«Ժառանգության» նախկին քարտուղարը` Րաֆֆի Հովհաննիսյանի «անսկզբունքայնության» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 19, 2012 15:35
«Ժառանգության» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը հայտարարել է ընտրաապայքարից և կուսակցությունից դուրս գալու մասին. Հակոբյանը վիրավորված է և կարծում է, որ “Ժառանգության” համամասնական ցուցակն անարդար եւ անտրամաբանական է:
Նա հայտնել է, որ իր համար անհասկանալի է մնում այն տրամաբանությունը, թե ինչու է կուսակցության վարչության քարտուղարը հայտնվում ընտրացուցակի վերջին հորիզոնականում: “Այդպիսով կուսակցությունն արձանագրում է, որ այդ մարդն իրեն այլևս պետք չէ.-ասել է նա,-իսկ երբ քեզ հեռացնում են, դա նշանակում է` քեզ հեռացնում են կուսակցությունից, այսինքն դա դա փոխադարձ որոշում է”:
Հակոբյանի խոսքով, երբ սկզբում քննարկվում էին ցուցակները, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել: “Ես չեմ ընդունում այդ ամենը, ես սիրում եմ սկզբունքայնություն եւ հստակություն, որ հիմնավորվի` ինչու, քանի որ դա կադրային քաղաքականություն է”,-նշել է նա:
Հակոբյանը նաև հայտնել է, որ 2 տարի կուսակցության մեջ եղած տարիներին ռազմավարական եւ մարտավարական հարցերում նա ունեցել է տարաձայնություններ, և իր որոշումն արդեն այն բարակած թելն էր, որ կտրվեց:
Անդրադառնալով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքինէ Կարինե Հակոբյանը նշել է, որ նման դաշինքը չի կարող ծառայել իր նպատակին: “Ընդհանրապես, դաշինքների կողմնակից եմ, որովհետև մեր քաղաքական դաշտը դրա պահանջն ունի, բայց, ցավոք սրտի, սա իմ պատկերացրած դաշինքը չէ”,-ասել է նա:
Հակոբյանը դեմ չէ ցուցակում երիտասարդներ ընդգրկելուն, սակայն կարծում է, որ նրանք պետք է լինեն իրենց քաղաքացիական դիրքորոշման, ընդդիմադիր կեցվածքով հասարակությանը հայտնի մարդիկ “Թող Մաշտոցի պուրակից մի քանի հոգի լինեին, ո՞վ կդժգոհեր”,-ասել է նա:
Նա հայտնել է, որ այս պահին չի պատրաստվում որևէ կուսակցության մեջ մտնել, սակայն նշել է, որ. “Եթե նոր ուժ ձեւավորվի մեր առողջ ուժերից, գուցե»:
Նշենք, որ “Ժառանգության” համամասնական ցուցակի առաջին տասնյակից դուրս են մնացել նաև Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
