Կովալենկո Շահգալդյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում Կոտայքի մարզի չարաշահումների մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 21, 2012 6:57

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում Կոտայքի մարզպետարանում չարաշահումների մեջ:

«Կարծում եմ Վերահսկիչ պալատը համեմատություն անելու պարագայում պետք է ասի, որ Կոտայքի մարզպետարանում խախտումներն անհամեմատ քիչ են»,-այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Կովալենկո Շահգալդյանը` արձագանքելով Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից օրերս հաստատված տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպետարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) եւ քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններին:

Հարկ է նկատել, որ ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է` 113 միլիոն դրամ: Ամենամեծ չարաշահումները շինարարության բնագավառում են, հետո հողի վարձատվության եւ գույքահարկի գծով բազայից դուրս մնացած ապառքների, ինչպես նաեւ Հրազդանի աղբահանության գծով: Մարզպետի խոսքով, շինարարության հետ կապված արձանագրվել է 18 միլիոն դրամի անորակ աշխատանք եւ 4 միլիոն դրամի հավելագրում:

«Որպեսզի պատկերավոր լինի, ասեմ հետեւյալը. ստուգվել են շուրջ 1 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ եւ չեմ կարծում, որ այդ 4 միլիոնը շատ մեծ թիվ է: Ինչո՞ւ, որովհետեւ դեռեւս Հայաստանի առաջնակարգ շինարարական տեխնոլոգիաներն ամբողջովին ներկրված չեն: Այսինքն` դեռեւս բանվորի աշխատանքից է կախված ամեն ինչը: Մյուսն էլ այն է, որ իրենք ստուգել են 4 տարվա շինարարություն: Այնպես, որ ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել: Անորակ աշխատանքի հետ կապված թերությունները եղանակների տաքանալուն պես կուղղենք, իսկ մեղավորները կպատժվեն»,-ասաց նա:

Մարզպետն առաջարկեց վերցնել մի քանի այլ գերատեսչություններում հայտնաբերված խախտումները եւ համեմատել Կոտայքի մարզպետարանում հայտնաբերված խախտումների հետ, որից հետո, ըստ նրա, պարզ կլինի, որ իրենց մոտ հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները չեն եղել այն մասշտաբների, ինչպես փորձում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ:

«Շինարարության 2.2 միլիոն դրամն արդեն ստուգման ընթացքում վերադարձվել է պետբյուջե: Մնացել է 1.8 միլիոն դրամը, որն այս ամսվա ընթացքում կվերականգնվի, իսկ անորակ աշխատանքների մասով սպասում ենք եղանակային պայմանները տաքանան, որ 10-15 օրվա ընթացքում ամբողջությամբ անենք: Մինչեւ ապրիլի 1-րը բուժհիմնարկները կվճարեն: Ամեն մի բուժհիմնարկում չարաշահումները 7-8 հարյուր միլիոն դրամ է եղել ընդամենը: Դպրոցներինն էլ արդեն վերականգնված է»,- ընդգծեց Կովալենկո Շահգալդյանը:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply