Ութ բուհեր պատրաստվում են հավատարմագրման

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 21, 2012 11:23

Մարտի 22-ին և 23-ին «Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ու  Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie)  կիրականացնեն սեմինարների երկրորդ շարքը` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ:

Սեմինարները  նպատակ ունեն 8 հավատարմագրվող բուհերին նախապատրաստելու` գործընթացն իրականացնելու համար:  Հիշեցնենք, որ այդ բուհերն են  Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:

Սեմինարների առաջին օրվա ընթացքում բուհերը կքննարկեն ինքնավերլուծության իրականացման մեխանիզմները, յուրաքանաչյուր բուհի առաքելությանը, նպատակին, կրթական ծրագրերին եւ որակի ներքին ապահովմանը վերաբերող նախնական ինքնավերլուծությանը: Երկրորդ օրը նվիրված  կլինի որակի ներքին ապահովման ձեռնարկի մշակմանը, որը կնպաստի բուհերի որակի ներքին ապահովման աշխատանքների համակարգմանը: Կներկայացվեն որակի ապահովման մշակույթի ձեւավորման տարրերը, տերմինները, ինչպես նաեւ նախկինում իրականացված փորձնական հավատարմագրման լավագույն փորձերը:

Սեմինարին ներկա կլինեն «Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության տնօրեն Ռուդի Դերդելինքսը,  ոլորտի փորձագետներ, ինչպես նաև փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակից  8 բուհերի որակի ապահովման պատասխանատուներ :

Հավելենք, որ սեմինարներն անցկացնելու են  Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս  շուրջ 2 տարի աշխատելու են ՀՀ-ում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոնին միջազգային ճանաչման եւ հայաստանյան բուհերի հավատարմագրման գործընթացն իրականացնելու  համար:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply