Սիրիահայերը երկրում հուզումների հանդարտման հույս ունեն. պատմում են համայնքի ներկայացուցիչները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 13:22

Սիրիահայերը հույս ունեն, որ երկրում գլուխ բարձրացրած տագնապը կհանդարտվի բոլոր կողմերի փոխադարձ զիջումներով եւ պատրաստ են նույնիսկ դրական դեր խաղալ այս ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը նշեց, որ սիրիահայերը վերապահությամբ են վերաբերվում Սիրիայի ընդդիմությանը, որը խիստ ընդգծված կրոնական բնույթ ունի եւ վայելում է թուրքական իշխանության համակրանքը:

Նազարեթ Էլմաջյանի խոսքով` կան սիրիահայեր, ովքեր մտադիր են տեղափոխվել Հայաստան` հույս ունենալով, որ Հայաստանի կառավարությունը բարենպաստ պայմաններ կստեղծի երկրում սիրիահայերի հաստատվելու համար: «Սիրիահայերը վայելում են բոլոր սիրիացիների հարգանքը եւ սերը: Մինչ օրս որեւէ դեպք չի գրանցվել հայերի դեմ: Սակայն երկրի անկայուն վիճակի պատճառով հանցագործությունների թիվն աճել է, եւ դա ազդել է բոլոր սիրիացիների վրա»,-նշեց Էլմաջյանը:

Նա հաստատեց, որ սիրիահայ ոսկերիչներ են առեւանգվել եւ ազատ են արձակվել միայն առեւանգողներին որոշ գումար վճարելուց հետո: Հալեպում որոտացած պայթյունների հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող` Վիգեն Հայրապետյանը, եւ Հալեպի մեկ բնակչուհի` Արաքսի Պետրոսյանը, եւս 5 հայ է վիրավորվել Դամասկոսում մարտի 18-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչը նաեւ ավելացրեց, որ կատարվող իրադարձություններն, անշուշտ, շատ են ազդել սիրիահայ համայնքի վրա: Երկրում տեղի ունեցած դեպքերը ստեղծել են տնտեսական տագնապ: Ինչպես հայտնի է հայ համայնքին պատկանող կրթական, մարզական եւ մշակութային հաստատությունները գոյատեւում են հայերի կողմից հատկացված նյութական օժանդակությամբ, սակայն վերջին իրադարձությունների հետեւանքով խիստ նվազել է հայկական տարբեր միջոցառումների թիվը:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply