Հայոց ցեղասպանության մասին գերմանալեզու արխիվները թարգմանվել են թուրքերեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 13:23

Ստամբուլում մարդու իրավունքների հայտնի պաշտպան եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն նույնիսկ բանտում չի դադարեցնում հայանպաստ գործունեությունը: Նա համագործակցել է Տորոնտոյում «Զորյան» ինստիտուտի հետ` ստեղծելու հետազոտությունների եւս մեկ ենթակառույց թուրքերի եւ հայերի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադայի «Զորյան» ինստիտուտից: Զարաքոլուն 2011թ.-ից գտնվելով բանտում` ջանքեր է գործադրել` բարձրաձայնելու 1915 թ-ի հայկական ողբերգության պատմական ճշմարտությունը: 2012 թ-ի հունվարի 12-ին Զարաքոլուի «Բելգե Յայընլարը» հրատարակչատանը լույս է տեսել «Գերմանական փաստաթղթեր. Հայոց ցեղասպանությունը 1915-1916 թթ-ին: Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվների փաստաթղթեր» վերանագրով  գրքի թուրքերեն լեզվով հրատարակությունը: Գերմանիայի արտգործնախարարության քաղաքական արխիվների այս փաստաթղթերը  կազմվել եւ խմբագրվել են գերմանացի լրագրող, պատմաբան եւ թարգմանիչ Վոլֆգանգ Գուսթի կողմից, որի բնօրինակը հրատարակվել է գերմաներենով: Այս գրքի բնօրինակը տասը տարիների հետազոտությունների արդյունք է, որի խմբագրությունը եւ թարգմանությունը վերահսկել են Վոլֆգանգ եւ Սինգրիդ Գուսթերը: Զարաքոլուի այս նոր գիրքը «Ստեղծել գիտելիքների միասնական մարմին» անունով նախագծերի մի մասն է կազմում: Վերջինիս հետ մեկտեղ` Զորյանի ինստիտուտը ջանում է օգնել` լրացնելու մարդկանց տեղեկացված չլինելու բացը գիտական հետազոտությունների միջոցով, ինչպես նաեւ թուրքերեն եւ այլ լեզուներով Հայոց ցեղասպանության մասին անվիճելի հրապարակումներով` դրանք տարածելով Թուրքիայում եւ այլ երկրներում:  «Ստեղծել գիտելիքների միասնական մարմին» նախագիծը ներառում է նաեւ այլ փաստագրական եւ վերլուծական հրատարակումներ, ինչպիսիք են «Հիտլերը եւ Հայոց ցեղասպանությունը», «Վճիռը Ստամբուլում», որոնք նախաձեռնվել են Զորյանի ինստիտուտի կողմից: Գրքի թուրքերեն լեզվով թարգմանությունը տեւել է 7 տարի:

Ռագըփ Զարաքոլուն երկար տարիներ հետապնդվել է թուրքական կառավարության կողմից Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի ազատության, երկրում ապրող փոքրամասնությունների վերաբերյալ իր հանրային դիրքորոշումների համար: Նա դասախոսություններով հանդես է եկել Սան Պաուլոյում եւ այլ երկրներում:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply