Օտար երկրներում բնակվող հայերի օլիմպիական հաղթանակները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 27, 2012 7:00

Տարին օլիմպիական է, և շարունակում ենք ներկայացնել այդ ստուգատեսում հայ մարզիկների ունեցած հաջողությունները: Մեր թերթի նախորդ համարներում ընթերցողներին ծանոթացրել ենք Հայաստանի այն ներկայացուցիչներին, որոնք օլիմպիական խաղերում մրցանակակիր են դարձել, առավել ևս` ոսկե մեդալների են տիրացել: Բայց ահա  ճակատագրի բերումով տարբեր երկրներում հայտնված մեր հայրենակիցներն էլ անմասն չեն մնացել օլիմպիական շռնդալից հաջողություններից: Ներկայացնենք նրանց, ովքեր չեմպիոններ են դարձել, փառք բերել այն պետություններին, որտեղ բնակվել են:

Ահա,  թե մեր հայրենակիցներից ովքեր են հռչակվել ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ:

1952-ին, երբ Հելսինկիում ԽՍՀՄ հավաքականն իր նորամուտը նշեց  օլիմպիական խաղերում,  հավասարը չունեցավ ծանրորդ  Ռաֆայել Չմշկյանը: Թբիլիսում ծնված և մեծացած այդ մարզիկն այն ժամանակ շատ երիտասարդ էր, ընդամենը 23 տարեկան, սակայն արդեն մեծ ճանաչման էր արժանացել: Նա ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի չեմպիոն էր:  20 տարի անց Մյունխենում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոն դարձավ այս մարզաձևի մեկ այլ հայ դյուցազն` Բուլղարիան ներկայացնող Նորայր Նուրիկյանը: Չորս տարի անց նա իր հաջողությունը կրկնեց Մոնրեալում կազմակերպված խաղերում:

Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլի  ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956-ին չեմպիոն է դարձել Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերում: Այն տարիներին թույլատրվում էր օլիմպիական խաղերին մասնակցել միայն ոչ պրոֆեսիոնալներին: Սոցիալիստական երկրների հավաքականների խաղացողներն այդպիսի կարգավիճակ ունեին, քանի որ քողարկվում էր մարզիկների վարձատրությունը: Այդուհանդերձ, ԽՍՀՄ-ի այս մարզաձևի ներկայացուցիչները հետագայում չկարողացան այդպիսի հաջողության հասնել:

ԽՍՀՄ հավաքական թիմի կազմում հանդես եկած հայ մարզիկներից ամենահաջողակը հանդբոլիստ Պավել Սուքիասյանն է: Կրասնոդարում ծնված, հետագայում Մոսկվա տեղափոխված Սուքիասյանը 1992-ին  միացյալ հավաքականի կազմում չեմպիոն է դարձել Բարսելոնում, իսկ 2000-ին արդեն պաշտպանելով Ռուսաստանի հավաքականի պատիվը` Սիդնեյում կրկին արժանացել է ոսկե պարգևի: Ի դեպ, թեև լեգենդար դարպասապահն այժմ 50 տարեկան է, սակայն շարունակում է հաջողությամբ խաղալ Ռուսաստանի առաջնությունում:

ԽՍՀՄ ձիասպորտի հավաքականի կազմում 1980-ին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոն է դարձել Ռոստովում ծնված մեր հայրենակից Վիկտոր Ասմաևը: Նույն ստուգատեսի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում էլ հավասարը չի ունեցել Մոսկվայում բնակվող  Սանասար Հովհաննիսյանը: Ավելի վաղ` 1976-ին, Մոնրեալում կայացած օլիմպիական խաղերում, բոլոր գոտեմարտերը գրանցելով իր օգտին,  պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Նալբանդյանը: ԽՍՀՄ-ը ներկայացրած այս մարզիկը ծնունդով աստրախանցի է: 1992-ին` ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո, վերջին անգամ հանդես գալով միացյալ հավաքականի կազմում, թիմային մրցումներում չեմպիոն են դարձել Ուկրաինան ներկայացնող կիևցի սուսերամարտիկ Գեորգի Պողոսովը և մոսկվացի բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանը:

2000-ին էլ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը Սիդնեյում երկրորդ անգամ է դարձել չեմպիոն, սակայն արդեն հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո: 1996-ին, երբ նա առաջին անգամ էր հաջողության հասել, ներկայացնում էր Հայաստանը: 2000-ին նույն Սիդնեյում և 2004-ին էլ Աթենքում սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի կազմում պատվո պատվանդանի առաջին աստիճանին է կանգնել Բաքվում ծնված և Մոսկվա տեղափոխված Կարինե Ազնավուրյանը: Նույն երկիրը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը (Ռոստով) չեմպիոն է դարձել 2000-ին, Սիդնեյում: ԱՄՆ-ն ներկայացնող հանրածանոթ թենիսիստ Անդրե Աղասին օլիմպիական բարձունքում է հայտնվել 1996-ին Ատլանտայում կայացած խաղերում: Իսկ  2008-ին Պեկինում կազմակերպված օլիմպիական վերջին խաղերում բախտն ուղեկից է եղել մեր երկու հայրենակիցների: Ուկրաինայի պատիվը պաշտպանող Արթուր Այվազյանը հաղթել է հրաձգության մրցումներում, իսկ Բյուրակն Հախվերդյանը պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին է կանգնել ջրագնդորդուհիների ԱՄՆ-ի հավաքականի կազմում:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply