Վարչապետը Գագիկ Բեգլարյանի` ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում հայտնվելը շատ բնական է համարում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 20:46

ՀՀԿ ցուցակում առկա «քաղաքական դինոզավրերի» մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Քաղաքական գործիչներին տարբեր գնահատականներ են տրվում վերլուծաբանների ու ընդդիմախոսների կողմից, բայց ընտրություններն այն պահն են, երբ պետք է հասկանալ, արդյո՞ք այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը»:
Նրա խոսքով, ժողովրդի վստահության քվեով է որոշվում, թե ով է հնամաշ և ով հմուտ ու փորձառու քաղաքական գործիչ: «Կարեն Դեմիրճյանի մասին կարելի էր ասել, որ նա հին կոմունիստական ռեժիմի քաղաքական գործիչ է, բայց անցան տարիներ, ժողովրդի վերաբերմունքը փոխվեց նրա նկատմամաբ, ու նա ունեցավ բավական մեծ վարկանիշ,-հիշեցրեց վարչապետը,-չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչներին պետք է այդպես բնութագրել, թողենք դա մեր ժողովրդին»:
«Անկախ»-ի հարցին, թե ինչով կբացատրի ՀՀԿ համամասնական ցուցակի «բարձր հորիզոնականներում» Գագիկ Բեգլարյանի հայտնվելը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ դա շատ բնական է, քանի որ սկզբունքն այնպիսին է, որ գործադիր մարմնի անդամներն առաջին տեղերում են:

Գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ վարչապետն ասաց. «Նա մարդ է, ով իր կենսագրությամբ ապացուցել է, որ ինքն այս պետության ու ժողովրդի նվիրյալ զավակն է: Կարծում եմ, որ մեր ընտրողները շատ հարգալից են վերաբերում մեր հերոսներին, հատկապես Արցախյան ճակատամարտի հերոսներին: Հենց դրանով էլ պայմանավորված է, որ նման մարդիկ մեր ցուցակում կան»:
Վարչապետի խոսքով, ՀՀԿ-ն իր ցուցակում բազմազանություն է ապահովվել` ոչ միայն քաղաքական գործիչներ և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլև մտավորականներ, մշակույթի գործիչներ: «ՀՀԿ-ն մի ուժ է, որը պետք է համախմբի բոլոր կարող ուժերին»,-կարծում է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ լրագրողներին հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն հավատարիմ է մնալու իր հայտարարությանը, ըստ որի իրենց ցուցակով խորհրդարան ձեռներեցներ մուտք չեն գործելու:
Վարչապետը մեկնաբանեց նաև ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնչեցրած կոշտ հայտարարությունները, որտեղ քննադատվում էր երկրի սոցիալ տնտեսական վիճակն ու կառավարության գործունեությունը: Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ դա կոշտ հայտարարություն էր. «ԲՀԿ-ի մեր գործընկերները մեզ հետ միասին զբաղվում են երկրի համար արդիական սոցիալ-տնտեսական խնդիրների, այդ թվում առողջապահական, քաղաքաշինական, սոցիալական ապահովության հարցերի լուծմամբ»,-հայտարարեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի մի մասն է` ակնարկելով, որ այդ դեպքում քննադատությունը նաև իրենց է ուղղված: «Ինքնաքննադատությունը լավ է, և հենց դա է երաշխավորում այդ խնդիրների հետագա շտկումը»,-ասաց նա:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply