Անվանական զենք նվիրելու իրավունքը կսահմանափակվի նոր օրենքի նախագծով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 11, 2009 16:19

zenqԱյսօր ԱԺ-ում «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց` 64 կողմ, 8 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը նախատեսում է սահմանափակել որպես պարգև տրվող զենքի շրջանառությունը:

Ըստ «Զենքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի` պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը և ազգային անվտանգության ծառայության պետն իրավունք ունեն զենքով պարգևատրել ինչպես ենթակա զինծառայողներին, այնպես էլ երրորդ անձանց: Զենք նվիրելու իրավունք ունեն նաև Հանրապետության նախագահն ու վարչապետը, իսկ ԱԺ նախագահը` ոչ:
Օրենքի նոր նախագծով` պաշտոնատար անձինք իրավունք կունենան զենքով պարգևատրել բացառապես իրենց ենթակա ծառայողներին:
ԱԺ Պաշտպանության, ԱԱԾ և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը բացատրում է, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում զենքի ավելցուկով, «ինչը բնական է այն պետությունների համար, որոնք անցել են պատերազմական ժամանակաշրջան»:
Այս օրինագծով նախատեսվում է նաև ԱԺ նախագահի կողմից զենքի նվիրատվություն:
Պաշտպանության նախարարն իրավունք կունենա զենքով պարգևատրել բացառապես պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություն մատուցած զինվորականներին, Ոստիկանության պետը` ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարած ոստիկանության ծառայողներին, իսկ Ազգային անվտանգության ծառայության պետը` ՀՀ-ին նշանակալի և բացառիկ ծառայություններ մատուցած ազգային անվտանգության ծառայողներին:
2008թ.-ի դեկտեմբերին Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, սպանել էր «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին և դիմել փախուստի: Սպանությունը կատարվել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս տեղեկությունը հաստատել է միայն ապրիլ ամսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նախկին վարչապետի նվիրած հրազենով ևս մեկ սպանություն է կատարվել 2004թ.-ի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Սասունցի Դավթի արձանի մերձակայքում գտնվող «Եվրոֆուտբոլ» ակումբի մոտ: Գլխի շրջանում ստացած հրազենային վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր 33-ամյա Աշոտ Վասիլյանը: Նա Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բաժնի նախկին պետ, գնդապետ Ալեքսանդր Վասիլյանի որդին է:
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Վասիլյանի գլխին հրազենով վնասվածքներ է հասցրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանը՝ ՀՀ վարչապետի կողմից իրեն նվիրված անվանական զենքով՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակով: Հետո տեղեկատվությունը սրբագրվեց և հայտարարվեց, թե կրակողը եղել է թաղապետի քրոջ որդին՝ Արման Բադալյանը՝ իրեն պատկանող զենքով: Վերջինն էլ ենթարկվեց պատասխանատվության:
Օրենքի նախագծով` մաքսային, հարկային և փրկարար ծառայությունների պետերի իրավասություններից հանվելու է անվանական զենքով պարգևատրելու իրավունքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ թեև դեռ ծանոթ չէ օրենքի նոր նախագծին, բայց կարծում է, որ «ճիշտ կողմից չեն սկսել զենքի նվիրատվության սահմանափակում մտցնելը, չնայած սահմանափակում պետք է. «Որքան սահմանափակեն զենքի քանակը, այնքան լավ, բայց որքանո՞վ է ճիշտ, երբ պատերազմի բովով անցած փրկարար ծառայության աշխատակցին չես կարող պարգևատրել զենքով»:
Նախագիծն օրենք դառնալուց հետո այն հետադարձ ուժ չի ունենալու, այսինքն՝ նախկինում պարգևատրված երրորդ անձինք շարունակելու են զենք կրել:
Ըստ ամենայնի, օրենքը կընդունվի աշնանը:

Դիտվել է 3623 անգամ:
Print Friendly

Leave a Reply