Հայաստանում կստեղծվեն կամավորական հրշեջ ջոկատներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 17:32

Մարտի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Ֆրանսիայի PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր) տարածաշրջանի պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը, տարածաշրջանային հարցերով Մարսելի քաղաքապետի խորհրդական Գարո Օվսեպյանը, PACA տարածաշրջանի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Բեռնար Բոդիները, PACA տարածաշրջանի միջազգային  հարաբերությունների ծառայության տնօրեն Բեռնար Ֆարնին և նրա տեղակալ Վիլյամ Լալանժը, Ֆրանսիայի Բուշ ֆյու Ռոնի հրշեջ-փրկարարկան  ծառայության տնօրենի փորձագետ-խորհրդական Բեռնար Ժանինը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը և մշակույթի հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենը։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարարը համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները։

– Բազմաթիվ ուղղություններով համագործակցում ենք ֆրանսիացի գործընկերների հետ և կարծում եմ, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Այն վերաբերում է ոչ միայն հրշեջ-փրկարարներին, այլ նաև ԱԻՆ-ում ընդգրկված այլ ծառայություններին, – ասաց Արմեն Երիցյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը նշեց, որ PACA պատվիրակության այցի հիմնական նպատակն է զարգացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։ Տիկին Գինելն ավելացրեց, որ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը մեծ նշանակություն է տալիս ԱԻՆ-ի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն և բավական խոր արմատներ ունի։ Դեսպանությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ-ի հետ` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ։

PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը նշեց, որ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում։ Դրանցից մեկը Հայաստանում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումն է։

– «Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված բոլոր հարցերում։ Լոռու մարզում արդեն ակտիվորեն իրականացվում են կամավորական հիմունքներով հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման աշխատանքները։ Դրանց հիմքում կդրվեն Ֆրանսիական համանման կառույցներում կիրառվող կազմակերպման մոտեցումները, – նշեց պարոն Ալեմանդը։

Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, այլև լուրջ սոցիալական խնդիր կլուծի` ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։

ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության շենքում, այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply