Անարդարություն մրցագորգի վրա
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | March 25, 2012 7:00
Սովորական է դարձել` երբ մեր մարզիկները միջազգային ստուգատեսներում ցանկալի արդյունքի չեն հասնում, մարզիչներն արդարանում են, թե մրցավարներն անկողմնակալ չեն գտնվել: Եվ դժգոհություններն անպակաս են:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում օրերս կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, իհարկե, օլիմպիական խաղերի համար վարկանշային չէր, սակայն նշված առումով բացառություն չէր:
Մերոնք այդ ստուգատեսում անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Ազատ ոճի ըմբիշներից բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներից նույնպեսի պարգևի արժանացան Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ): Արթուր Ալեքսանյանն էլ (96 կգ) 21 տարեկանում առաջին անգամ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն:
Այդուհանդերձ մտահոգվելու առիթներ էլ կան, քանի որ մեր մի քանի ուրիշ ըմբիշներից ևս սպասելիքներ կային, սակայն նրանք ձեռնունայն մնացին: Իսկ մրցավայրում արձանագրված մի տխուր միջադեպ ուղղակի փչացրեց ամեն ինչ: Խոսքը 55 կգ քաշայինների մրցաշարում Ռոման Ամոյանի և ադրբեջանցի Էլչին Ալիևի մրցամարտի մասին է: Մեր տիտղոսավոր մարզիկն առաջին իսկ գոտեմարտից հետո դուրս մնաց պայքարից: Ընդ որում, Ռոմանի հիմնական մրցակիցը` ադրբեջանցի աշխարհի չեմպիոն Ռովշան Բայրամովը, 2012-ին Լոնդոնում կայնալիք օլիմպիական խաղերի ուղեգիր արդեն նվաճել է և, անհատական ծրագրով նախապատրաստվելով այդ ստուգատեսին, բաց է թողել Եվրոպայի առաջնությունը:
Խորհրդածելու առիթ է տալիս նաև այն, որ երկար ժամանակ է Հայաստանի հավաքական են հրավիրվել օտարերկրացի մի շարք ըմբիշներ, և նրանք հիմնականում չեն արդարացնում սպասելիքները: Այս անգամ էլ ազատոճայիններ Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Նորմահոմեդովը (84 կգ) և Ռուսլան Բասիևն (120 կգ) առանց մեդալի մնացին: Նախկինում նրանք հաջողություններ ունեցել են և հույսեր ներշնչել: Բայց եթե մինչև հիմա այդ ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր չունեն և հին աշխարհամասի առաջնությունում էլ տպավորություն չեն թողել, դժվար է ասել, որ կարելի որևէ լավ բան սպասել:
Եվ ահա մրցավայրից մեր պատվիրակների վերադարձից հետո Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հայտնեց,որ ինքն ընդհանուր առմամբ գոհ է իր սաների մրցելույթից, իսկ մրցավարությունից` ոչ: Ի դեպ, առաջնությունում Ամոյանի գոտեմարտի ժամանակ մրցագորգի մրցավարը Ջուլֆալակյանին զգուշացում էր հայտարարել, իսկ մեր մարզիկի մրցագորգի վրա արտահայտած ցուցադրական դժգոհության և հանդիպումը շարունակելուց հրաժարվելու հետևանքը եղել է այն, որ նրան որակազրկել են` չթույլատրելով բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր անցկացնել: Իմիջիայլոց, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է այդ հանդիպումը սպասարկած բոլոր մրցավարներին, իսկ մեր երկրի ներկայացուցչի վարքագիծը քննարկման է ներկայացվել կազմակերպության կարգապահական կոմիտեի նիստում:
Կատարվածը մասնագետի աչքերով
Զրուցեցինք Եվրոպայի առաջնությունը սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանի հետ, խնդրեցինք նրան կատարվածի կապակցությամբ իր տեսակետը հայտնել: Նախ հետաքրքրվեցինք, թե մրցավարն իրավունք ունե՞ր բողոքարկելու համար զգուշացնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին:
– Առաջնությունից առաջ Բելգրադում մրցավարների միջազգային սեմինար էր կազմակերպվել, որի նպատակն էր մասնագետներին նախապատրաստել առաջիկա օլիմպիական խաղերին, նաև նրանց շարքերից ընտրություն կատարել: Ուշագրավն այն է, որ գլխավոր մարզիչների նկատմամբ մրցավարների վերաբերմունքի մասին սեմինարների ժամանակ մի բան է հրահանգվում, սակայն պաշտոնական մրցումներում արդեն այլ պահանջներ են ներկայացվում: Իրականում, ըստ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցումների կանոնադրության, ամեն ինչ հնարավոր է անել: Նույն պատկերն է նաև մարզիկների կողմից կատարած հնարքների գնահատման հարցում: Ինչ վեաբերում է Ամոյանին, ապա նա առաջին մրցափուլն իր օգտին գրանցելուց հետո կարող էր հաղթել նաև երկրորդում և ամեն ինչ ավարտել, բայց, չգիտես ինչու, մեր մարզիկը հապաղեց: Որ մրցավարները տարաձայնություններ ունեին, ակնհայտ էր: Մի քանի անգամ կողային մրցավարն առաջարկեց նկատողություն հայտարարել ոչ մաքուր հանդիպում անցկացնող ադրբեջանցի ըմբիշին, սակայն մրցագորգի վրա գտնվող կորեացի մրցավարը չարձագանքեց նրան: Ընդ որում, կորեացի մասնագետն օլիմպիական երեք խաղ է սպասարկել, փորձառու է, սակայն այս անգամ ակնհայտորեն իր բարձրության վրա չէր: Իսկ երբ երրորդ` վճռական մրցափուլում մեր մարզիկին նկատողություն հայտարարեց ծնկած դիրքում մրցակցի ձեռքի թաթերն իրենից հեռացնելու համար, Ռոմանի նյարդերը տեղի տվեցին: Ի դեպ, մրցումների առաջին օրը խորհրդակցություն է անցկացվել և հայտարարվել, որ հատուկ ուշադարություն պետք է դարձնել, որ մարզիկները ծնկած դիրքում պաշտպանվելիս ձեռքերն իրարից հեռու` բացված պահեն, որպեսզի մրցակցի բռնվածքը չանջատեն: Եվ ցավալի է, որ Ամոյանը պատժվեց ու պարտվեց:
– Բայց Ռոմանը չշարունակեց պայքարը:
– Պարզապես նրա նյարդերը չդիմացան: Չպետք է անտեսել, որ Ամոյանը 5-6 կգ քաշ էր «գցել», լարված էր: Նա հստակ գիտակցում էր, որ այդ քաշային կարգում աշխարհում ուժեղներից է և չհամբերեց, երբ նման բաներ արվեցին:
– Ամեն դեպքում կարելի էր շարունակել գոտեմարտը: Պարտությունից հետո էլ, եթե Ամոյանը չորակազրկվեր, կարող էր 3-րդ մրցանակակիր դառնալ: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար ֆինանսական մեծ միջոցներ էին ծախսվել, զգալի աշխատանք էր կատարվել, քրտինք թափվել: Մինչդեռ մեր մարզիկն ընդհանրապես ձեռնունայն մնաց:
– Նա ուղղակի հունից դուրս եկավ: Պետք է ամուր նյարդային համակարգ ունենալ: Կողմնակալ մրցավարմանը զոհ են դռնում նաև օլիմպիական խաղերի չեմպիոններ: Այնպես որ մրցագորգ եկողը նաև պետք է խարդավանքների, սադրիչ տարբեր գործողությունների պատրաստ լինի և չհակադարձի: Մինչդեռ Ամոյանը ցուցադրաբար պառկեց մրցագորգին, հետո էլ մրցավարի փոխարեն բարձրացրեց մրցակցի ձեռքը:
– Մրցագորգի մրցավարն ինչո՞ւ ոչ միայն չընդունեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի բողոքը, այլև նրան զգուշացրեց: Պատճառն այն էր, որ Լևոն Ջուլֆալակյանը հեգնանքով` ծափերո՞վ է ընդունել մրցավարի վճիռը:
– Մարզիչն իրավունք ունի ի նշան բողոքի խորանարդիկը նետել մրցագորգ, որպեսզի մրցավարները դադարեցնեն հանդիպումը, դիտեն վիճահարույց դրվագի տեսագրությունը և փոխեն կամ չփոխեն կայացրած վճիռը: Ի դեպ, որոշումը չվերանայելու դեպքում բողոքող կողմի մրցակցին ևս մեկ միավոր է շնորհվում: Բայց եթե մրցավարներից երեքը կարծում են, որ ըմբիշի մարտավկայի` տվյալ դեպքում մարզչի բողոքն անհիմն է, ապա այն չի քննարկվում: Եթե Ջուլֆալակյանի արարքում որևէ պարսավելի քայլ նկատվեր, ապա այդ ժամանակ նրան պատժելն արդարացված կլիներ: Սակայն Հայաստանի հավաքականի մարզիչն ինչպես միշտ, այս անգամ էլ իրեն հավասարակշռված պահեց, չափը չանցավ, չբղավեց, արտառոց ոչինչ չարեց: Այդուհանդերձ, մրցավարը նրա արարքում իր համար վիրավորական բան է տեսել և որոշել է պատժել: Կարծում եմ, որ Ամոյանը պետք է անտրտունջ շարունակեր պայքարը, հետո էլ բավարարվեր բրոնզե մեդալով: Այս ստուգատեսը օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից առաջ պարզապես քննությունն էր, այնքան էլ մեծ նշանակություն չուներ:
– Այդ դեպքում ինչո՞ւ էին կրքերն այդչափ բորբոքվել, այն էլ` առաջին հանդիպման ժամանակ:
– Ինձ համար էլ պատճառն անհասկանալի է: Հնարավոր է` դեր է խաղացել այն հանգամանքը, որ մրցում էին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
– Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կարո՞ղ է բողոքարկել:
– Ինչ խոսք, կարելի է նաև դատի տալ, բայց առջևում վարկանիշային մրցաշարեր են, օլիմպիական խաղեր: Իմաստ չունի առճակատման գնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դեմ, առավել ևս, որ վատ մրցավարության համար այդ հանդիպումը սպասարկած հինգ մասնագետներն էլ անմիջապես որակազրկվել են: Ինչևէ, Հայաստանի ըմբիշներն իրենց պատրաստականությամբ ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեցին:
– Վերջում Բելգրադում կայացած սեմինարի մասին: Արդեն ընտրվե՞լ են օլիմպիական խաղերը սպասարկող մրցավարները:
– Լոնդոն է ուղևորվելու 60 մրցավար: Առաջիկա օրերին հայտնի կդառնան բոլորի անունները: Հույս ունեմ, որ կընդգրկվեմ օլիմպիական խաղերի մրցավարների խմբում:
– Իսկ սպարկելո՞ւ եք վարկանիշային մրցաշարերը:
– Այո: Ապրիլի 20-22-ը օլիմպիական ուղեգրերի խաղարկման մրցաշար կանցկացվի Բուլղարիայում, ապրիլի 26-28-ը` Թայվանում, մայիսի 4-6-ը` Ֆինլանդիայում: Այն կարծիքին են, որ հունահռոմեական և ազատ ոճի մեր ըմբիշներն առաջիկա վարկանիշային մրցաշարերում ևս 3-4 օլիմպիական ուղեգրի կտիրանան:






Facebook
Tweet This
Email This Post
