«Դուք Ձեզ անկարգ եք պահում…» Նիկոյանը` Լարիսա Ալավերդյանին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 21, 2012 17:37
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տհաճ միջադեպ տեղի ունեցավ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի միջև:
Ալավերդյանը իր հարցի ժամանակ անդրադարձավ այսօր խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությանը` նշելով, որ քվեարկության ժամանակ հակասություն կար դահլիճում նստածների թվի և լուսատախտակի տվյալների միջև:
Ալավերդյանը կառավարությանը հարցրեց, թե ինչ մեխանիզմներ կան, որպեսզի նման «օրինազանցությունները» չկրկնվեն: Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարը: Պատասխանը, սակայն Ալավերդյանին չբավարարեց և նա կրկին հարցը բարձրացրեց: Նիկոյանը բարկացած հիշեցրեց, որ այսօրվա քվեարկության ժամանակ այդ հարցը բարձրացրել է Անահիտ Բախշյանը, որից հետոբ հատ-հատ բոլորին հաշվել են, և Բախշյանը ներողություն է խնդրել սխալվելու համար:
Երբ Լարիսա Ալավերդյանը կրկին ցանկացավ խոսել, Նիկոյանն անջատեց նրա խոսափողն` ասելով. «Ես գիտեմ, տիկին Ալավերդյան, որ դուք անվերջ խոսելու ցանկություն ունեք, բայց մեր 5 տարվա ժամանակը սպառվել է,-ասաց նա, ապա տեսնելով, որ Ալավերդյանը շարունակում է խսել նաև առանց խոսափողի` շարունակեց,-միևնույնն է, Ձեր խոսելու մարմաջը Դուք չեք կարող բավարարել, արդեն պրծնում է 4-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակը, ինչքան էլ Դուք խոսեք, չեք բավարարվելու, չի օգնելու Ձեզ դա, նիստից հետո ես Ձեզ հնարավորություն կտամ անվերջ խոսելու, գիտեմ, որ Դուք ևս 5 տարի խոսելու ցանկություն ունեք»:
Ալավերդյանը նորից չդադարեցրեց իր խոսքը` անտեսելով Նիկոյանի հորդորները, և վերջինս այլևս չդիմացավ. «Դուք Ձեզ անկարգ եք պահում` որպես կին, անհարմար է, տարիքով կին եք…»,-խրատեց Նիկոյանը:
Երբ Ալավերդյանն, ի վերջո, դադարեց խոսել և վերադարձավ տեղը, Նիկոյանն արձագանքեց. “Այո, այո, մենք Ձեզ 5 տարի ժամանակ կտանք խոսելու համար…”:






Facebook
Tweet This
Email This Post
