«Հայակ». ամփոփվել են ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխության արդյունքները (լուսանկարներ)

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 19, 2012 18:34

Մարտի 18-ին Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Ազգային կինոյի “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները:

Առաջին “Հայակները” շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ  դրանց հեղինակներին: Հայկական կինոյում ունեցած  ավանդի համար “Հայակ” մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին:

Լավագույն դեբյուտ անվանակարգում մրցանակ ստացավ  Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները,  «Լավագույն վավերագրական ֆիլմ» ` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերիցը»: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  Վարդան Սեդրակյանին:«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մարդ աստծոն» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն  ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):

Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են` Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը` «Օրանժ Արմենիա» ընկերությունը եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հատուկ մրցանակ տրվեց «Օրանժ» ընկերությանը

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply