Հովհաննես Թամամյանի համար 4 տարվա ազատազրկում պահանջեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 20, 2012 15:40

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` մարտի 20-ին, մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանից 4 տարվա ազատազրկում է խնդրել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի համար:

Մեղադրողը ներկայացրեց իր ամփոփիչ եւ մեղադրական ճառը, որում նշեց, որ երկու քրեական գործերով ամբաստանյալ Հովհաննես Թամանյանը, Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյան չարաշահել են իրենց լիազորությունները: Նա նաեւ նշեց, որ գործում կան մեղմացուցիչ հանգամանքներ, մասնավորապես, նրանք նախկինում դատված չեն եղել, խոստովանել են իրենց մեղքը, բազմիցս խրախուսվել են, ուստի խնդրեց Հովհաննես Թամամյանին դատապարտել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)` 1-ին մասով 2 տարի, իսկ 2-րդ մասով 3 տարի եւ վերջնական պատիժ նշանակել 4 տարի ազատազրկում: Նաեւ զրկել պետական մարմիններում 2 տարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Իսկ Արմեն Պողոսյանի եւ Վահան Խանզադյանի մասով առաջարկեց դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել:

Պողոսյանի եւ Խանզադյանի պաշտպանները եւս ելույթ ունեցան եւ խնդրեցին դատարանին մեղմ վարվել իրենց պաշտպանյալների նկատմամբ, իսկ Հովհաննես Թամանյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատարանից 3 օր ժամանակ խնդրեց իր պաշտպանական ճառին պաշտպանվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին ժամը 16-ին: Ի դեպ, դատախազի միջնորդությունն ակնհայտորեն անկանկալի էր բերել թե Թամամյանին, թե նրա պաշտպաններին: «Զինվեք համբերությամբ»,- լրագրողներին ասաց զայրացած Թամամյանը, երբ հեռանում էր դահլիճից:

Հիշեցնեք, որ նախորդ դատական նիստում Խանզադյանը, Պողոսյանն ու Հովհաննես Թամանյանը իրենց մեղավոր էին ճանաչել կատարած հանցանքում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

NEWS.am

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply