Քաղաքական ուժերը մրցում են ընտրացուցակներով, իսկ նախընտրական ծրագրերի մասին լռում են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 21, 2012 19:52

Վաղը ԿԸՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար առաջադրվելու վերջին օրն է, որից հետո արդեն կմեկնարկի թեկնածուների գրանցման գործընթացը: Չնայած ժամանակը սուղ է, քաղաքական ուժերը չեն շտապում բացել խաղաքարտերը և հանրությանը ներկայացնել, թե ինչ ընտրացուցակներով են մասնակցելու առաջիկա ընտրություններին. չէ՞ որ դրանց միջոցով պարզ կդառնա, թե որքանով են քաղաքական ուժերը հավատարիմ իրենց խոստումներին ու կարգախոսներին: Առայժմ քննարկվում են միայն ընտրացուցակները, իսկ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մասին խոսք անգամ չկա, չնայած ցանկալի կլիներ, որ մրցակցեին ծրագրերով և գաղափարներով, ոչ թե ընտրացուցակներով: Ի վերջո, կարևորը արված գործն է, իսկ կատարողի անձը երկրորդական է: Իսկ ընտրացուցակներում ուշագրավ իրողությունն այն է, որ ընտրություններին մասնակցում են երեք նախկին արտգործնախարարներ:

Մարտի 18-ին իր համամասնական ցուցակի մի մասը հրապարակեց ՀՀԿ-ն. հայտնի են 250 հոգանոց ցուցակի մոտ 80 թեկնածուների անունները: Սակայն անգամ առաջին 80 թեկնածուների անունները կասկածի տակ է դնում ՀՀԿ-ի որդեգրած կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք»: Ցուցակից կարելի է ենթադրել, որ  պարզապես դատարկ խոսքեր էին ԱԺ-ն քաղաքականացնելու և գործարարներին ԱԺ-ից հեռու պահելու մասին հայտարարությունները:

Ցուցակը գլխավորում է Սերժ Սարգսյանը, 2-րդ հորիզոնականում Հովիկ Աբրահամյանն է, որին հաջորդում է Տիգրան Սարգսյանը: Եթե ցուցակի հաջորդականությունը դիտենք որպես գործչի ունեցած կշռի ու դերի արտացոլում, կնշանակի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն անտեղի է. բարեփոխումների ջատագով և իրականացնող Տիգրան Սարգսյանը զիջում է բարեփոխվող կարգերի ներկայացուցիչ Աբրահամյանին: 10-րդ հորիզոնականում է Գագիկ Բեգլարյանը` Երևանի նախկին քաղաքապետը, որ հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ներկայացուցչին պարտականությունները կատարելու համար  ծեծելուց հետո: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեկնաբանելով ցուցակում Բեգլարյանի ընդգրկվելը, հայտարարեց, թե նա հասկացել է իր սխալը. «Մարդուն կարելի է մեկ անգամ պատժել, ինքը հասկացավ իր սխալը և հրաժարական տվեց, բայց ինքը մեր ընտրաթիմի մասնակիցն է, և սիրով ներկայացնում ենք իրեն»:

Ցուցակի 15-րդ հորիզոնականում գեներալ Մանվել Գրիգորյանն է: Նա դեռ նախորդ նախագահական ընտրություններում խիստ ընդդիմադիր կեցվածք ուներ, սատարում էր Լևոն Տեր-Պետրոսյանին ու ամեն կերպ պայքարում էր, որ Սերժ Սարգսյանն իշխանության չգա: Այժմ, սակայն, Մանվել Գրիգորյանն այն նույն ՀՀԿ ցուցակում է, որի դեմ մի քանի տարի առաջ կատաղի պայքարում էր: ԵԿՄ վերջին համագումարում գեներալը հայտարարեց, որ սատարում է Սերժ Սարգսյանին, քանի որ մարտական ընկերներ են: Հարց է առաջանում` 4 տարի առաջ մարտական ընկերներ չէի՞ն:

Ցուցակի 17-րդ հորիզոնականում Արտաշես Գեղամյանն է, որը տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հասցեին սուր քննադատություն էր հնչեցնում և որի «դատարկ դհոլ» պիտակը  հենց Սերժ Սարգսյանն է տվել:  Գեղամյանը, կարծես մոռացած իր բոցաշունչ քննադատական ելույթները, այսօր ՀՀԿ-ի հետ է մասնակցում ընտրություններին:

Նույն տրամաբանությամբ ՍԻՄ-ի առաջնորդ Հայկ Բաբուխանյանն է մոռացել իր քննադատությունը ՀՀԿ-ի հասցեին և հիշում է միայն երկու քաղաքական ուժերի գաղափարական միասնությունը, որը հնարավորություն է տալիս միասին մասնակցելու ընտրություններին:

Քարոզում են «թարմ» դեմքեր, ԱԺ-ն բեռնաթափել գործարարներից, սակայն ցուցակ կազմելիս ճիշտ հակառակն են անում. ցուցակում են Վարդան Այվազյանը, Սուրեն Խաչատրյանը (Սյունիքի մարզպետը), Վարդան Ղուկասյանը (Գյումրու քաղաքապետը), Արման Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Կարեն Ճշմարիտյանը, Ռաֆիկ Գրիգորյանը և այլք:

Ցուցակի թարմ դեմքերը մի քանի կրթված երիտասարդներ են, ինչպիսիք են Վաչե Գաբրիելյանը, Տիգրան Դավթյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը: Սակայն եթե անգամ վերջիններս օրենսդիր գործունեությամբ զբաղվեն, դժվար թե փոխեն ԱԺ դեմքը կամ կարողանան ի կատար ածել այնքան «ծեծված» փոփոխությունները, ինչպես ժողովուրդն է ասում` մի ծաղկով գարուն չի գա:

Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն ասում է մի բան, բայց անում դրա ճիշտ հակառակը, կարելի է ենթադրել: Քանի դեռ ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ են “հայտնի մեխանիզմներ”, քանի դեռ չեն լինելու իրապես ազատ, արդար ընտրություններ, խոսքն ու գործը երբեք էլ չեն համապատասխանի: Ինչպե՞ս կարող են զանց առնել  այն անձանց, ովքեր ընտրություններին ձայներ են ապահովելու:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» սոցիալիստական կարգախոսով: Համամասնական ընտրացուցակում 85 մարդ է ընդգրկված: Ներկայումս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների մոտ կեսը ցուցակում չկա: «Կուսակցությունն այդ ընկերներին այլ կարևոր տեղերում է տեսնում»,- բացատրում է Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ ցուցակը գլխավորում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը: Կան նաև նոր դեմքեր` Արմեն Բաբայան, Իշխան Սաղաթելյան, Նունե Պետրոսյան, Վահրամ Թամազյան և այլք:

Վահան Հովհաննիսյանի խոսքով` ՀՅԴ ցուցակն ամենահաջողվածն ու մրցունակն է. «Եթե ցանկը վերցնենք ու շրջենք հակառակ հերթականությամբ, ոչինչ չի փոխվի»:

Անհայտ  սկզբունքներով է կազմվել ԲՀԿ ցուցակը, մամուլում անգամ լուրեր էին շրջանառվում, որ 20-րդ հորիզոնականից հետո անունները վիճակահանությամբ են որոշվել: Այստեղ ցուցակը գլխավորում են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Վարդան Վարդանյանը, Գուրգեն Արսենյանը, Սամվել Բալասանյանը, Նաիրա Զոհրաբյանը:

Ցուցակը զերծ չէ նաև գործարարներից, օրինակ` Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), Հարություն Քուշկյան: Այստեղ են նաև նախկին ԱԺՄ-ական և ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական  Միքայել Մելքոնյանը, նախկին ՕԵԿ-ական Թամարա Պողոսյանը, նախկին կոմունիստ, ՀԺԿ-ի, «Ազգային միաբանություն» և «Դաշինք» կուսակցությունների ցուցակով ընտրություններին մասնակցած Հմայակ Հովհաննիսյանը:  Նշենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է «Հավատա, վստահիր, պահանջիր»:

ՕԵԿ-ի կարգախոսն է «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»: ՕԵԿ-ն իր համամասնական ցուցակը հրապարակեց ՀՀԿ-ից հետո: Որոշ լրատվամիջոցներ անգամ հումորով գրում էին, թե ՕԵԿ-ի ցուցակը կազմելու է Սերժ Սարգսյանը:

Ցուցակը գլխավորում են Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը: Ընդգրկված են նաև ՕԵԿ-ական նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը, Մանուկ Վարդանյանը, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, նախկին ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը: Այս անգամ ՕԵԿ-ը ամբիոններից բարձրագոչ ելույթների փոխարեն ջեմ և սուրճ է բաժանում բնակիչներին: Համագումարում էլ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կուսակցության անդամների  թիվը 160 հազարի է հասնում: Եթե կուսակցության բոլոր անդամները քվեարկեն ՕԵԿ-ի օգտին, հավանական է, որ նա ներկայացված կլինի ԱԺ-ում:

Հետաքրքրական է «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքի ընտրացուցակը: Այստեղ ընդգրկված են հանրության տարբեր խավերը ներկայացնող անձինք: Ցուցակի առաջին հորիզոնականներում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանը:  Ցուցակում են նաև Արման Մուշեղյանը, որը հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի ներկայացուցիչ է,  ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը, տնտեսագետներ, մանկավարժներ, միջազգայնագետներ և այլք: «Ժառանգություն» խմբակցության ներկայիս պատգամավորներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը 14-րդ և 16-րդ հորիզոնականներում են:

Հայտնի չէ, սակայն, թե այս երկու քաղաքական ուժերի միավորումից ինչ կստացվի, ինչ դիրքորոշում են ունենալու դաշինքի ներկայացուցիչները, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Երբ հայ-թուրքական արձանագրությունների հարցն արդիական էր, «Ժառանգությունը» դեմ էր դրանց, իսկ մյուս քաղաքական ուժը` հակառակը:

Հապաղում է ցուցակը հրապարակել ՀԱԿ-ը: Սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Խաչատուր Սուքիասյանը:

Դիտվել է 2046 անգամ:
Print Friendly

Leave a Reply