Անահիտ Բախշյանը չի խնայի, անգամ, Լյովային…

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2012 16:03

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն, ում անունը կուսակցության համամասնական ցուցակում 14-րդն է, այսօր մեծամասնական կարգով առաջադրվելու դիմում է ներկայացրել թիվ 12 ընտրատարածքում (Երևանի Շենգավիթ վարչական շրջան):

Անահիտ Բախշյանի ամենաուժեղ հակառակորդն այնտեղ բոլորովին վերջերս ԲՀԿ-ին անդամակցած  ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն է, սակայն կին պատգամավորն իր շանսերը բավականին մեծ է համարում:

«Անկախ»-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց, որ ընտրատարածքը պատահական չի ընտրել «Այնտեղ է գտնվում այն դպրոցը, որտես ես 8 տարի տնօրեն եմ եղել,-ասաց նա,- իմ նախաձեռնությամբ այդ դպրոցում դրված ծրագրերը, որոնք Հսյաստանի համար բոլորովին նորարարություն էին, այսօր դարձել են պետական քաղաքականություն»:

Բախշյանը, շեղվելով բուն հարցից, կրկին մեծ ոգևորությամբ վերհիշեց իր դպրոցն ու իր ծավալած գործունեությունը` շեշտելով, որ այսօր կրթական պետական քաղաքականություն դարձած 4 հենասյուները` քաղաքական, քրիստոնեական, ներառական և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված կրթություն, դեռևս 1999 թվականից են գործում թիվ 27 դպրոցում:

Այնուհետև, անցնելով բուն հարցին, Բախշյանն ասաց. «Այդ ամբողջ համայնքի ժողովուրդը` տատիկների´ մակարարդակով, այդ կրթության կրողներն են, ուստի իմ ընտրվելու շանսերը բարձր եմ գնահատում»:

Ինչ վերաբերում է Լյովա Խաչատրյանին, ապա Բախշյանը մի քիչ անակնկալի է եկել` տեղեկանալով, որ նա ևս այդ տարածքում է առաջադրվել, քանի որ իր առաջադրվելու մասին նրա հետ զրուցել է, սակայն Լյովա Խաչատրյանն իրեն չի հայտնել, որ ինքն էլ է այնտեղ առաջադրվելու. «Լյովան իմ խորհրդարանական գործընկերն է, որի հետ լավ, ընկերական հարաբերություններ եմ ունեցել, բայց եթե հանկարծ նա կամ որևե մեկը փորձի էնտեղ կեղծիք անել, ինչը ես հաստատ հայտնաբերելու եմ, որովհետև զորեղ բանակ ունեմ, որն ամեն տեղ է լինելու և ամեն ինչ է տեսնելու, չե´մ խնայի, անգամ, Լյովային»,-հայտարարեց նա:

Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրվել են նաև «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Դիտվել է 2264 անգամ:
Print Friendly

Leave a Reply