Թաղապետարանում ծաղկավաճառին մի լավ ամոթանք տվին լրագրողին դիմելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2012 12:19

Երևանյան փողոցներում աստիճանաբար նվազում են ծաղիկներն ու ծաղկավաճառները: Պատճառն անցած տարի Երևանի քաղաքապետարանի  ընդունած որոշումն է, ըստ որի` ծաղկավաճառները կարող են ծաղիկ վաճառել միայն այն դեպքում, եթե ձեռք բերեն դրա համար նախատեսված հատուկ տաղավարներ՝ 250 հազար դրամ արժողությամբ:

Բնականաբար, շատերը հարկադրված փոխեցին ապրուստի հայթայթման այդ ճանապարհը, քանի որ ի վիճակի չեղան այդքան գումարով տաղավար ձեռք բերել:

Տիկին Արաքսյան մի քանի տարի շարունակ ծաղիկ է վաճառել Աբովյան 17 հասցեում: Պատմում է, որ մարտի 9-ին, երբ ընդամենը երկու օր էր, ինչ սկսել էր այս տարվա ծաղկի վաճառքը (ձմռան ամիսներին չի վաճառում), նրան են մոտեցել քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ և հրամայել, որ ծաղիկները հավաքի, քանի որ տաղավար չունի: «Էդ քաղաքապետարանի վարչության պետը՝ Արմեն Եդոյանը, չեք պատկերացնի, թե ինչ տոնով էր խոսում,- պատմում է կինն ու վերհիշելով վիրավորանքը՝ նորից լաց լինում,- ասեցի՝ չես ամաչո՞ւմ, մորդ տարիքի եմ, գոնե հիշի, որ կանանց միամսյակ է, խի՞ ես էդ տոնով խոսում: Ինձ ասեց, որ հավաքեմ ծաղիկները, որովհետև ստենդ չունեմ, համ էլ Աբովյանի վրա իրավունք չունեմ ծաղիկ ծախել, ու որ ընդհանրապես մոռանամ էս փողոցը»:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Եդոյանի ամբարտավան պահվածքի մասին շատ է գրվել մամուլում դեռևս անցած տարի ծաղկավաճառների հետ կապված խնդիրները լուսաբանելիս:

Մինչ նոր որոշումը տիկին Արաքսյան, օրենքով սահմանված բոլոր հարկերը վճարելով, աշխատել է. «Ամսական 15 հազար դրամ ամեն ամիս պարտաճանաչ տարել, տվել եմ, բոլոր փաստաթղթերը մոտս են»,-ասում է նա:

Տիկին Արաքսյան հիմա էլ է պատրաստ օրենքով աշխատել՝ ձեռք բերելով անգամ 250 000 դրամ արժողության տաղավարը: Քաղաքապետարանի աշխատակիցների այցից հետո նա հավաքել է ծաղիկները, մեծ վնաս կրել և մի քանի օր անց գնացել Կենտրոն թաղապետարան, որպեսզի պարզի, թե ինչպես կարող է օրենքի սահմաններում շարունակել իր գործունեությունը: Թաղապետարանում բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ պետք է Աբովյան փողոցի փոխարեն այլ վայր ընտրի, իսկ եթե Աբովյան փողոցում է ուզում, ապա պետք է խորքային հատված ընտրի, նաև տաղավար ձեռք բերի: Պայմանավորվածության համաձայն` նա վայրն ընտրել է, լուսանկարել (Աբովյան փողոցի ներս ընկած մի հատվածում) և տարել թաղապետարանի համապատասխան բաժին, որտեղ պետք է քննարկեին՝ թույլտվություն տա՞լ, թե՞ ոչ: Սակայն մինչ օրս նրան չեն պատասխանել, գործի ամենաբեղուն միամսյակն էլ անցնում է:

Մարտի 19-ին, երբ նա հերթական անգամ պետք է գնար թաղապետարան՝ իմանալու, թե գործն ինչ ընթացքի մեջ է, միացա նրան:

Նախ փորձեցինք հանդիպել թաղապետարանի առևտրի և սպասարկման բաժնի պետին, սակայն նա տեղում չէր. քարտուղարուհին պատասխանեց, որ նա այս օրերին հիմնականում շտաբում է և շատ քիչ է լինում աշխատավայրում:

Մտանք բաժնի պետի տեղակալի մոտ: Վերջինս նույնպես տեղում չէր, փոխարենը տեղում էին բաժնի աշխատակիցներից մի քանիսը, որոնցից մեկն էլ արդեն ճանաչում էր ծաղկավաճառին: Կնոջ հարցին, թե ինչ նորություն կա իր գործից, աշխատակիցը պատասխանեց՝ դեռ բան չկա, որ լինի` կասենք:

Երբ հարցրի՝ կարո՞ղ եմ տեղեկություն ստանալ գործի ընթացքի մասին և նշեցի, որ լրագրող եմ, աշխատակիցն իմ հարցին պատասխանելու փոխարեն հարձակվեց կնոջ վրա: «Իյա…էս մարդ ես բերել, հա՞, չես ամաչո՞ւմ, զոռով ուզում ես գործերդ փչացնե՞ս …»,- վրա տվեց նա:

Աշխատակիցը դեռ երկար ժամանակ կդատափետեր կնոջը, եթե չսաստեի նրան՝ բացատրելով, որ ընդամենն ուզում եմ տեղեկանալ գործի ընթացքի մասին: Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց` նշելով, որ դա իր իրավասությունից դուրս է:

Քիչ անց բաժնի պետի տեղակալը վերադարձավ: Այս անգամ խեղճ կինը, հանդիմանանքից բավականին ընկճված, չհամարձակվեց իմ ներկայությամբ հանդիպել պաշտոնյայի հետ: Պետի տեղակալին հանդիպեցի մենակ: Իմանալով, թե ում հարցով եմ հետաքրքրված, նա զարմացավ և ասաց, որ այդ կինը պետք է որ խնդիր չունենա, քանի որ իրենք միշտ նրան ընդառաջել են. «Ստենդ չի ունեցել, ասել ենք՝ ոչինչ, թող կանգնի, տարիքով կին է, հիմա ի՞նչ է ուզում…»:

Պետի տեղակալը ևս չխնայեց կնոջը՝ հանդիմանելով նրան լրագրողի դիմելու համար, այն դեպքում, երբ իբր իրենք միշտ լավ են վերաբերվել նրան: Նա նաև ճշտեց՝ կնոջ հարցով իր հետ զրուցում եմ որպես լրագրո՞ղ, թե՞ որպես ծանոթ, հարազատ: «Եթե որպես հարազատ, ծանոթ եք ուզում նրան օգնել, դա ուրիշ հարց, դա խնդիր չի»,-ասաց նա՝ չցանկանալով, որ զրույցը ձայնագրվի և լուսաբանվի:

Անիմաստ էր բացատրել, որ լրագրողին դիմելն ամենևին էլ անամոթություն չէ, այլ պետական չինովնիկների կողմից հարցը բարդացնելու, քաղաքացուն ստույգ պատասխան չտալու և նրան տանել-բերելու հետևանք, ուստի ասացի, որ ես եմ նրան առաջարկել իր հետ գալ թաղապետարան:

Ինչևէ, բաժնի պետի տեղակալը հավաստիացրեց, որ 15 օրվա ընթացքում կնոջը կպատասխանեն՝ կարո՞ղ է իր լուսանկարած վայրում ծաղիկ վաճառել, թե՞ ոչ: Իսկ ծաղկավաճառ կնոջ մտատանջությանն ավելացավ ևս մեկը. բա որ լրագրողի այցն իսկապե՞ս գործին վնասի…

 

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply