Հատուկ ռեպորտաժ. ինչպես են պատմություն դասավանդում Հայաստանում եւ Ադրբեջանում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 19, 2012 13:50

Երկու երկրներում դասագրքերը պատմության իրենց տարբերակն են մատուցում`նպաստելով փոխադարձ թշնամանքի խորացմանը:

Հայ եւ ադրբեջանցի դպրոցականները չափազանց երիտասարդ են փոխադարձ թշնամանքի պատճառ դարձած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիշելու համար: Սակայն դպրոցական դասագրքերը նրանց պատմությունը ոչ հավասարակշռված ձեւով են մատուցում, եւ փորձագետների կարծիքով այս ամենը կարող է բերել փոխադարձ ատելության խորացմանը:

Երբ երկու երկրները դեռեւս Խորհրդային Միության կազմում էին, տասնամյակներ շարունակ Ադրբեջանում մեծաքանակ հայկական բնակչություն էր ապրում, որի մեծ մասը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ բազմաթիվ ադրբեջանցիներ Հայաստանում էին ապրում:

80-ականների վերջին Ղարաբաղի հայությունը պայքար սկսեց Ադրբեջանից առանձնանալու համար: 1988-ին սկսված ռազմական հակամարտությունը դադարեցվեց միայն 1994-ին`զինադադարի կնքմամբ, որից հետո Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքներն անցան հայկական զինված ուժերի վերահսկողության տակ: Հակամարտության կարգավորման համար այդպես էլ խաղաղ համաձայնագիր չի ստորագրվել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վճռելու ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերն արդյունք չեն տվել:

Հակամարտության ավարտին Ղարաբաղում եւ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները եւ ադրբեջանաբնակ հայերը լքեցին իրենց տները`հայտնվելով փախստականների կարգավիճակում: Երկու ժողովուրդները, որոնք ժամանակին կողք կողքի էին ապրում, այսուհետեւ ապրում էին ունիտար պետություններում` աստիճանաբար ավելի ու ավելի աղոտ պատկերացում ունենալով միմյանց մասին:

Անկախություն 20 տարիների ընթացքում երկու երկրներում մշակվեց պատմությունը ներկայացնելու սեփական տարբերակը, եւ սա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտությանը, այլ նաեւ տասնամյակներ եւ հարյուրամյակներ առաջ եղած իրադարձություններին: Այս ամենն իր արտացոլումն է գտել հայկական եւ ադրբեջանական պատմության դասագրքերում, որոնց բովանդակությունը խիստ տարբեր է եւ որոնց շնորհիվ աշակերտները տարբեր ձեւով են ընկալում հակառակ կողմին եւ իրենց սեփական ժողովրդի անցյալը:

 ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

12-րդ դասարանի աշակերտուհի Աշխենը նշում է, որ գիտի ղարաբաղյան ազատագրական պայքարի հերոսների անունները, պատերազմական գործողությունների պատճառ, ընթացքը եւ ազատագրական նշանավոր օրերը: Աշխենի կարծիքով`առաջիկա դարում առնվազն հայերն ու ադրբեջանցիները միասին խաղաղ ապրել չեն կարող. «Պետք է հրաժարվեն մեր հողերի հանդեպ նկրտումներից, մնացած հողերն էլ վերադարձնեն: Դրանից հետո մի քանի սերունդ անց հնարավոր է, որ հայերն ու ադրբեջանցիներն այլեւս թշնամիներ չլինեն»:

Բաքվի դպրոցներից մեկի 16-ամյա աշակերտուհի Գուլջեննեթ Հուսեյնլին իր հերթին թվարկում է հակամարտության ընթացքում հայկական զինված ուժերի իրականացրած վայրագությունների վայրերը, չնայած չափազանց երիտասարդ է այս դեպքերը հիշելու համար.

«Ինչպե՞ս կարող եմ դա մոռանալ: Նրանք մեր երեխաներին են սպանել Խոջալիում եւ Շուշայում (անվանումների ադրբեջանական տարբերակն է)», – ասում է նա`ակնարկելով 90-ականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, – «Ծնողներս իրենց ընկերներին ու համադասարանցիներին են կորցրել պատերազմի ժամանակ: Նրանք ականատես են եղել փախստականների զանգվածային ներհոսքին Բաքու: Իմ ազգի դեմ հայերի կատարած արյունալի  հանցանքների մասին սովորում եմ դպրոցում` ուսուցիչներիս  եւ դասագրքերի միջոցով»:

Խոսքը Խոջալուի դեպքերի մասին է. ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ 1992-ի հունվարին տեղի ունեցած դեպքերը`քաղաքը լքող հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանդը, Ադրբեջանում ներկայացնում են որպես սարսափելի ողբերգություն: Հայկական կողմը այս դեպքերը հիշում է որպես պատերազմի հերթական դժբախտություններից մեկը, սակայն նշում, որ զոհերի քանակը շատ ավելի քիչ է եղել, քան պնդում է ադրբեջանական կողմը:

Անցյալ ամիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը հանդիպեցին ռուսական Սոչի քաղաքում`ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համաձայնության գալու նպատակով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ միասին հանդես գալով համատեղ հայտարարությամբ`երկու երկրների նախագահները համաձայնության էին եկել մի շարք կետերի շուրջ, որոնցից մեկի համաձայն`երկու երկրների մտավորականները պետք է երկխոսություն սկսեն`փորձելով հաղթահարել կողմերի միջեւ եղած անդունդը:

Հայ երիտասարդության ներկայացուցիչները, սակայն, չեն ցանկանում որեւէ կերպ հաղորդակցվել ադրբեջանցի իրենց հասակակիցների հետ:

21-ամյա Աննան վիրտուալ աշխարհում շատ ընկերներ ունի տարբեր երկրներից: Թուրքերի եւ ադրբեջանցիների հետ շփումներից, սակայն, խուսափում է. «Նրանց հետ առանց վիճաբանության հնարավոր չէ: Զուր տեղը պատմական բանավեճի ենք բռնվում, մեկս մյուսին մեղադրում, փորձում համոզել, բայց ապարդյուն, ամեն մեկս մեր նախկին կարծիքին ենք մնում»:

Աննան պատմում է, որ առաջին անգամ պատմական հարցերի շուրջ բանավեճի բռնվել է տարիներ առաջ: «Մի ադրբեջանցի դպրոցական հանկարծ գրեց ու սկսեց մեղադրանքներ տեղալ, հերքել Ցեղասպանությունը, հայերին որպես զավթիչներ ներկայացնել: Միամտորեն  ասացի, թե դասդ լավ չես սովորել, գնա նորից կարդա»:  Զայրացած «հակառակորդն» էլ դասագրքից է մեջբերումներ արել` ցույց տալու, որ Աննան  դասը չի սովորել: Ադրբեջանցի դպրոցականը տասներորդ դասարանի պատմության դասագրքից հատվածներ է մեջբերել, որտեղ հայերը որակվում են որպես նրանց «հավիտենական թշնամիներ» եւ որտեղ ներկայացվում են 20-րդ դարի սկզբին նրանց կատարած ոճրագործությունները:

Բաքվի պետական համալսարանի Սլավոնական պատմության ամբիոնի վարիչ Թոֆիգ Վելիեւն է այս պատմության դասագրքի հեղինակը եւ պնդում է, որ ճշմարտությունը ներկայացնելու համար ստիպված էր բացասական երանգավորում պարունակող արտահայտություններ օգտագործել:

«Այդ արտահայտությունները հստակ ձեւով են պատկերում հայերին: Ես կկեղծեի պատմությունը, եթե նրանց նման կերպ չներկայացնեի», – ասում է Վելիեւը:

Նույն ոգով են իրադարձությունները նկարագրված Ադրբեջանի պատմության 11-րդ դասարանի դասագրքում, որը ներկայացնում է ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանը եւ հայկական ուժերին որակում է որպես «ֆաշիստներ», որոնք զանազան հանցանքներ են գործել:

Բաքվի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Հասան Նաղիզադեն ասում է, որ պատմությունը նման ձեւով ներկայացնելը ճիշտ է:

«Հեղինակն ադրբեջանցի է: Իհարկե, նա պետք է թշնամանք հրահրի: Հենց այդպես էլ պետք է լինի: Մեզ հաստատապես չեն ցանկանում խաղաղությանը նախապատրաստել: Մեզ պետք չէ խաղաղությունը: Հայերը բազում արյունալի հանցանքներ են գործել մեր դեմ: Խաղաղությունն անհարգալից կլիներ պատերազմում զոհվածների հանդեպ», – ասում է նա:

Ադրբեջանի կրթության նախարարությունը պատմության դասագրքերի ներկա փաթեթը հաստատել է 2000 թվականին: Ֆայիգ Շահբազլին`նախարարության հրատարակչական բաժնի ղեկավարը, նշում է, որ դասագրքերը մշակվել են պատմաբանների կողմից, այնուհետեւ բովանդակային ստուգման են ենթարկվել:

Դասագրքերի պատրաստման պայմաններից մեկը խտրական լեզվի բացակայությունն է եղել:

«Դասագրքերը պետք է ժողովրդավարություն եւ հանդուրժողականություն քարոզեն, ոչ թե ատելություն», – ասում է Շահբազլին:

Սակայն նրա կարծիքով`«ահաբեկիչ», «ավազակ», «ֆաշիստ» եւ «թշնամի» բառերի օգտագործումը չի խախտում այս սկզբունքը:

«Այս բառերը փաստերն են արտացոլում: Նրանք անհանդուրժողականություն չեն սերմանում հայերի նկատմամբ: Դրանք չեն ակնարկում, որ հայ ազգը չարագործ է, այլ պարզապես ներկայացնում է հանցագործությունների հեղինակների ազգային պատկանելությունը», – ասում է Շահբազլին`հավելելով, որ երեխաներն ի վիճակի են տարբերել առանձին հանցանքները մի ողջ ազգից:

Հայաստանում դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Վերջինս 4-5 տարին մեկ մրցույթ է հայտարարում հրատարակչությունների միջեւ: Հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանն ասում է, որ դասագրքի հեղինակն ու հրատարակիչն են միմյանց գտնում, ԿԳՆ կողմից հաստատված կրթական չափորոշիչներին եւ առարկայական ծրագրին համապատասխան դասագիրք կազմում ու ներկայացնում մրցույթին: Առավելագույն միավորներ վաստակած փաթեթն էլ համարվում է հաղթող ու որպես դասագիրք դպրոց մտնում:

ԼՂ հակամարտությունը ներկայացված է հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագրքում: Չնայած այստեղ ներկայացված են ոչ վաղ անցյալի իրադարձությունները, բայց շարադրանքը զուսպ է, հնարավորինս զերծ որակավորող ու զգայական ածականներից: Ամեն ինչ ներկայացված է ժամանակագրական փաստերի հաջորդականության սկզբունքով:

Դասագրքում ԼՂ հակամարտությունը ներկայացված է որպես Ղարաբաղյան ազատագրական պայքար:

Ազատագրական շարժման սկիզբը դասագրքում հետեւյալ կերպ է ներկայացված. «Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանք էր: Իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը: Վերջինս ամենևին չէր հաշտվել պատմական իր տարածքները Ադրբեջանին բռնակցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության հետ:…Արցախահայությունը, հավատալով կուսակցության հռչակած վերակառուցման նոր քաղաքականությանը, պայքար սկսեց սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի`Հայաստանի հետ վերամիավորվելու համար:…1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց: Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին»:

Դասագրքերի տեքստերում բացակայում է ադրբեջանական ժողովրդի վերաբերյալ բացասական քարոզչությունը, քննադատությունն ուղղված է Ադրբեջանի իշխանություններին:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Աղայանի կարծիքով դասագրքերում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի ազատագրման միայն «պաշտոնական» պատմությունը, որը շարադրված է ինքնագրաքննության ռեժիմով, որպեսզի խնդիրներ չծագեն «միջազգային հանրության» հետ:

Աղայանը նշում է, որ դասագրքերի հեղինակները «վախենում են ճշգրիտ ձեւակերպել հիմնախնդրի էությունը, խոսում են անցած, ավարտված պատմության մասին», մինչդեռ առանց ազգային մոտիվացիան եւ խնդրի իմաստը հասկանալու, միայն փաստերը իմանալով հնարավոր չէ կողմնորոշվել:

Արդեն նախկին աշակերտուհի 19-ամյա Անահիտի կարծիքով` դպրոցական պատմության դասագրքերում մատուցված ինֆորմացիան ղարաբաղյան ազատամարտի մասին չափազանց չեզոք է. «Ազգային ոգի չկար այդ նյութում, դասը սովորելուց աշակերտը պետք է ազգային հպարտություն զգա, որ նման քաջ հայրենակիցներ ունի, որ հայությունը նման փայլուն հաղթանակ է կերտել: Մինչդեռ դեպքերի չոր շարադրանքում այդ ամենը կորչում է»:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ, քաղաքագետ Միքայել Զոլյանը միջազգային տարբեր կազմակերպությունների իրականացրած ծրագրերի շրջանակներում ուսումնասիրել է Հարավային կովկասի երկրների նոր եւ նորագույն պատմության շրջանի պատմության դասագրքերը`հասկանալու օբյեկտիվության մակարդակը, ներառված իրողությունների ներկայացման սկզբունքները: Անգամ փորձ է արվել համատեղ դասագիրք կազմել, որը, սակայն, այդպես էլ չի տպագրվել:

Քաղաքագետը նշում է, որ հայկական դասագրքերը համեմատաբար հավասարակշռված են, ոճը զգացմունքային չէ, այլոց ազգային արժանապատվությանը դիպչող բաներ չկան: Սակայն դասագրքերը թերություններից զուրկ չեն. այստեղ պատմական  իրողությունները ներկայացված են միայն հայկական տեսակետից, բացառություն չեն եւ  հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Պատմության դասագրքերից այլ բան սպասել հնարավոր էլ չէ: Չնայած ճիշտ կլինի մյուս կողմի տեսակետն էլ ներկայացվի, անգամ որպես սխալ տեսակետ»:

Ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսովը, որը ժամանակին գրել է ղարաբաղյան պատերազմի մասին, կոչ է անում պատմության դասագրքերի հեղինակներին խուսափել թշնամանք սերմանող արտահայտություններից, եւ չփորձարկել նրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա:

Յունուսովի կարծիքով`ռազմատենչ հայտարարությունները մեծացնում են հակամարտության վերսկսման հավանականությունը:

«Այն թե, ինչպես են նկարագրում հայերին ադրբեջանական դասագրքերում, պարզապես ռասիզմ է: Ատելությամբ, եւ ոչ հանդուրժողականությամբ լի սերունդ է կերտվելու: Այդ դեպքում ինչպե՞ս ենք խաղաղության հասնելու», – տարակուսում է պատմաբանը:

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Սակայն ոչ միայն նորագույն պատմությունն է երկու հարեւան երկրների հակասությունների պատճառը: Պատմական փաստերի անհամապատասխանությունը կապված է նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերի հետ:

Հայոց ցեղասպանության եւ 1918-ի իրադարձություններին անդրադարձ է կատարվում 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում: Առաջին աշխարհամարտը, Հայոց ցեղասպանությունը, ինքնապաշտպանական մարտերը, միջազգային արձագանքը եւ վկայությունները ամփոփված են մեկ գլխում`թեմային 3 դասաժամ է հատկացվում:

Պատմաբան Ռուբեն Սահակյանը նշում է, որ դասագիրքը կոչված է աշակերտին տալու ընդհանուր կրթություն եւ հարկ չկա այն ծանրաբեռնել փաստերով, տարեթվերով ու անուններով, ամեն ինչ մանրամասն կուսումնասիրեն մասնագիտական համապատասխան կողմնորոշման դեպքում:

Ցեղասպանության թեման դասագրքում հեղինակել է Սահակյանը: Նշում է, որ աշխատել է հնարավորինս առանց զգացմունքայնության ներկայացնել պատմական փաստերը, իսկ առավել հավաստիության  համար մեծամասամբ օգտվել է օտար աղբյուրներից. «Փաստը տալիս ես, որ երեխան ինքը վերլուծի, եթե զգացմունք մտցրեցիր, արդեն  օբյեկտիվ չէ»:

Պատմաբանը նշում է, որ  ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում նոր սերնդին սեփական կարծիքը ունենալու, ինքնուրույն վերլուծելու հնարավորություն չեն տալիս. «Ասում են` սա այսպես է եւ վերջ»:

Սահակյանն ասում է, որ պատմության կեղծարարության սկիզբը դրվել է խորհրդային տարիներին, երբ կովկասյան երեք ժողովուրդների միջև հավասարության նշան դրվեց. «Հավասարեցման նշանը մինչեւ հին դարեր հասցրեցին.  եթե հայերը Ք.Ա. հարյուրամյակներ առաջ պետականություն են ունեցել, ուրեմն ադրբեջանցիները եւս:  Արդյունքում ունեցանք կեղծ պատմությունը, որ այսօր ադրբեջանցիները  շրջանառության մեջ են դրել ու զարգացնում են»:

Անկախության առաջին իսկ տարիներից Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել հայոց պատմությունը կեղծիքներից մաքրելու գործընթացին:

«Ներկայացնում ենք իրական պատմությունը` առանց չափազանցությունների,- ասում է Սահակյանը, – «Իսկ ադրբեջանցիների մոտ ամբողջությամբ ավելացված է, իրենց հասցնում են մինչեւ  Ք.Ա 3-րդ հազարամյակ, մինչեւ շումերներ, այն պարագայում, որ իրենք գոյություն չեն ունեցել այդ ժամանակ: Նրանց առաջին ներհոսքը տարածաշրջան դիտվել է 11-րդ դարում»:

Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը եւ վիճարկում զոհերի թիվը, եւ այս տեսակետը կիսում է նաեւ նրա դաշնակից Ադրբեջանը:

Այսպես, Թոֆիգ Վելիեւը նշում է, որ ադրբեջանցի դպրոցականները չեն սովորում հայոց ցեղասպանության մասին, քանի որ նման բան տեղի չի ունեցել:

«Նման բան երբեք չի եղել: Ինչո՞ւ պետք է երեխաներին հորինված պատմություն սովորեցնենք», – տարակուսում է նա:

Պատմական փաստերի անհամապատասխանություններից եւս մեկը կապված է ռուսական հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում Հարավային Կովկասում անկախ պետությունների ձեւավորման գործընթաց սկսվեց:

1918 թվականի իրադարձությունները նկարագրելիս, երբ հայ եւ ադրբեջանական ուժերը պայքարում էին Բաքվի նկատմամբ վերահսկողության համար, հայկական դասագրքերը սահմանափակվում են միայն կարճատեւ անկախության եւ Առաջին հանրապետության ստեղծման, ինչպես նաեւ ԽՍՀՄ կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ նկարագրությամբ: Մինչդեռ ադրբեջանական դասագրքերում ներկայացված են Բաքվում հայերի կողմից ներկայացված զանգվածային սպանությունները:

Բաքվի դպրոցներից մեկի աշակերտուհի Գուլջեննեթը ղարաբաղյան հակամարտությունը կապում է 1918 թվականի դեպքերի հետ`նշելով, որ նույն սցենարը կարող է կրկնվել, եւ որ ադրբեջանցիները պետք է շատ զգույշ լինեն այս առումով:

«Հայերը կոտորեցին ադրբեջանցիներին 20-րդ դարի սկզբին: Մենք մոռացանք այդ ամենի մասին եւ բարեկամներ դարձանք: Եվ ի՞նչ պատահեց: Նրանք նորից մեզ կոտորեցին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ նույնը չեն անի հետագայում», – ասում է նա:

Անդրադառնալով 1918-ի Բաքվի իրադարձություններին` Սահակյանը նշում է, որ Ադրբեջանում դրանք եւս  ամբողջությամբ կեղծված են. «Ամենաբարձրն ո՞վ է գոռում`բռնիր գողին, բնականաբար գողը: Ադրբեջանցիների մոտ խնդիր է դրված Բաքուն դարձնել ադրբեջանական, հայերի թվի գերակշռությունը հիմնավորելու համար կոտորածներ են հորինում, որոնք չեն եղել»:

Խորհրդային միության փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո տպագրված առաջին հայոց պատմության դասագրքի հեղինակային կազմը գլխավորել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Այդ դասագիրքն էլ հիմք է դարձել հետագա դասագրքերի ու կրթական ծրագրի համար:

Ներկայումս էլ հայոց պատմության դասագրքերի խմբագիրը ակադեմիկոս Բարխուդարյանն է:

Բարխուդարյանը նշում է, որ դասագիրք գրելիս առաջնային են համարում պատմական ճշմարտությունը պահպանելը: Նրա խոսքով` դասագրքերի ծավալը շատ փոքր է, իսկ պատմական նյութը ծավալուն, ուստի դասագրքերում շարադրանքը հնարավորինս սեղմ է, ընդհանրացված: Իսկ պատմական փաստերից   դասագրքերում ներառում են միայն այն իրողությունները, որոնք հետագա պատմական ընթացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել:

Նա համարում է, որ հայոց պատմության դասագրքերում ներառված են այն իրադարձությունները, որոնք ըստ պատմաբանների կարեւոր ու առանցքային են Հայաստանի համար: Հարեւան երկրի` Ադրբեջանի կողմից շահարկվող Խոջալուի դեպքերը, ինչպես նաեւ 1918 -ի Բաքվի դեպքերը նա համարում է նվազ կարեւոր` հայոց պատմության համար:

«Այնպիսի փոքր դեպքերը, ինչպիսիք են Խոջալուն, 1918-ի Բաքվի դեպքերը, չեն  կարող ներառվել: Կա հստակ ժամաքանակ դպրոցում, որի մեջ պետք է տեղավորվի պատմության ուսումնասիրությունը: Եթե ամեն մանրուք ներառվի, դասագիրքը հսկայական հատորների կվերածվի»:

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ՀՍՏԱԿ ՇԱՐԱԴՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

Ադրբեջանցի պատմաբան Յունուսովը նշում է, որ Բաքվի 1918 թվականի իրադարձությունների նկատմամբ ընտրողական մոտեցումն արտացոլում է անցյալի` ընդունված նկարագրից խուսափելու խնդիրը: Յունոսովի խոսքերով`ադրբեջանցի պատմաբանները կենտրոնանում են միայն 1918 թվականի մարտի դեպքերի վրա, որոնց ընթացքում բազմաթիվ զոհեր են եղել ադրբեջանական կողմում, մինչդեռ նրանց հայ գործընկերներն անդրադառնում են միայն նույն թվականի սեպտեմբերի իրադարձություններին, որոնց ընթացքում Բաքու ներխուժած թուրքական  բանակը հայկական բնակչության կոտորած կազմակերպեց:

Պատմաբանը նշում է, որ նման մոտեցումը սխալ է եւ կարծում է, որ պատմության դասագրքեր կազմելիս կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուսի անցյալի դժբախտությունները ներկայացնի:

«Երկու կողմն էլ պատմությունը որպես քաղաքական խաղ են օգտագործում: Հայ եւ ադրբեջանցի պատմաբանները ձգտում են իրենց երկրների պետական շահերը ներկայացնել: Սակայն պատմաբանը չպետք է հրահրողի դերում հանդես գա. նա չպետք է պետական շահերը ներկայացնի: Պատմաբանը պետք է միայն պատմական փաստերը ներկայացնի», – ասում է Յունոսովը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույնպես դժգոհ է, որ պատմաբանները փոխադարձ մեղադրանքներ են միմյանց ներկայացնում:

«Նյութը պետք է ոչ թե զոհի հոգեբանություն քարոզի, այլ սխալները  եւ դրանցից խուսափելու ճանապարհները ցույց տա»,- ասում է Մելիք-Շահնազարյանը`հավելելով, որ դասագրքերում  ներկայացվածը պարզ թվագրություն է, երեխաներից պահանջվածն էլ այլ բան չէ:

Նա կոչ է անում ավելի հստակ եւ վերլուծական մոտեցում ցուցաբերել պատմական փաստերի վերարտադրման հարցին. «Ստացվում է, որ  մարդը մի շարք փաստեր է իմանում, բայց չի կարողանում դրանք կապակցել մեկը մյուսի հետ»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես կարծում է, որ հայկական դպրոցական դասագրքերի ընդհանուր մակարդակը հեռու է կատարյալից:

«Նույնիսկ բոլորովին վերջերս տպագրված դասագրքերը, որպես կանոն, չեն համապատասխանում նվազագույն պրոֆեսիոնալ չափանիշներին: Սա հատկապես վերաբերում է պատմության դասագրքերին. չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային վարչակարգի վերահսկողությունից եւ գաղափարախոսությունից ազատվելուց հետո այս դասագրքերի հետ կապված մեծ ակնկալիքներ կային, դրանք պարզապես պատահականության սկզբունքով ընտրված պատմական դեպքերի չոր ու ցամաք նկարագիրն են ներկայացնում», – ասում է նա:

Հայկուհի Բարսեղյան «Անկախ» շաբաթաթերթի եւ www.ankakh.com կայքի լրագրող է:

Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է  Ադրբեջանում:

Կովկասյան լրատու # 631

IWPR.net

Դիտվել է 3927 անգամ:
Print Friendly

Leave a Reply