ԿԸՀ-ից “մերժվածները”

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2012 19:22

ԿԸՀ-ն միևնույն նիստում մերժեց և’ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրած Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի, և’ երկու ՀԿ-ների դիմումները: Երկուսն էլ նույն ճակատագիրն ունեն` մերժված են ԿԸՀ-ի կողմից, սակայն տարբեր դիմումների և հարցերի շուրջ:

2012 թվականի մարտի 21-ին հրավիրված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որն ընդգրկում էր 5 հարց.

1.  2012 թվականի ապրիլի 22-ին Չափնի համայնքում ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև սահմանելու մասին որոշման նախագծի ներկայացում

2.   Քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագծի քննարկում:

3.   “Բայրամյան” սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժելու մասին որոշման նախագիծ

4.   “Թոփ մենեջմենթ”  կրթախորհրդատվական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժելու մասին որոշման նախագիծ

5.   Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 19.03.2012թ. թիվ Ը-36, Ը-37, Ը-38, Ը-39, Ը-40, Ը-41 դիմումների մասին որոշումների ընդունում:

2012 թվականի ապրիլի 22-ին Չափնի համայնքում ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև սահմանելու մասին որոշման նախագծով` համաձայն “Ընտրական օրենսգրքի”,  եթե ձևավորված տեղամասերի քանակը փոքր է 3-ից, ապա գործում է այն բացառությունը, որ այդ տեղամասում չի կարող և’ նախագահի, և’ քարտուղարի պաշտոնները իշխանություն ձևավորած խմբակցություների միջև բաշխվել: Այս սկզբունքի հիման վրա ընտրությունների ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվեցին հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները, որոնք, համապատասխանաբար, բաժին հասան ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին:

Օրակարգային 2-րդ հարցի մասով ԿԸՀ-ն 7 կողմ  և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց որոշում` մերժելու Խաչատուր Սուքիասյանի դիմումը` հարուցել վարչական վարույթ:

Օրակարգի հաջորդ հարցը` “Բայրամյան” սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումի քննարկման մասով էր:

“Այս ընթացքում, կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ, ունեցել ենք բազմաթիվ կազմակերպություններ, խոսքը տեղական ՀԿ-ներին է վերաբերում, որոնք ներկայացրել են դիմումներ` ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ կապված: Համաձայն ԿԸՀ կողմից հաստատված կարգի` եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին, հավատարմագրումն իրականացվում է, իսկ եթե լինում է որևէ առարկություն, ապա դրանով պայմանավորված ներկայացվում է որոշման նախագիծ: Տեղեկացնեմ, որ մինչ այսօր արդեն մոտ 10 տեղական ՀԿ-ներ ներկայացրել են համապատասխան հայտեր. ընդհանուր թվով մի քանի հազար դիտորդների հավատարմագրելու հետ կապված, և բոլոր դեպքերում էլ կայացվել է դրական որոշում հավատարմագրելու մասին”,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ինչ վերաբերում է “Բայրամյան”  սոցիալական բարեգործական կազմակերպությանը, ապա նա նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված է եղել դիմում, դիտորդների ցանկը` 10 հոգի, և կազմակերպության կանոնադրությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն` տեղական դիտորդական առաքելություն կարող են իրականացնել այն ՀԿ-ները, որոնց կանոնադրության նպատակներում ամրագրված են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

“Այս կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված չեն այնպիսի նպատակներ, ինչպիսիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակները”,- նշեց ԿԸՀ նախագահը:

Հենց սա է եղել հիմնական պատճառը, որ մերժվեցբ  այս ՀԿ-ի` ԱԺ առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելությամբ   հանդես գալու դիմումը: Նույն բովանդակությամբ և նույն պատճառաբանությամբ որոշում ընդունվեց նաև մյուս` “Թոփ մենեջմենթ” կրթախորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումի վերաբերյալ:

Ի դեպ` այս երկու ՀԿ-ների նախագահներն էլ նույն անձն էր` Արսեն Բայրամյանը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Թորոսյանի ներկայացրած դիմումներին, ապա ԿԸՀ նշեց, որ այս քաղաքացու կողմից նույն դիմումները, նույն բովանդակությամբ ու նույն հիմքերով բազմիցս ներկայացվել են ԿԸՀ-ին և մերժվել են, ուստի այդ դիմումների պահանջները նույնպես մերժվեցին:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply