Հանճարեղ երեխաներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 24, 2012 7:00

Հանճարեղ երեխաների համար երբեմն կյանքում շատ դժվար է.  մեզանից շատերը «հրաշք երեխաների» մասին պատմությունները սնափառ ծնողների հորինածն են  համարում կամ էլ   լրագրողների հնարածը: Ո՞վ չգիտի, որ երբեմն ծնողները կարող են անգութ լինել` իրենց երեխաների մտավոր ու ֆիզիկական ունակությունները զարգացնելու համար: Հիշենք թեկուզ Պագանինիին…

Ուրեմն,  երեխաների տաղանդը  ծնողների վաստա՞կն է, թե՞  իրենց`  փոքրիկների  անձնական որակը  (աշխատասիրություն, հաստատակամություն): Ի՞նչ է տաղանդը. բնատուր ունակությունների զարգացո՞ւմ, թե՞ դաստիարակության արդյունք: Մեծ Կանտը ժամանակին գրել է. «Տաղանդը  մի բան անելու մեծ շնորհ է, որը չես կարող սովորել ու սովորեցնել»:

Տաղանդը շատ երեխաների մեջ դրսևորվում է  շատ վաղ տարիքում:

Ինչպե՞ս կարելի է որոշել երեխայի շնորհալիության մակարդակը: Ընդունված է վունդերքինդ համարել այն երեխային, որի օժտվածությունն ի հայտ է գալիս  վաղ տարիքում, բացառիկ դեպքերում` ծնունդից մի քանի ամիս հետո, ավելի հաճախ` այն ժամանակ, երբ մյուս երեխաները  դեռևս չեն կարողանում կարգին քայլել ու խոսել: Երեխայի օժտվածությունը չի վստահեցնում, որ մեր առջև ապագա տաղանդ է: Շատ երեխաներ, որոնք իրենց մտավոր կարողություններով հասակակիցներից մի քանի քայլ առաջ են, տարիների հետ կորցնում են այդ  առավելություններն ու հավասարվում: Ստացվում է, որ տարիներ անց նրանք` նախկինում տաղանդավոր երեխաները,  դառնում են  սովորական, շարքային, հասակակիցներից ոչնչով չառանձնացող մարդիկ:

Ի դեպ, հանճարեղ մարդիկ հարյուր տարին մեկ չեն ծնվում, ինչպես ասում է թևավոր խոսքի վերածված արտահայտությունը: Իրականում նրանք ծնվում են ամեն օր: Ով փնտրում է տաղանդ, գտնում է ամենուր:

Վաղ տարիքում օժտվածության երևույթն ուսումնասիրել ու շարունակում են ուսումնասիրել բազմաթիվ գիտնական-մասնագետներ, ժառանգաբաններ, որոնք կարծում են, որ «հրաշք-երեխան» «գեների  ու նպատակակետի դիպուկ համընկնում է»:

«Բնությունը ցատկեր չի անում» արտահայտության հեղինակը Արիստոտելն է: Փաստերը, սակայն, ասում են, որ բնությունը ոչ թե  ցատկեր, այլ հակառակը, մեծ թռիչքներ է գործում, ու դրա ապացույցը օժտված, հանճարեղ երեխաներն են, որոնք  ասես անհասանելի ու հանելուկային խորհուրդ ունեն: Համակարգչի արագությանը համաքայլ` նրանք  մտովի բազմապատկում են հնգանիշ թվեր, վստահորեն ղեկավարում են նվագախումբը, փայլուն ջութակ նվագում, հաղթում միջազգային դասի շախմատիստին: Նրանք մեծ բարձունքների են հասնում նաև պոեզիայում, նկարչության մեջ:

Հանճարեղ երեխա էր Մոցարտը, որը երաժշտություն ստեղծեց ավելի վաղ, քան գրաճանաչ կդառնար: Տաղանդավոր երեխա էր Հաուսը, որը 3 տարեկանում թվաբանական բարդ վարժություն լուծեց:  1721-ին Լյուբեկում ծնվեց Քրիստիան Հենրիխ Հայնեկենը, որը 5 ամսականում  տիրապետում էր լեզվին, 15 ամսականում Հին կտակարանից շատ գլուխներ գիտեր անգիր, լավ խոսում էր ֆրանսերեն, լատիներեն, հետաքրքրվում էր մաթեմատիկայով ու կենսաբանությամբ: Նա որոշեց իր հոր հետքերով գնալ, որը պատմաբանության պրոֆեսոր էր: Նրա «Դանիայի պատմությունը» աշխատությունը ողջ  գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում էր: Նրան նույնիսկ Դանիայի թագավորն էր իր մոտ հրավիրել ու պարգևատրել շքանշանով, իսկ ինքը` փոքրիկ Հայնեկենը, պալատականների համար պատմության  դասախոսություն կարդաց: Հայնեկենը մահացել է 4,5 տարեկանում: Ավանդությունը պատմում է, որ պալատում կազմակերպված ճաշկերույթից նա հրաժարվել է` պատասխանելով, որ բացի մանկական ապուրներից, ուրիշ ոչինչ չի ուտում: Բացի այդ, ասում են, որ Հայնեկենը տառապում էր պրոգերիայով` վաղաժամ ծերացմամբ:

Մեր ժամանակներում օժտված երեխաներին ինժեներատեխնիկական  կանոններն ավելի են  գրավում, քան հումանիտարը: Ինչպես և հնում, այժմ էլ նրանց մտավոր ու նաև բարոյական որակները հիացնում են:

Փոքրիկ հանճարներն ապշեցուցիչ արդյունքների են հասնում այն տարիքում, երբ նրանց հասակակիցները դեռևս ոչինչ չեն անում ու  չգիտեն:

Լեգենդներում  «հրաշք երեխայի» մասին առաջին հիշատակումը Հերակլեսի մասին է (Զևսի ու հասարակ մահկանացու դստեր որդին): Հերան` Զևսի կինը, խանդելով ամուսնուն, որոշում է սպանել փոքրիկին ու նրա օրորոցի մեջ երկու թունավոր ու սարսափելի օձ է գցում: Սակայն փոքրիկը մանկուց օժտված էր չտեսնված ուժով. նա փոքրիկ ձեռքերով սպանում է օձերին:

Որտե՞ղ է հրաշք երեխայի ու ֆենոմենի սահմանագիծը:

Օժտված երեխայի մտավոր ունակությունները կարող են արագացված տեմպերով զարգանալ` հակասելով մարդկային օրգանիզմի զարգացման օրենքներին: 1977-ին Ուրուգվայի ոչ մեծ մի քաղաքում մի երեխա ծնվեց, որը  լույս աշխարհ գալուց 50 օր հետո սկսեց խոսել հոդաբաշխ ու իմաստավորված արտահայտություններով: Փոքրիկ Ժոֆրի Իմազուլը անսպասելի զարմացրեց ծնողներին`  կրծքով կերակրվելու ժամանակ հայտարարելով, որ այլևս ուտել չի ուզում: Հետո դիմեց իր քեռուն` անունով: Գուցե սա լրագրողների` սենսացիայի նպատակով հորինած պատմություն է, որի մասին հեռագրով է տեղեկացվել, սակայն մի պատմություն էլ կա սեուլցի Ունգ Ենգ Կիմի մասին, որը 3 ամսականում սկսեց խոսել, իսկ  դանիացի Հայնեկենը 10 ամսականում արդեն շատ  վարժ էր խոսում:

Շնորհալի երեխաները մյուսներից հստակ տարբերվում են նրանով, որ այս երեխաների մտավոր (ոչ ֆիզիկական) զարգացումը մյուսների համեմատ ավելի վաղ է կատարվում:

Երեխայի գլխուղեղը կյանքի առաջին շաբաթներին ու ամիսներին էլեկտրոնային հաշվիչ մեքենայի է նման, որն աշխատում է իր ծավալի հնարավորության չնչին մասով, այսինքն` նրանում դրված ծրագրերը դեռևս չեն գործում: Եվ միայն  կյանքի երրորդ տարում են այդ ծրագրերը սկսում  աստիճանաբար ակտիվանալ:

Դժվար է հասկանալ, թե որտեղ է ավարտվում օժտվածությունն ու սկսվում տաղանդը: Երբեմն ուշագրավ հատկություններ` հատկապես երաժշտական հիշողություն ունեն  տհասները: Ուրեմն, իսկապես, որտե՞ղ է շնորհալիության, տաղանդի ու հանճարի հստակ սահմանազատումը:

6-ամյա Մոցարտը ոչ միայն փայլուն կատարող էր ու իմպրովիզատոր, այլև ինքնուրույն ստեղծագործություններ էր գրում ջութակի ու դաշնամուրի համար: Նա հանճարեղ էր համարվում, չնայած հանճարեղի իսկական իմաստն ընկալվում է  տվյալ ոլորտում կատարելության հասնելը:

Հանճարեղությունը, ըստ  ակադեմիական ձևակերպման, մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների բարձրագույն աստիճանն է: Եզրույթը կիրառվում է մարդու գործունեության արդյունքը գնահատելու համար:

Մեկ ուրիշ փոքրիկ հանճար` Կառլ Վիտտեն (1800-1883) Մոցարտի հակոտնյան էր: Մանուկ հասակում նա մեծ հույսեր էր ներշնչում. նրա տաղանդը դրսևորվում էր տարբեր ոլորտներում: 10 տարեկանում նա լրջորեն սկսեց զբաղվել մաթեմատիկայով, 14 տարեկանում դոկտորական թեզ պաշտպանեց փիլիսոփայությունից, 18-ում` մաթեմատիկայից, 20-ում` իրավագիտությունից: Վիտտեն թարգմանեց Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Նա բազմակողմանի օժտված ու շնորհալի մարդ էր, բայց իրականում ոչ մի  նշանավոր բան այդպես էլ չստեղծեց:

Հունգարացի դաշնակահար ու կոմպոզիտոր ֆերենց Լիստին են պատկանում հետևյալ իմաստուն խոսքերը.«Տաղանդավոր երեխաների ապագան նրանց անցյալում է»:

Տաղանդավոր երեխաների ունակությունների դրսևորման գործում մեծ են ծնողների ու դասատուների դերն ու մասնակցությունը: Սակայն նրանք էլ երբեք չպիտի մոռանան, որ տաղանդավոր երեխան առաջին հերթին երեխա է, որի հետ աշխատելու համար հատուկ մոտեցում, չափի զգացում ու համբերատարություն է հարկավոր:

Ձեր երեխան կարող է վաղ տարիքում հետաքրքրություն դրսևորել, ասենք, հնագիտության ոլորտում, պեղումների նկատմամբ, սակայն դա էլ հիմք չէ, որ հապճեպ եզրահանգումներ անեք ու  միանգամից մասնագիտական կողմնորոշման հարցում հաստատուն որոշումներ կայացնեք: Խրախուսեք նրա հետաքրքրությունները, սակայն մի պարտադրեք գնալ հենց այդ ուղղությամբ:

Երեխայի նորմալ հոգեկան զարգացման համար ընտանիքում համապատասխան պայմաններ պետք է լինեն: Նա պետք է մեծանա հանգիստ, խաղաղ ու բարի կամեցողության մթնոլորտում ու ընտանիքում պետք է ապահովություն զգա: Ծնողի բոլոր արգելքները պետք է  հիմնավորված լինեն: Երեխայի բոլոր պլաններին վերաբերվեք հարգանքով: Մի փորձեք ժամանակից շուտ երեխայի ինտելեկտը զարգացնել, քանի որ երեխայի հոգեկան զարգացումն իր օրինաչափություններն ու առանձնահատկություններն ունի: Երեխան ինքը բազում հետաքրքրություններից կընտրի, կառանձանցնի իրենը: Եվ մի բան էլ. ունակ երեխաների հետ աշխատելիս պետք է  հիշել, որ նրանց համար կարևորը հասկանալն է, ապա` հիշելը:

Դիտվել է 4106 անգամ:
Print Friendly

Leave a Reply