ՍԻՄ-ը չի լուծարվի` չնայած ՀՀԿ-ի հետ գաղափարների ընդհանրությանն ու համատեղ ընտրացուցակին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 20, 2012 15:12
ՍԻՄ-ն ընտրություններին ՀՀԿ-ի հետ է մասնակցելու, վերջինիս համամասնական ցուցակում ընդգրկված են կուսակցության 3 ներկայացուցիչներ` Հայկ Բաբուխանյանը, ՍԻՄ փոխնախագահ Արտակ Գրիգորյանը և երիտասարդական թևի առաջնորդ Ռաֆայել Ավետիսյանը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Բաբուխանյանը ընտրություններին համատեղ մասնակցելը պայմանավորում է գաղափարների ընդհանրությամբ. «ՍԻՄ-ը 1989-ից համագործակցել է ՀՀԿ-ի հետ, ես որպես ՍԻՄ-ի փոխնախագահ, 1992-ին ղեկավարել եմ ՀՀԿ-ի պաշտոնաթերթը: Վերջերս էլ շատ ակտիվ համագործակցել ենք, գաղափարախոսությամբ պայմանավորված շատ նախաձեռնություններ համընկել են»:
Բաբուխանյանի խոսքով` 2011-ի դեկտեմբերին կուսակցության համագումարում որոշվել է, որ պետք է աջակցեն ազգային պահպանողական ուժերի միավորմանը: «Իսկ որպես ազգային պահպանողական ուժերի առաջնորդ ընդունում ենք երկրի նախագահին: Ուստի կուսակցությունը այլոց հետ միավորվեց Սերժ Սարգսյանի քաղաքականությանը աջակցելու և ազգային պահպանողական քաղաքականությունը դեպի հաղթանակ տանելու»,- ասում է Բաբուխանյանը:
ՍԻՄ ղեկավարի խոսքով, չնայած ՀՀԿ-ի հետ գաղափարների ընդհանրությանը և համատեղ ընտրացուցակին, կուսակցությունը չի լուծարվի. «ՍԻՄ-ը որպես երկրի ամենահին կուսակցություններից մեկը, որ 1988-ին է ձևավորվել, ինքնին քաղաքական մեծ արժեք ու քաղաքական դպրոց է, իր ներդրումն ունի երկրի անկախության մեջ, ունի իր ուրույն ձեռագիրը, որն այսօր համահունչ է ՀՀԿ-ի ձեռագրին, ինչը թույլ տվեց, որ ընդգրկվենք միասնական ցուցակում»:
Բաբուխանյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակը բնորոշում է որպես լայն ճակատ, որում ընդգրկված են 7 կուսակցություններ, ԵԿՄ-ն, հայրենակցական միություններ և այլն: Իսկ «լայն ճակատի» անհրաժեշտությունն այսպես է մեկնաբանում. «Լայն ճակատը ստեղծված է որ կարողանանք երկրում կյանքը դեպի լավը բարեփոխել»:
Նրա կարծիքով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգում կստանա քվեների 50 տոկոսը:






Facebook
Tweet This
Email This Post
