Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում “մշտապես չի բնակվել”

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 21, 2012 19:29


Մարտի 21-ին հրավիրված էր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվում էր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) դիմումը:
Հարցն այն է, որ 2012 թվականի մարտի 7-ին թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին Սուքիասյանը ներկայացրել է դիմում` ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով որպես պատ•ամավորի թեկնածու ինքնառաջադրման մասին: Նշված դիմումին կից ներկայացվել է նաև տեղեկանք` թեկնածուի` վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու, վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Նշվում է, որ տեղեկանքը տրամադրվել է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային ծառայության պետի կողմից, և այդ տեղեկանքի ձևը համապատասխանում է ԿԸՀ 2011 թվականի հուլիսի 29 թիվ 51-Ն որոշմամբ հաստատված ձևին: Հետագայում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացվել է թիվ 25/1-15 311 գրությունը, որով խնդրվել է Էրեբունու բաժանմունքի կողմից 06.03.2012 թվականին տրամադրված տեղեկանքում առկա տեղեկատվության փոխարեն հիմք ընդունել այն փոփոխությունը, որ Սուքիասյանը չի հանդիսանում վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և մերժվում է վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը:
Այսինքն` այդ գրությունից հետևում է, որ կասկածի տակ է դրվում Խաչատուր Սուքիասյանի` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստը: Դիմումատուի կողմից նշվում է, որ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն, բնակության վայր է համարվում այն, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Այս նորմից հետևում է, որ քաղաքացու մշտական բնակության վայրը համարվում է մշտապես կամ առավելապես նրա ապրելու հանգամանքով: Սուքիասյանի մոտ տրամաբանական հարց է ծագում, թե մշտապես կամ առավելապես ապրելու հարցը որոշելու համար ո՞ր ժամանակահատվածը պետք է հիմք ընդունվի` 1 ամի՞սը, 1 տարի՞ն, 10 տարի՞ն, թե՞ այլ:
Համաձայն ոստիկանության գրության` վերջին 5 տարիների ընթացքում Սուքիասյանը ՀՀ-ում չի բնակվել 10 ամիս 20 օր: Իսկ ինքն այս առիթով նշում է, որ մեկնել է արտերկիր ոչ թե բնակվելու նպատակով, այլ` կազդուրվելու և հանգստանալու: Խաչատուր Սուքիասյանը համոզված է, որ հակառակ տրամաբանության դեպքում, եթե կառավարության անդամը մի քանի օրով գործուղման է մեկնում արտերկիր, ապա պետք է պաշտոնապես հայտարարվի, որ այդ անձը մի քանի օրով բնակության է մեկնում:
Այս ամենով` դիմումով պահանջվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված թիվ25/1-15 311 գրությունը հաշվի չառնել և, սահմանված կարգով, գրանցել քաղաքացի Խաչատուր Սուքիասյանին, որպես պատգամավորի թեկնածու:
“ԿԸՀ-ն ստացել է դիմում` հստակ պահանջով, որը, համաձայն ընտրական օրենսգրքի, պետք է հնգօրյա ժամկետում դարձնի քննարկման առարկա: Հակառակ պարագայում` ես միանշանակ համոզված եմ, որ ԿԸՀ-ն կմեղադրվեր անգործություն դրսևորելու մեջ”,- այս կապակցությամբ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ-ն մերժեց Խաչատուր Սուքիասյանի դիմումը: Պատճառաբանությունն այն էր, ՀՀ “Ընտրական օրենսգրքի՚” իրավանորմերի պահանջներին համապատասխան, ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուին գրանցելու և գրանցումը մերժելու գործառույթներն իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Այսինքն` ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ԿԸՀ քննարկման առարկա: Նիստին մասնակցում էին նաև Խաչատուր Սուքիասյանի լիազոր-ներկայացուցիչները` փաստաբան Արա Զոհրաբյանը և Հրաչյա Աղաբեկյանը:
“Խնդիրն այն է, որ, ճիշտ է, այդ փաստաթուղթը հասցեագրված է ԿԸՀ-ին և վերնագրված է` դիմում, բայց, ես կարծում եմ, որ ցանկացած դիմում էական է իր խնդրամասով: ըստ էության` այդ դիմումում ներկայացված էին Խաչատուր Սուքիասյանի մտահոգություններն ու առարկությունները` կապված ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված գրության հետ: ԿԸՀ-ի անվանումը գրված է եղել այդ դիմումի հասցեատերերի մեջ` հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անմիջական վերադասը: Դիմող կողմը որևէ մեղադրանք չի ներկայացնում ԿԸՀ-ին”,- ասաց Արա Զոհրաբյանը”
Խաչատուր Սուքիասյանի լիազոր-ներկայացուցիչը հայտարարեց, որ ԿԸՀ-ին այդ դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդել ուղղակի, որ ԿԸՀ-ն ընդունի ի գիտություն այն, ինչ կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply