Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում են ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2012 15:10

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի հետ։ «Այո, մարտի 15–ին կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,– Tert.am–ին ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Միաժամանակ Վիկտոր Սողոմոնյանն այլ մանրամասներ ներկայացրեց։ «Մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի տետ–ա–տետ հանդիպումը։ Այս հանդիպումը նրանց հերթական հանդիպումներից էր»,– նշեց Սողոմոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է Հայաստանի նախընտրական իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։

«Հանդիպմանը քննարկված հարցերի մասին մանրամասներ ինձ հայտնի չեն ու հիմա կարդում եմ լրատվամիջոցներում գրված այս տեղեկությունները և զարմանում։ Հանդիպմանը քննարկված հարցերից որևէ մանրամասն հայտնի չէ»,– ընդգծեց երկրորդ նախագահի խոսնակը։ Մեր հարցին, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել Քոչարյան–Պուտին հանդիպումը, Սողոմոնյանն արձագանքեց. «Այդ հարցն առանց մեկնաբանությունների»։

Հիշեցնենք, որ հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել էր Ա1+ը, որը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել էր, թե բավականին երկար տևած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։

Tert.am

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply