ՀՀ և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև ստորագրված հուշագիրը կնպաստի գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումային դաշտի բարելավմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2012 16:00

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանում է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը:
Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր` մարտի 19-ին: Այն նպատակ ունի ընդլայնել մրցակցային մարմինների երկկողմ հարաբերությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման, տնտեսական մրցակցության քաղաքականության կիրառման համար և ձևավորել միասնական մոտեցում` ապահովելով մրցակցային հավասար պայմաններ` ֆրանսիական և հայկական ընկերությունների համար:

Իր ողջույնի խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ընդգծեց, որ Ֆրանսիան Հայաստանի առևտրատնտեսական կարևոր գործընկերն է. «ֆրանսիան գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով:Այսօր մեր երկրում գրանցված են հայ-ֆրանսիական ավելի քան 155 համատեղ ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել և հաջողությամբ գործում են մի շարք ոլորտներում, մասնավորապես ` հեռահաղորդակցության, խմիչքների արտադրության, բանկային գործի, դեղագործության, բժշկության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն»: Ա. Շաբոյանի խոսքով, օտարերկրյա ներդրումների խրախուսման համար մեծ նշանակություն ունի բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը, ինչին կնպաստեն նաև երկկողմ համագործակցությանն ուղղված նման քայլերը:

Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բրունո Լասերը նշեց, որ երկու պետությունների միջև գոյություն ունի ոչ միայն բարեկամական կապ, այլ նաև խորը և կայուն տնտեսական համագործակցություն: Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը, պ-րն Լասերը նշեց, որ ֆրանսիայում գործող տասնյակ ընկերությունների հիմնադիրները հայեր են:

Իր ելույթում հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր գնահատեց նաև ՀՀ-ում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, իր գոհունակությունը հայտնելով, որ երկու երկրների մրցակցային մարմինների միջև հուշագիրը ստորագրվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկին ընդառաջ: «Մրցակցության խթանումն իր ետեւից տանում է նաեւ մյուս ոլորտները` նպաստելով նրանց զարգացմանը»,-ասաց դեսպանը:

Միջոցառմանը ներկա էին նաև այլ պաշտոնյաներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ: Մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական ընկերություններ «Օրանժ Արմենիայի», «Երևանի կոնյակի գործարանի», «Բյուրո Վերիտասի», «Բաղդասարով Կրիստալ Գրուպի», «Եվրոպա» հյուրանոցի և այլ ընկերությունների ղեկավարները, որոնք ներկայացրեցին իրենց հետաքրքրող հարցերն ու կարծիքները մրցակցային խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի և Ֆրանսիայի մրցակցային մարմնի հետ երկկողմ համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղութուններով: Ֆրանսիայի մրցակցային մարմինը կօժանդակի ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մասնավորապես վերապատրաստման նպատակով կկազմակերպվեն ուսումնական այցեր: Ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպվեն սեմինարներ և կոնֆերանսներ, բացի այդ, վերջինները կտրամադրեն խորհրդատվություն` ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ապրանքային շուկաների ոլորտային ուսումնասիրությունների ժամանակ: Հուշագրով նախատեսված է նաև փոխանակել տեղեկատվություն` հայ-ֆրանսիական ընկերությունների հանդեպ իրականացվող վարույթների կամ ուսումնասիրությունների ժամանակ:
Ֆրանսիայի մրցակցային մարմինը ունի քսանհինգ տարվա պատմություն: Բ. Լասերը ղեկավարում է այն 2004 թվականից:

Հանձնաժողովը կարևորում է նման միջոցառումների իրականացումը, քանի որ դրանք նպաստում են երկկողմ գործարար կապերի ամրապնդմանն ու արդար մրցակցային միջավայրի բարելավմանը:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply