«The Independent». «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը դարձել է շատ ադրբեջանցիների տառապանքի պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 8:35

«Եվրատեսիլ-2012»-ն արդեն Ադրբեջանի շատ բնակիչների տառապանք է պատճառել, քանի որ կառավարությունը հազարավոր բնակիչների վտարել է իրենց տներից` մրցույթին պատրաստվելու համար: Այս մասին նշվում է «The Independent»-ում հրապարակված հոդվածում:

«Հաղթելով Եվրատեսիլում ` Իլհամ Ալիեւի կառավարությունը մրցույթի անցկացումը դիտում է որպես գազով հարուստ Ադրբեջանի ծաղկող տնտեսությունը ցուցադրելու հնարավորություն: Իրենց հերթին, ակտիվիստները լավատես էին այն հարցում, թե նման միջոցառումը ավտորիտար ռեժիմին կստիպի մտածել երկրում մարդու իրավունքների հետ կապված ահավոր վիճակի մասին:

Սակայն, այսօր իրավապաշտպաններն ասում են, որ վիճակն ավելի է վատացել», -գրում են բրիտանական պարբերականի վերլուծաբանները:

Նրանք հիշատակում են բնակիչներին բռնությամբ իրենց տներից վտարելու բազմաթիվ դեպքերի մասին:

Ներկայացնելով Ադրբեջանի իրավիճակը` վերլուծաբանները հիշեցնում են, որ ներկայումս Ադրբեջանի բանտերում գտնվում է ավելի քան 60 քաղբանտարկյալ:

«Ոգեւորվելով «արբական գարնան» իրադարձություններով` անցած տարվա մայիսին ընդդիմությունը մի շարք հանրահավքներ կազմակերպեց Բաքվում եւ այլ քաղաքներում: Մասնակիցներից շատերը ձերբակալվեցին եւ բանտերում են, այդ թվում` ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ եւ բլոգերներ»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ «Եվրատեսիլ»-ում Անգլիան ներկայացնող BBC հեռուստաընկերությունը լռություն է պահպանում մրցույթն ընդունող երկրի շուրջ ծագած վիճաբանության առնչությամբ:

Հեռուստաընկերության մամլո քարտուղարը հայտարարել է, որ գիտեն բռնի արտաքսումների մասին` ավելեցնելով, որ իրենց ներկայացուցիչները կհանդիպեն Բաքվում եվրոպական հեռարձակողների միության պաշտոնյաների հետ` հարցը քննարկելու համար:

«Այն պահին, երբ ոչ մի երկիր մրցույթը բոյկոտելու ցանկություն չէր հայտնել` ի նշան բնակիչների ապօրինի վտարման դեմ բողոքի, հարեւան Հայաստանը հրաժարվեց մրցույթին մասնակցելուց այն բանից հետո, երբ նախագահ Ալիեւը նրան համարեց «Ադրբեջանի հիմնական թշնամի»,-եզրափակում են հեղինակները:

NEWS.am

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply