Մաշտոցի այգում կրպակների կողքին կլինեն նաև ասֆալտապատված լայն ճեմուղիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2012 10:31
Մաշտոցի այգին բնապահպան ակտիվիստները ժամանակավոր փոխանցել են «Կենտրոն համայնք» ՍՊԸ-ի աշխատակիցներին, որոնք այսօրվանից արդեն մաքրման աշխատանքներ են իրականացնում: Այգում ոռոգման համակարգ է անցկացվում, մշտադալար ծառեր տնկելու համար անցքեր են փորվում, հատուկ ծաղկանոցներ են առանձնացվում:
Դրան զուգահեռ Աբովյան փողոցից այգի տեղափոխված կրպակները շարունակվում են շրջափակված մնալ ոչ միայն երկաթյա արգելապատնեշներով, այլ նաև  ոստիկանների հերթափոխներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր մեկնարկել են Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Նախագծի համաձայն` պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը և աստիճանահարթակները:
Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաև աղբամաններ: Տարածքը կապահովվի նաև գիշերային լուսավորությամբ: Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում  կանաչապատման, ծաղկապատման և պուրակի ընդհանուր ձևավորման ուղղությամբ:
Քաղաքապետարանի նման նախագիծը բնապահպանները ողջունում են և հիշեցնում, որ դրան զուգահեռ ի վերջո այգին կմաքրվի նաև բետոնապատ կրպակներից: «Իրենք իրենց կլանն ունեն, մենք մեր, և թող իմանան, որ մենք ձեռքներս չենք լվանալու»,-  Tert.am-ի հետ զրույցում բացատրեց բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: Նա հավատացրեց, որ իրենք չեն հրաժարվել կրպակների դեմ պայքարելուց, պարզապես այս պահին   հարաբերական պասիվության շրջանում են:
«Նախածրագրման շրջան է, այդ պատճառով էլ հանդարտ վիճակում ենք գտնվում»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրենք շարունակում են գնալ  այգի և այսօր երեկոյան կոնկերտ  «քաղաքացիական ամբիոն» է  նախատեսված: «Ուրբաթ օրը երգի երեկո է լինելու, որի անցկացման կազմակերպչական գործն ինձ վրա է»,-ասաց նա:

Tert.am

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply