստերի դահլիճը, անգամ միջանցքը  լեցուն էր. ներկա էին Ռաֆայել Իշխանյանի հարազատները, նախկին ուսանողները, ընկերները:

«Հոգևոր Հայաստան» մշակությաին  ՀԿ նախագահ, «Անկախ» թերթի պատասխանատու քարտուղար  Անահիտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Ռաֆայել Իշխանյանին հիշելիս առաջինը մտաբերում է  նրա սկզբունքայնությունը, աշխատասիրությունը, հետևողականությունը, տոկունությունը:

«Մի օր հասկացա, որ գիտությունը նրա համար միջոց էր, ոչ թե նպատակ, գլխավոր նպատակն էր, որ հայերս միշտ պահպանենք մեր ինքնությունը և լինենք անկախ, ասում էր, որ պիտի լինենք հայամտած և դրան հասնելու համար ամեն ինչ անում էր»,- ասաց  Հարությունյանը:

Իսկ մեծն գիտնականի ուժն ու եռանդը Հարությունյանը բացատրում է նրա ներողամտությամբ. «Բոլորին ներում էր, իսկ երբ ներում ես, ուժերդ քեզ են մնում: Նա աշխարհ էր եկել կարևոր առաքելությամբ, որը փայլուն իրագործեց»:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Իշխանյանը` 20-րդ դարի հայ հսկաներից մեկը,  եղել է ոչ միայն իր, այլ նաև մի ողջ սերնդի ուսուցիչը:

«Նրա նպատակն էր, որ հայ ժողովուրդն ազատվի անլիարժեքության բարդույթից, իրեն չզգա այլ ազգի կցորդ, լինի անկախ և ինքնուրույն: Նա հասկացել էր, որ ձողը, որի շուրջը հավաքված է հայ ժողովուրդը, լեզուն է, ուստի պայքարում էր հայոց լեզվի պահպանության համար,- ասաց Մանուկյանը:- Հավերժ լինելու է հայկական անկախ պետությունը և դրա հիմքում Իշխանյանի գաղափարը»:

Ռաֆայել Իշխանյանի ուսանողներից Կորյուն Առաքելյանն էլ հիշեց, թե ինչպես էր մեծն լեզվաբանը պարտադրում, որ ուսանողներն անպայման սովորեն. ոչ ոքի համալսարանից դուրս չէր թողնում, բայց անբավարարներ նշանակելով ամիսներով կտաներ-կբերեր, մինչև սովորեին:

«Ինձ հարուստ եմ զգում, որ եղել եմ Ռաֆայել Իշխանյանի ուսանողը»,- ասաց Առաքելյանը:

Նա առաջարկեց նաև  Իշխանյանի բոլոր գործերը մեկտեղել բազմահատորյակում` հանրությանը մեծն հայի ողջ գործունեությունը ներկայացնելու համար:

Արվեստաբան Լևոն Չուքասզյանի խոսքով` Ռաֆայել Իշխանյանի կերպարը, արձագանքը հասարակական երևությաների նկատմամբ եղել է ընդօրինակման առարկա իրենց սերնդի համար, միայն թե տոկությունը միշտ չէ, որ բավարարում է: «Անսահման հայրենասիրությամբ և հայակենտրոն մտածողությամբ էր տարբերվում մյուսներից»:

Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն էլ նշեց, որ հատկապես խորհրդային տարիներին անհրաժեշտություն էր, որ «մեկը մեզ սթափեցներ, հիշեցներ, որ մեր գոյության գրավականը հայոց լեզուն է»:

Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը,  հավաքվածների համար ընթերցեց նրա անտիպ բանաստեղծություններից մեկը` հավելելով, որ առաջիկայում բոլոր բանաստեղծությունները կամփոփվեն մեկ գրքույկում:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply