Հայտնի դարձավ նաեւ ԵԽԽՎ 30 դիտորդների ղեկավարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2012 17:45

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մարտի 20-ին նամակ է հղել Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ առաքելության վերաբերյալ:

Նամակում մասնավորապես հիշատակված է, որ մարտի 2-ին ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ բյուրոն ձեւավորել է ժամանակավոր հանձնաժողով՝ բաղկացած Վեհաժողովի տարբեր խմբակցությունները ներկայացնող 30 անդամներից՝ դիտարկելու այս ընտրությունները. «Ես նշանակել եմ բարոնուհի Նիքոլսոնից՝ (Միացյալ Թագավորություն, ALDE) որպես նախագահ»:

Նամակում նաեւ նշած է, որ ապրիլի 10-14-ը ԵԽԽՎ 5 պատվիրակներից բաղկացած նախընտրական պատվիրակություն կայցելի Երեւան՝ դիտարկելու քաղաքական իրավիճակը եւ ընտրություններին նախապատրաստության վիճակը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ՝ Ուինթերբուրնի բարոնուհի Էմմա Նիքոլսոնը մասնակցել էր Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի մարտի 13-ի քննարկմանը, եւ հայտնել, թե քարոզարշավի ընթացքում ուշադրություն են դարձնելու, թե քաղաքական բանավեճերի ինչպիսի մթնոլորտ է տիրում:

 

aravot.am

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply